Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 23,2000 00:00

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ԿՃԱՆԱՉՎԵ՞Ն ԱՊՀ-ՈՒՄ Արցախի կրթական փաստաթղթերի՝ ԱՊՀ տարածքում ընդունվել-չընդունվելու հարցը որեւէ լուծում չի նախատեսում։ Հիշեցնենք, որ ԱՊՀ անդամ երկրների կրթության նախարարների հոկտեմբերի 10-ին Երեւանում կայացած խորհրդաժողովը հավանություն էր տվել ԱՊՀ տարածքում միասնական կրթական դաշտի ձեւավորման միջպետական ծրագրին։ Այսինքն՝ սկսվել են ԱՊՀ տարածքում համընդհանուր կրթական դաշտի ձեւավորման աշխատանքները։ Ըստ նախատեսվածի՝ այն իրականություն կդառնա 2005թ.։ Ըստ ՀՀ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանի, խորհրդաժողովի արդյունքում կազմված փաստաթղթերը ստորագրել են բոլոր ներկա նախարարները (թեեւ մինչ փաստաթղթերի վերջնական ստորագրումը, պարոն Ղազարյանը թերահավատ էր այդ հարցում՝ նկատի ունենալով անցյալի փորձը), իսկ բացակա նախարարներին ուղարկվել են փաստաթղթերի օրինակները՝ ստորագրման։ «Պատասխանները գալիս են Մինսկ, որտեղ գտնվում է մեր կոմիտեն։ Ես դեռ չունեմ վերջնական պատասխանները»։ Արցախի կրթական փաստաթղթերի ճանաչման հարցը պարոն Ղազարյանը գնահատեց «շատ բարդ»։ Ըստ նրա, Հայաստանում ճանաչվում են Ստեփանակերտի համալսարանի դիպլոմները, նաեւ դպրոցների ավարտական դիպլոմները. «Մենք նրանց Հայաստանի ատեստատներն ենք տալիս։ Այդ առումով խնդիր չկա։ Գուցե մեր միջոցով ԱՊՀ անդամ երկրներո՞ւմ էլ ճանաչվի։ Բայց պաշտոնական ճանաչում, բնական է, դժվար թե լինի։ Որովհետեւ Ղարաբաղը որպես ինքնուրույն միավոր ճանաչված չէ եւ չի մտնում ԱՊՀ կազմի մեջ, չի ստորագրում էդպիսի փաստաթուղթ։ Այո, կա՛, որոշակի անորոշ վիճակ կա»։ Նույն հարցի մեկնաբանությունը խնդրեցինք տալ ԼՂ-ի ԿԳ նախարար Համլետ Գրիգորյանին. «Ես կասեի, որ Արցախի եւ Հայաստանի կրթական համակարգերը գրեթե նույնն են, նույն տարածքում են գտնվում, իհարկե՝ աննշան փոփոխություններով։ Որոշ ժամանակ առաջ հանդիպումներ ունեցանք ՌԴ կրթության նախարար Ֆիլիպովի եւ ԱՊՀ շատ այլ պետությունների կրթության նախարարների հետ։ Պրոբլեմները համարյա նույնն են՝ կրթական համակարգի բարեփոխում, դասագրքերի ընտրություն եւ այլն։ Հիմա հարց է բարձրացվել, որ ունենանք միասնական չափորոշիչներ, քննությունների անցկացման եւ կազմակերպման միասնական կարգ։ ԱՊՀ երկրներում պետք է լինի միասնական կրթական տարածք, այդ առումով, կարծում եմ, որ Արցախի եւ Հայաստանի կրթության համակարգերը միասին դուրս կգան այդ ասպարեզ»։ Պարոն Գրիգորյանը նշեց, որ թեեւ վերոհիշյալ կոնֆերանսին ինքը հրավիրված էր ոչ պաշտոնապես. «բայց ես ինձ հյուր չէի զգում, քանի որ կողքիս էր ՀՀ ԿԳ նախարարը։ Ունենք բանավոր պայմանավորվածություն՝ Բելառուսի եւ ՌԴ կրթության նախարարների հետ՝ փոխայցելություններ եւ փորձի փոխանակում կատարել։ Կսկսենք հենց այս տարի»։ ԼՂ ԿԳ նախարարն անդրադարձավ նաեւ Արցախի դպրոցաշինության, ֆինանսական եւ մասնագետների պատրաստման հետ կապված պրոբլեմներին։ Մասնագետների հետ կապված խնդիրն, ըստ պրն Գրիգորյանի, կլուծվի առաջիկա 2 տարում։ Մասնագետները կլինեն «զուտ Ղարաբաղից եւ Արցախում մշտական բնակություն հաստատածների թվից»։ Որպես ձեռքբերում նշեց, որ «1,5 տարի չկա բացվել են 20-ից ավելի նոր դպրոցներ, այն էլ՝ Արցախի ողջ պարագծում, վաղուց մոռացված անուններով գյուղերում՝ Դադիվանք, Զուլալ, Ջիվանի եւ այլն։ Մի քանի ամիս առաջ բացվեց Գյուտարարության եւ հայտնագործությունների միջազգային ակադեմիայի մասնաճյուղը»։ Ի դեպ, Արցախում գործում է 9 ոչ պետական բուհ, եւս 2-ը ինքնաբերաբար փակվել է վերջերս. «Համոզված եմ, որ Հայաստանում կիրառվող լիցենզավորման եւ հավատարմագրման կարգը 2001-ից մեզ մոտ էլ կընդունվի։ Դրանից հետո կմնա ընդամենը 1-2 մասնավոր բուհ։ Մնացածի կարիքն այլեւս չենք ունենա»։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել