Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 23,2000 00:00

ԱՅՍ ՇԵՆՔՆ ԻՄՆ Է… ՀՀ պետեկամուտների նախկին նախարար, այժմ՝ ՀՀ վարչապետի խորհրդական Գագիկ Պողոսյանը «թուր ու թվանքով» եկավ նախարար։ Սկզբից էլ պարզ էր, որ ստվարաթղթե թուր ու թվանք էր։ Շատերը գիտեին նրա օբյեկտների մասին: Խոսվում էր անգամ, որ նախկին նախարարն այնքան էլ պարտաճանաչ հարկատու չէր: Մենք անդրադարձանք նրա «SAS» խանութին, որն աշխատեցնում է իր բարեկամը, պաշտոնական լրատվամիջոցով իբր թե հերքեց՝ ասելով, այլեւս իրենցը չէ, այլ վարձակալության են տվել։ Բայց, չգիտես ինչու, այդ խանութում հաշվիչ դրամարկղերը իբրեւ գեղարվեստական ֆոն էին ծառայում։ Ընդ որում, հենց նախարար եղած ժամանակ Գագիկ Պողոսյանը վաճառքի հանեց իր շենքերից մեկը, որը գրեթե մինչեւ վերջ կառուցապատված է։ Այն գտնվում է (եւ այժմ էլ դեռ վաճառքի ենթակա է) նախկին Լենինյան քաղմասի կողքին։ Գագիկ Պողոսյանի օբյեկտից քիչ հեռու պետք է կառուցվեր «XXI դար անկախ ասոցիացիայի» նախագահ Արկադի Վարդանյանի «Նազարեթ» հեռուստաընկերության շենքը, որի շինարարական աշխատանքները դադարեցվեցին։ Երեւանի քաղաքապետարանից ճշտեցինք շինարարության դադարեցման պատճառները։ Քաղաքապետի խորհրդական եւ աշխատակազմի ղեկավար Սուրեն Սուրենյանցն ասաց, որ «Նազարեթ» հեռուստաընկերությունը հողահատկացման որոշում ուներ (Բազեյանի օրոք է տրվել), բայց համապատասխան հաստատված հատակագիծ եւ շինարարության թույլտվություն չուներ, իսկ միայն հողահատկացման որոշումը բավարար չէր շինարարություն սկսելու համար։ Մեր տվյալներով, «Նազարեթ» հեռուստաընկերության լինել- չլինելու խնդրում մեծ դեր ունեցավ նաեւ պետեկամուտների նախկին նախարարը. վերջինս ցանկություն ուներ իր օբյեկտին հարող կամ շարունակող տարածքը վերցնել։ Հիշեցնենք, որ այն ժամանակ Արկադի Վարդանյանը դեռեւս ձերբակալված չէր եւ իշխանություններին «ոչ ցանկալի» միտինգն ու երթը չէին եղել։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ Գագիկ Պողոսյանն այդ պայքարից հետո, ի վերջո, որոշել է հետ կանգնել Արկադի Վարդանյանից տարածքը խլելու մտքից եւ վաճառել իրենը։ Պարոն Պողոսյանի սույն օբյեկտի վրա հեռախոսահամար կա՝ գնել ցանկացողների համար։ Որպես գնորդ զանգահարեցի նշյալ հեռախոսահամարով։ Ու, թեեւ իսկապես հավատացին, որ ինչ-որ «Գոլդեն հույզ» ՍՊԸ-ի տնօրենն է իրենց հետ խոսում, այնուամենայնիվ, խնդրեցին շենքի պահակից ճշտել շենքի տիրոջ անունը՝ տիրոջ հետ շենքի գնի համար բանակցելու կապակցությամբ։ Ճշտվեց, որ շենքը իսկապես Գագիկ Պողոսյանինն է։ Պարոն Պողոսյանը հեռախոսազրույցով չհամաձայնեց այդ շենքի կառուցման նպատակի, վաճառքում լինելու փաստի, գնի եւ առքուվաճառքի հարկեր մուծելու մասին պարզաբանումներ տալ։ Խոստացավ դա անել այսօր՝ հանդիպման ընթացքում։ Ինչը եւ հաճույքով կներկայացնենք մեր ընթերցողին։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել