Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 23,2000 00:00

Կստեղծվի՞ նոր կառավարություն Ըստ ամենայնի, Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը ստիպված է լինելու թեւերը էլ ավելի քշտած աշխատել, քանի որ իրական է դարձել այլընտրանքային կառավարության ստեղծումը։ Քաղաքական սուր հոտառություն ունեցողներին առաջարկում ենք չափից դուրս չոգեւորվել։ Խոսքը ՀՀ-ի մասին չէ։ Մեր ունեցած մի թիզ ու կես հայրենիքում Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը դեռ մի բան էլ շատ է։ Խոսքը «վտարանդի կառավարության» մասին է։ Երեկ արդեն հայտնել ենք, որ նոյեմբերի 21-ին «Նեզավիսիմայա գազետան» հրապարակել էր Ռուսաստանում Արեւմտյան Հայաստանի ժողովրդի ներկայացուցչության դիմումը, որում առաջարկ էր արվել վտարանդիների լիազոր մարմինների ստեղծման մասին։ Առաջարկներից մեկն էլ Արեւմտյան Հայաստանի ժողովրդի հաշվառմանն ու գրանցմանն էր վերաբերում։ Շարունակելով առաջարկների շարքը, Ռուսաստանում Արեւմտյան Հայաստանի ներկայացուցիչները ճիշտ են համարում վտարանդիների Ազգային ժողովի ընտրությունների անցկացումը, ինչպես նաեւ՝ վտարանդի կառավարության ստեղծումը։ Այ, սա կլինի ոչ թե հարկ հավաքող կամ իր պատասխանատվությունը սրա-նրա վրա գցել ձգտող կառավարություն, այլ՝ լուրջ նպատակ կհետապնդի։ Կհասնի այն բանին, որ Թուրքիան ճանաչի իր կատարած ցեղասպանությունը, հայերին հնարավորություն կտրվի վերադառնալ պատմական հայրենիք, կպաշտպանի Արեւմտյան Հայաստանի հայության շահերը միջազգային ատյաններում։ Իսկ վտարանդիների Ազգային ժողովի ընտրությունները հաստատ կանցնեն ոչ թե ընտրակաշառքով կամ կրակոցներով, այլ՝ եղբայրաբար, այսինքն՝ ոչ մի կեղծիք, ոչ մի երկրապահ, ոչ մի թաղային «ավտարիտետ»։ Գուցե պայքար ծավալվի կարսեցիների եւ վանեցիների միջեւ, բայց դա կլինի ազնիվ պայքար։ Քանի որ նպատակը կլինի ոչ թե՝ «բաժանիր, որ տիրես», այլ՝ «միացիր, որ ետ ստանաս»։ Սկզբունքորեն դեմ չենք, բայց մի քանի առաջարկ, այնուամենայնիվ, անեմ, քանի որ խոսքն, ի վերջո, նաեւ իմ պապերի հայրենիքի եւ նրա կառավարության մասին է։ Առաջարկս հետեւյալն է. այս Հայաստանից ոչ մեկի ոտքը չպիտի մտնի վտարանդի կառավարություն եւ Ազգային ժողով (նույնիսկ, եթե հազար ու մի թուղթ ներկայացնեն իրենց «ախպար» լինելու մասին)։ Այս Հայաստանից ոչ մի իշխանավոր իրավունք չպիտի ունենա քիթը խոթել վտարանդի կառավարություն (նույնիսկ, եթե հազար ու մի ապացույց բերի, թե ինքը եւս արմատներ ունի)։ Միայն մի հարց է ծագում՝ ղարաբաղցիները «ա՞յս Հայաստանից են», թե՞ «այն»։ Վտարանդու ծոռնուհի՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել