Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 22,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ Արտագաղթը պակասում է մահացությունների հաշվին Վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքից մեկնածների թիվը մեզ չհաջողվեց պարզել։ Փաստ է միայն այն, որ Վանաձորից Ռուսաստանի Դաշնություն մեկնող ավտոբուսները մշտապես լեցուն են քաղաքից հեռացողներով։ Չի դադարում նաեւ այլ երթուղիներով արտերկիր «ճողոպրողների» հոսքը, իսկ վերադարձողներն այնքան էլ շատ չեն։ Պաշտոնական տվյալներով՝ 1989-93թթ. Վանաձորից մեկնել է 10784 մարդ (նշենք, որ 1993թ. քաղաքի բնակչության թիվը եղել է 172,5 հազար)։ Եթե մարդը, համապատասխան գումար չունենալու պատճառով, ի վիճակի չէ ոտքը բնակավայրից մեկ քայլ այն կողմ դնել՝ դա հավասարազոր է շրջափակման։ «Ազատ աքսորի մեջ ենք»,- այսպես բնորոշեց վանաձորցիներից մեկը ժողովրդի մեծ մասի «կացութաձեւը», դժգոհելով, որ 10 տարի է քաղաքից դուրս չի եկել։ Առջեւում ձմեռ է, եւ բնակչության մեծ մասը ջեռուցման համար անհրաժեշտ միջոցներ չունենալով՝ դիմակայեն եւս մեկ ձմեռ, ապա գարնանը նրանք նույնպես կմտածեն «իրերը հավաքելու» մասին։ Համատարած գործազրկություն, աշխատավարձերի, թոշակների ու նպաստների տեւական, պարբերական ու անհանդուրժելի ուշացումներ, աղքատություն, կենցաղային տարրական պայմանների բացակայություն կամ դրանց մի մասից օգտվելու անհնարինություն՝ անվճարունակության հետեւանքով, իրավական անպաշտպանվածություն, վաղվա օրվա հանդեպ լիակատար անվստահություն՝ ահա այն հիմնական պատճառները, որոնք հիմք են հանդիսանում երկիրը լքելու համար։ Արտագաղթը, հավանաբար, պակասում է անժամանակ մահացությունների հաշվին, որոնք նույնպես սոցիալական ծանր պայմանների արդյունք են։ Հաճախ կարելի է տեսնել օրվա նույն ժամին դեմ-հանդիման դուրս եկող թափորներ։ Մի առանձին վերլուծություն է պահանջում պարզելու, թե որքա՞ն են այն մահացությունները, որոնք տեղի են ունեցել շտապ բուժօգնության՝ ժամանակին չհասնելու պատճառով։ Սա հետեւանք է բժշկական համակարգի «կաթվածահար» վիճակի, ինչպես նաեւ որոշ բնակարաններում հեռախոսների չաշխատելու (վարձավճարները մուծել չկարողանալու պատճառով դրանք անջատվում են)։ Վանաձորցիներից մեկը վերջերս տրտմությամբ նկատեց, թե փողոցում գնալով պակասում են զվարթ դեմքերը, մարդիկ քայլում են դժգոհ, մտամոլոր կամ իրենք իրենց հետ խոսելով, նկատելի է նաեւ հոգեկան շեղումներով մարդկանց թվի ավելացում։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր ԿՐԿԻՆ ՕՐԵՆՔԸ ԹԵՐԻ Է Ի՞նչ օրենսդրությամբ են կանոնակարգվում հանրահավաքները հարցով երեկ դիմեցի Երեւանի քաղաքապետի խորհրդական, աշխատակազմի ղեկավար Սուրեն Սուրենյանցին։ Պարզվում է, որ հանրահավաքի մասին, որպես այդպիսին, օրենք դեռեւս չկա եւ հանրահավաքները կանոնակարգվում են երեք նորմատիվ ակտերով։ Առաջին. ՀՀ Սահմանադրությունն է, որի 26-րդ հոդվածը հռչակում է քաղաքացիների իրավունքը՝ երթեր, հանրահավաքներ, ցույցեր անցկացնելու վերաբերյալ։ «Սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն, քաղաքացու իրավունքներն ու ազատությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով»։ Ս. Սուրենյանցը ավելացրեց, որ օրենքի այդ նախագիծը արդարադատության նախարարությունը ներկայացրել է կառավարություն եւ այն քննարկման փուլում է։ Երկրորդ. կա ՀՀ նախագահի 97թ. հրամանագիրը, որի հիման վրա քաղաքապետարանին տրված է հանրահավաքների կանոնակարգման լիազորություն։ Եվ երրորդ՝ «Քաղաքացիների դիմում-բողոքների մասին» օրենքի շրջանակներում քաղաքացու դիմումը կարող է քննարկվել առավելագույնը 15 օրվա ընթացքում։ Ս. Սուրենյանցը նշեց, որ լինում են հանրահավաքների մերժման դեպքեր, բայց դրանք «պայմանավորված չեն քաղաքական եւ սուբյեկտիվ նկատառումներով։ Հիմնականում պատճառաբանությունն այն է, որ այդ նույն ժամին արդեն նշանակված է մեկ այլ հանրահավաք, իսկ երթերը մերժվում են՝ ելնելով տրանսպորտային ծանրաբեռնվածությունից»։ Հանրահավաքներ անցկացնելու իրավունք ունի ցանկացած քաղաքացի, որը քաղաքապետարանին ներկայացված հայտում պետք է նշի հանրահավաքի անցկացման օրը, ժամը եւ տեւողությունը։ Հանրահավաքի իրավունք ունի ոչ միայն Հայաստանի, այլեւ օտարերկրյա այն քաղաքացին, որը Հայաստանում գրանցված միջազգային հասարակական կազմակերպության անունից կդիմի քաղաքապետարան։ Ն. Մ. Հանրակացարանում բնակվելը չի նշանակում «փչացած» լինել Երեւանի բուհերը շրջանների իրենց ուսանողներին ապահովում են հանրակացարաններով: Իհարկե, այս հասկացությունն այսօր կորցրել է իր համն ու հոտը՝ «հանրակացարան» ասելիս, որպես կանոն, պատկերացնում ենք մի սենյակում համախմբված, աթոռների պակասից գետնին, պատուհանների գոգին նստած ուրախ երիտասարդություն, որը, քննաշրջանի մասին մոռացած՝ կիթառ է նվագում, երգում եւ ապխտած ձուկ ուտում: Փող, իհարկե, չկա, բայց դա հոգս չէ նրանց համար, երբ գոյություն ունի աշխարհում ամենաթանկ բաներից մեկը՝ ընկերությունը: Այժմ այս ամենը գրեթե չի պահպանվել: Օրինակ, Երկրորդ մասիվում գտնվող ուսանողական հանրակացարանը միայն ուսանողական չէ: Վեց մասնաշենքից կազմված ութհարկանի համալիրի երկու շենքերը տրամադրված են փախստականներին: Վերելակներ, իհարկե, կան, բայց, չեն աշխատում: Վճարովի բաժնում սովորողը, որպես բնակվարձ, տարեկան մուծում է 220 հազար դրամ, անվճարում սովորողը՝ 130, չհաշված էլեկտրաէներգիայի վճարը: Ամեն սենյակում բնակվում են 2-3 հոգի: Չէի ասի, որ սենյակները բարոք վիճակում են, սակայն հնարավորություն ունեցողները նորոգում են դրանք: Խոհանոցային հարցերն ամեն մեկն իր սենյակում է լուծում: Ամեն սենյակում մի լվացարան կա, բայց զուգարանն ընդհանուր է: Սենյակները չեն ջեռուցվում: ԵՊՀ-ում սովորող մարալիկցի մի ուսանողուհի պատմեց իրենց առօրյայի մասին: Ժամանակին հանրակացարանում կար Կարմիր անկյուն, որտեղ երեկոյան կարելի էր հավաքվել, հեռուստացույց նայել եւ այլն: Սակայն այժմ այս անկյունը բնակելի սենյակի է վերածվել: Ուսանողուհին պատմեց, որ բացի «Sony» հեռուստացույցի գողությունից, ուրիշ ոչ մի գողության մասին չի լսել: Հանրակացարանում հաճախակի են տղաների «կաշերը»: Հավաքույթներ մեկ-մեկ կազմակերպվում են՝ «ծնունդ-մնունդ» նշելու: Իմ այն հարցին՝ հանրակացարանում բնակվող աղջիկը համարվո՞ւմ է անբարոյական, նա պատասխանեց. «Այդպես միայն քաղաքացիք են մտածում»: Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ ԽԵԼՔ ԿԱ, ՓՈՂ ՊԵ՞ՏՔ ՉԻ Գիտական ինստիտուտների աշխատակիցները հուլիս ամսից աշխատավարձ չեն ստացել։ Այս մասին տեղեկացանք ԳԱԱ-ի ֆինանսների վարչությունից եւ որոշ ինստիտուտներից (լեզվաբանության, բուսաբանության, իրավունքի եւ փիլիսոփայության)։ Բազային ֆինանսավորման վիճակն ավելի անմխիթար է։ Օրինակ, բուսաբանության ինստիտուտին պետբյուջեով նախատեսված 17 մլն դրամից ոչ մի լումա չի տրվել։ Էլեկտրաէներգիայի (մոտ 2 մլն 179 հազար դրամ) եւ ջրի (1 մլն 327 հազար դրամ) վարձերի պարտքը փակվել է հաշվանցումով։ Բյուջեով այս ինստիտուտի համար նախատեսված 38 միլիոնից միայն 16 մլն է տրամադրվել՝ որպես աշխատավարձ։ Այս տարվա բյուջեով գիտական համակարգին հատկացված էր 2 մլրդ 280 մլն 214 հազար դրամ, սակայն, ինչպես տեղեկացանք ԿԳՆ-ի ֆինանսական վարչությունից. հատկացվել է միայն 32,5%-ը (741 մլն 238,5 հազար)։ Շատ քիչ ինստիտուտներ են կարողանում հավելյալ եկամուտներ ստանալ տարատեսակ գրանտներից։ Հաճախ դրանք անձնական, այսինքն՝ տվյալ գիտնականի շահած գրանտներն են, որից ինստիտուտը օգուտ չունի։ Գրանտատուների շրջանում հումանիտար գիտություններն ընդհանրապես պահանջարկ չեն վայելում, ու դրանցով զբաղվող ինստիտուտները գոյատեւման լուրջ խնդիր ունեն։ Առաջիկա մեր համարներում կփորձենք պատկան ատյաններից ստանալ այս վիճակից ծնվող հարցերի պատասխանները։ Սեփ. լր. Չհիշեցին՝ երբ ստեղծվեց Օրերս խմբագրություն դիմեց Թեքեյան մշակութային միության հիմնադիր, վարչության նախկին անդամ Աշոտ Բաբայանը։ Նա մտահոգված էր, որ նոյեմբերի 3-ին լրացավ Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) 10-ամյակը, սակայն որեւէ մեկը չհիշեց այդ մասին։ «Դեռ ավելին, երբ զանգահարեցի ԹՄՄ-ի ներկայիս նախագահ Սերգեյ Գալստյանին եւ հարցրի՝ արդյոք չի՞ նշվելու այդ իրադարձությունը, նա ինձ զարմացած պատասխանեց. «Կներես, իսկ ե՞րբ է որ մեր ամյակը»։ Թեքեյան մշակութային միությունը ստեղծվել է 1990-ին, Երեւանում։ Սկզբում այն կազմված էր միայն նախաձեռնող խմբի անդամներից, որոնք էին՝ առաջին ռամկավարներից եւ միության իրավաբանական գծով խորհրդատու Գագիկ Օհանյանը, կազմակերպչական աշխատանքների կոորդինատոր Վռամ Գրիգորյանը ու իր օգնական, բժիշկ Վլադիմիր Աստվածատրյանը եւ Աշոտ Բաբայանը՝ գեղարվեստական հարցերով ղեկավարը։ Հիմնադիր համագումարում Թեքեյան մշակութային միության նախագահ ընտրվեց Վռամ Գրիգորյանը, որից հետո կազմավորվեցին կերպարվեստի, կինոյի, գրականության բաժիններ։ Ստեղծումից երկու շաբաթ անց ԹՄՄ-ն անցկացրեց առաջին հանրապետական մշակութային փառատոնը, որը կրկնվեց նաեւ Գյումրիում, Սպիտակում, Արթիկում եւ Դիլիջանում։ 1991-ին ԹՄՄ-ն կազմակերպել է երկրորդ նմանատիպ հանրապետական մշակութային փառատոնը, որին մասնակցել են բոլոր պետական համույթները, ինչպես նաեւ բազմաթիվ անհատ կատարողներ։ «Այդ տարիների ԹՄՄ-ն գոյատեւում էր միայն առանձին նվիրատվությունների շնորհիվ, բայց մենք այնքան համախոհներ եւ ակտիվ աշխատակիցներ ունեինք, որ թվում էր՝ կարող ենք սարեր շուռ տալ,- պատմում էր Աշոտ Բաբայանը։- Սակայն մեր ոգեւորությունը երկար չտեւեց, քանզի Ռամկավար-ազատական կուսակցությունը, որի մշակութային ճյուղն է հանդիսանում ԹՄՄ-ն, որոշեց մեզ այլեւս չվստահել գեղարվեստական մասը»։ Թեքեյան մշակութային միությունը ունեցել է բազմաթիվ նախագահներ, վարչության անդամներ, բայց «Նրանց օրոք, թվում էր, թե ժամանակը կանգ է առել։ Ճիշտ է, երբեմն-երբեմն կազմակերպվում էին համերգներ, միջոցառումներ, սակայն կարծես դա արվում էր միայն հիշեցնելու համար, որ ԹՄՄ-ն կա։ Մինչ օրս 90-ականների մեր երկու փառատոների հետքերը մնացել են ազդագրերի վրա։ Հիմա ԹՄՄ-ն միայն թղթի վրա կա»,- ավարտեց իր խոսքը պրն Բաբայանը։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ Հ. Գ. Թեքեյան մշակութային միության 10-ամյակը չնշելու պատճառները հեռախոսազրույցի ընթացքում պարզաբանեց ԹՄՄ-ի ներկայիս նախագահ Սերգեյ Գալստյանը. «Միակ պատճառն այն է, որ մենք ֆինանսական միջոցներ չունենք նմանատիպ մեծամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու համար։ Երբ կունենանք՝ կնշենք, մի քիչ ուշ թե շուտ՝ ինչ տարբերություն։ Եվ հետո, ամյակը չենք նշել, բայց փոխարենը տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ ենք կազմակերպել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել