Պետական գրախանութները՝ անուշադրության կենտրոնում Ինչպես միշտ, ուժը ծնեց իրավունք Վանաձորի «Վանք-91» գրատների միավորմանը պատկանող գրախանութների տարածքները, դեռեւս 3 տարի առաջ, մանրամասն մասնատվելուց հետո վարձակալական հիմունքներով հանձնվեցին գրքերի հետ ամենեւին կապ չունեցող գործարարների։ Այդ առթիվ իբր թե եղել էր կոլեկտիվի անդամների գրավոր համաձայնությունը, սակայն նրանք հետագայում հավաստեցին, թե դա արվել է առանց իրենց գիտության։ Վարձակալական հիմունքներով տրված տարածքներն սկսեցին օգտագործվել որպես այլ օբյեկտներ՝ առավել եկամտաբեր։ Գրախանութներից մեկ-երկուսը, որոնց՝ նախկինում ունեցած տարածքից ընդամենը մի փոքր հատվածն է պահպանվում, «վերջին շնչում» են։ Անհրապույր, խոնավ, կիսամութ ու ցուրտ տարածքներում աշխատողներն անհույս սպասում են, թե որեւէ գիրք (այդ թվում՝ նախկին տարիներից մնացած ժառանգություն) կամ գրենական պիտույք կվաճառվի, սակայն այցելուներ հազվադեպ են լինում, քանի որ փողոցային առեւտուրը (գետնի վրա, փոշու մեջ վաճառվող գրքեր) եւ առանձին անհատ-ձեռներեցներ՝ մասնավոր խանութների հետ համագործակցող, խլել են գնորդներին։ Այստեղ դեր է խաղում նաեւ այն հանգամանքը, որ իսպառ բացակայում է գովազդի կամ հայտարարության մեխանիզմը։ Գրախանութների աշխատողները նաեւ անհույս սպասում են, թե երբ պետք է այդ տարածքները սեփականաշնորհվեն, որպեսզի 30-40 տարիների իրենց աշխատանքային վաստակը գոնե այդ կերպ փոխհատուցվի։ Երկու տարի առաջ, այս բնագավառի բարձրաստիճան պաշտոնյաները, իբր թե մտահոգ գրախանութների պետական համակարգի պահպանման համար, խոստացան… չսեփականաշնորհել այդ միավորումը, բայց «առողջացնել», սակայն առողջանալու որեւէ հեռավոր նշույլ անգամ չի երեւում։ Սեփականաշնորհմանը մասնակցելու դեպքում (որի մասին խոսակցություններ մշտապես եղել են) աշխատողները ստիպված պետք է լինեն փակել բոլոր տեսակի հարկային պարտքերը (տարիների ընթացքում կուտակված մի հսկայական բեռ, որը, աշխատողների կարծիքով, հայտնի էլ չէ, թե ինչպես է գոյացել)։ Հատկանշական է, որ իսկական գրավաճառների հետ մեկտեղ «տիրոջ իրավունքով» սեփականաշնորհմանն են սպասում նաեւ գրախանութների միավորմանը պատկանող տարածքների վարձակալները (հիշեցնենք՝ գրքերի հետ ամենեւին կապ չունեցող. չէ՞ որ նրանք բոլորովին այլ, ոչ գրքային, իսկ ավելի ստույգ՝ մթերային եւ արդյունաբերական առեւտրով են զբաղված, որի իրավունքը տրվել է համայնքային բյուջեի մուտքերն ավելացնելու եւ իբր թե այդ նույն համակարգի հետ կապված ծախսերը հոգալու նպատակով)։ Փաստորեն, ստեղծվել է հակասական իրավիճակ. քանի որ գրախանութների իսկական աշխատողները ի վիճակի չեն հարկային պարտքերի տակից դուրս գալ՝ առեւտուրը լավագույնս կազմակերպելու անհնարինության պատճառով, ուստի հարցականի տակ է դրված նրանց՝ սեփականաշնորհմանը մասնակցելու իրավունքը, մինչդեռ հնարավոր է, որ այդ հարցում հաղթող դուրս գան վարձակալած տարածքների տերերը՝ դառնալով սեփականատեր (ուժն է ծնում իրավունք)։ Դժվար չէ պատկերացնել, որ այդ դեպքում գրախանութների իսկական աշխատողները կհայտնվեն «խաղից դուրս»՝ արդեն հիմնավորապես։ Մտահոգության տեղիք է տալիս ոչ միայն գրախանութների աշխատողների վիճակը, այլեւ՝ գրքերի։ Հայ դասականների եւ ժամանակակից գրողների, նաեւ՝ այլեւայլ գրքեր, անուշադրության մատնված, «ննջում» են պետական գրախանութներում, մինչդեռ կարելի էր համապատասխան կրթա-մշակութային հիմնադրամների աջակցությամբ դրանց վաճառքը կազմակերպել՝ վերազինելով եւ թարմացնելով գրադարանները, որոնցից շատերը 1988թ. երկրաշարժից հետո զրկվել են գրքային ֆոնդից։ (Ընդհանրապես վերջին տարիներին գրադարանները լավագույն դեպքում հարստանում են օտարալեզու կամ նեղ-մասնագիտական գրականությամբ)։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ