Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 23,2000 00:00

ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ Դեկտեմբերի 3-ին Աջափնյակ համայնքում տեղի կունենան նոր թաղապետի ընտրություններ։ Երեկ մեկնարկեց թեկնածուների նախընտրական քարոզարշավը։ Թեկնածուներ են գրանցվել երեքը. Արտակ Հարությունյանը՝ ՀԺԿ, Մելիք Վարդանյանը՝ ՀԿԿ։ Երրորդ թեկնածուն՝ Արծրուն Խաչատրյանը, որ թաղապետի պաշտոնակատարն է, անկուսակցական է։ Մենք հանդիպեցինք թաղապետի երեք թեկնածուներին։ Արտակ Սարգսյանը, որ թեկնածուներից ամենաերիտասարդն է, նախ ընդգծեց, որ այսօր ամենակարեւորը ընտրությունների ու սեփական ուժերի նկատմամբ ժողովրդի հավատի եւ վստահության վերականգնումն է։ «Ծրագրի կարեւոր հիմնախնդիրները վերաբերում են համայնքը խմելու ջրով ապահովելուն, համայնքի ռեսուրսների հաշվին նոր աշխատատեղեր ստեղծելուն։ Պակաս կարեւոր չէ լուծել վթարային շենքերի հիմնախնդիրը։ Վթարային 130 շենք կա, որի գերակշիռ մասը 4-րդ կարգի է, որտեղ ապրելն անգամ անթույլատրելի է։ Ընտրվելու դեպքում կփորձեմ կառավարության հետ համագործակցել եւ հստակ աշխատանքներ իրականացնել նման շենքերում ապրող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ուղղությամբ»։ Իրավաբան լինելով, պարոն Սարգսյանն անդրադարձավ նաեւ գործող «Ընտրական օրենսգրքին»։ «Շատ լավ ուսումնասիրել եմ այս օրենսգիրքը եւ գտնում եմ՝ իրավական այս դաշտում, ցավոք, հնարավոր չէ նորմալ ընտրություններ անցկացնել»։ Թեկնածուն մատնանշեց Օրենսգրքի 126 հոդվածը, ըստ որի, համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ պետք է հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր թեկնածուների միջեւ։ «Բայց այսօր թաղապետի պաշտոնակատար Ա. Խաչատրյանը ե՛ւ ընտրություններն է կազմակերպում, ե՛ւ թեկնածու է։ Թեկնածուները մեկնարկային հավասա՞ր պայմաններում են»։ Մտավախություն կա՞, որ 99-ի «արյունոտ կիրակին» կկրկնվի. «Կատարվածից պետք է լուրջ հետեւություն անի նախ այդ միջադեպի անմիջական մասնակիցը՝ Ա.Խաչատրյանը, ես իմ կողմից որեւէ միջադեպ կամ կեղծիք բացառում եմ»։ 96 թվականից կոմունիստ Մելիք Վարդանյանը, որ Մաշտոցի շրջանային կոմիտեի առաջին քարտուղարն է, ասաց, թե ինքը հնարավորության սահմաններում ձգտելու է բարելավել թաղամասի բնակչության սոցիալական վիճակը։ Նրա նախընտրական ծրագիրը առայժմ պատրաստ չէ, թեեւ չի պատրաստվում ընտրողներին «սարեր խոստանալ»։ Մեր այն հարցին, թե ծանո՞թ է իր մրցակիցներին եւ նրանց ծրագրերին, խոստովանեց, թե գործող թաղապետին լավ է ճանաչում, քանի որ իր բարեկամն է, բայց «քաղաքական պայքարը մնում է պայքար»։ Պարզվեց նաեւ, որ նա նախորդ տարիներին «հանուն արդարության» թաղապետի ընտրություններում համագործակցել է ե՛ւ Պարույր Կարապետյանի, ե՛ւ Արծրուն Խաչատրյանի հետ։ Անդրադառնալով թեկնածուների մեկնարկային պայմաններին, Մ.Վարդանյանն ասաց. «Պետք է ձգտել արդար ընտրություններ անցկացնել եւ, որ օրենքը բոլորի համար գործի հավասարապես։ Իսկ անհավասար պայմաններ չեմ տեսնում եւ չեմ կասկածում, որ ընտրությունները կանցնեն նորմալ եւ առանց միջադեպերի»։ Թաղապետի պաշտոնակատար Արծրուն Խաչատրյանը, որ այս պաշտոնում աշխատել է ավելի քան մեկ տարի, վստահեցրեց, որ լավ գիտե համայնքը եւ նրա առջեւ ծառացած բոլոր հիմնախնդիրներին տեղյակ է։ Ուստի, նա ավելի շատ խոսեց համայնքում իր արդեն կատարած աշխատանքի մասին՝ հավաստիացնելով, թե ընտրվելու դեպքում շարունակելու է նույն ոգով աշխատել։ «Ամենածանր խնդիրը վթարային շենքերի գոյությունն է։ Երեւանի 128 վթարային շենքից 110-ը միայն մեր համայնքում է, 26-ը՝ 4-րդ կարգի»։ Թեկնածուն ասաց, թե իր պաշտոնավարության ընթացքում քանդվել է 2 այդպիսի շենք։ Դրանց տեղում իր օրոք կառուցվել է այգի, կտնկվի 1700 ծառ՝ Քրիստոնեության ընդունման տարեդարձի առթիվ։ «Կառավարությունն եւս 4 շենք քանդելու համար արդեն հատկացրել է 280 մլն դրամ՝ բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու համար»։ Նա կարեւորեց նաեւ համայնքի լուսավորության խնդիրը։ «Ժամանակին ես աշխատանքներ էի սկսել, բայց նոր թաղապետի օրոք այն ավարտին չի էլ հասցվել։ Պարտրաստվում եմ աշխատանքները ավարտին հասցնել։ Քաղաքապետարանի հետ բանակցություններ եմ վարել, եւ 16 թաղամասը շուտով կլուսավորվի։ Շարունակելու եմ ոռոգման համակարգի վերականգնումը։ Կարեւոր է թաղամասի գազիֆիկացման խնդիրը։ Իմ նախաձեռնությամբ 2 բակային ճամբար էր գործում, որն այս ընթացքում փակվել էր։ Այդ եւ մի քանի շենքերի տակ աղբի վերածված ազատ տարածքները բարեկարգվելու եւ վերադարձվելու են երեխաներին»։ Թեկնածուն նշեց, որ ընտրություններին մասնակցելով ինքն օրենք չի խախտում։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել