ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ ԿԱՏԱՐՈՒՄՆ Է Դաշնակահար Վարդան Մամիկոնյանը 11 տարի առաջ մեկնեց Ֆրանսիա։ 90 թվին Սեն Ժերմենում մասնակցեց միջազգային մրցույթին, ստացավ առաջին մրցանակը, որից հետո նրա հետ կնքվեցին մի շարք պայմանագրեր։ Ապա նա Մոնտե Կառլոյում շահեց «World Music masters» մրցույթը։ Այդպիսով նա հաստատվեց Փարիզում եւ շատ դռներ բացվեցին նրա առջեւ։ Համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր ծայրերում։ Երեւանյան մենահամերգից հետո զրուցեցի նրա հետ։ – Ինչպե՞ս մուտք գործեցիք երաժշտական մեծ շրջապատ։ – Առաջին քայլերն իհարկե շատ դժվար էին, բայց քանի որ երկու շատ կարեւոր մրցույթներ շահեցի, ինձ այդ հնարավորությունը տրվեց՝ նվագել լավ նվագախմբերի հետ, հանդես գալ մեծ արվեստագետների հետ մեծ բեմերում։ – Խորհրդային շրջանում մեր երաժշտական կրթությունը ավելի բարձր մակարդակի էր, քան դրսում եւ այդ մասին վկայում են Հայաստանից մեկնած շատ երաժիշտներ։ – Մինչեւ Ֆրանսիա գնալը սովորել եմ Մոսկվայում, իսկ մինչ այդ 8 տարի Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում՝ Արգուհի Հարությունյանի դասարանում, ապա սովորել եմ Մոսկվայի կենտրոնական երաժշտական դպրոցում։ Հետո սովորել եմ Մոսկվայի կոնսերվատորիայում, մեկնել Ֆրանսիա եւ կից սովորում էի դաշնամուրային իտալական ակադեմիայում՝ Լազար Բերմանի մոտ, որ հռչակավոր դաշնակահար է։ Մեծ երաժիշտների մոտ եմ սովորել, որոնք ինձ շատ օգնեցին։ Բայց կարող եմ ասել, որ մեր խորհրդային ժամանակներում մենք շատ մեծ հնարավորություններ ունեինք, ու շատ ավելի լուրջ էր դրված ուսումը։ Օրինակ, արտասահմանում եթե երեխաները երաժշտական դպրոցում սովորում են եւ դասատուին տեսնում են շաբաթը մեկ անգամ 40 րոպեով, այստեղ երկու անգամ են տեսնում եւ ոչ թե 40 րոպե, այլ կարող է 2 ժամ էլ տեւել։ – Հիմնականում դասակա՞ն հեղինակների ստեղծագործություններ եք կատարում։ – Իհարկե ժամանակակից երաժշտություն շատ եմ նվագում, եւ շատ եմ ուզում մոտակա ժամանակ ձայնագրել նոր ձայնապնակ՝ Տիգրան Մանսուրյանի գործերով։ – Եվրոպայում արվեստում՝ դաշնամուրային ասպարեզում ինչպիսի՞ զարգացումներ են նկատվում։ – Կատարումը միշտ պետք է լինի բարձր մակարդակի, բայց, իհարկե, մեծ քաղաքներում, ինչպես Լոնդոնն է, Նյու Յորքը, Փարիզը կամ Մյունխենը, սպասում են ծրագրի մեջ ինչ-որ նորության։ Այդ նորությունը կարող է լինել ինչ-որ ծանոթ կամ ժամանակակից երաժշտություն, կարող է լինել անսովոր մի գործ, կամ անսովոր մոտեցում դեպի այդ գործերը։ Ես շատ հավատում եմ, որ մեր ժամանակներում շատ կարեւոր է մասնակցել նաեւ այն տեխնոլոգիական նորություններին, որոնք նոր դռներ են բացում դեպի երիտասարդությունը։ – Որո՞նք են դրանք։ – Առաջին հերթին Ինտերնետն է, որը հետագայում կարող է մեծ դեր ունենալ դասական երաժշտության պոպուլյարիզացիայի մեջ։ Համերգները կարող են լինել Ինտերնետով։ Արդեն ռադիոծրագրեր կան, որոնք հաղորդում են համերգներ, բայց դա ավելի ռոքի եւ ջազի հետ է կապված։ Երիտասարդները Եվրոպայում հիմա, ցավոք, ավելի քիչ են հետաքրքրվում դասական երաժշտությամբ։ Հույս ունեմ, որ այդ նոր տեխնոլոգիան իրենց ավելի կհետաքրքրի եւ կբերի դեպի սրահը։ Ի վերջո, մեր վերջին նպատակն է, որ երիտասարդը գա սրահ, ոչ թե նստի համակարգչի առջեւ։ – Եվրոպայում Ձեր հանդիսատեսն ո՞վ է։ – Հաճախ մի քիչ տրամադրությունս ընկնում է, երբ նվագում եմ կարեւոր համերգներում, որոնց տոմսերն, իհարկե, թանկ են, բայց տեսնում եմ այն սերնդին, որոնք իմ ծնողների սերնդից են։ Դա ինձ մի քիչ վախեցնում է, մտածում եմ՝ ինչ կլինի 20 տարի հետո, եթե այսօր չկարողանանք հետաքրքրել երիտասարդ ունկնդրին եւ նրան չվարժեցնենք դասական երաժշտությանը։ Ուրախացա, երբ այստեղ իմ համերգին տեսա շատ երիտասարդների։ Դա նաեւ արդյունքն է նրա, որ հաճախ այստեղ հեռուստատեսությամբ կարող ենք լսել դասական երաժշտություն։ Եվրոպայում, օրինակ, հաճախ նվագել եմ Ֆրանսիայի կամ Գերմանիայի հեռուստատեսային երաժշտական ծրագրերում, բայց այդ ծրագրերը միշտ ուշ գիշերն են ցույց տալիս, որը նայում եւ ձայնագրում են զուտ մելոմանները։ – Դրա դեմ պայքար տարվո՞ւմ է։ – Փորձում են պայքարել, բայց դա ավելի կապիտալիզմի հետ է կապված։ Այսինքն, մտածում են՝ ինչը որ դրամ է բերում՝ լավ է։ Օրինակ, կես տարի է, ինչ Փարիզի մեծ դահլիճներում կիրակի օրերին փորձում են կազմակերպել դասական երաժշտության համերգներ՝ էժան տոմսերով, դրանով հավաքել եւ հետաքրքրել երիտասարդությանը։ Ամերիկան՝ Եվրոպայի համեմատ, պատանի երկիր է եւ այնտեղ հատկապես օպերայի հանդեպ մեծ հետաքրքրություն կա, եւ ես հաճախ եմ տեսնում երիտասարդներին համերգներում։ – Գուցե նրանից է, որ դասական արվեստը ժամանակակից ձեւերով են մատուցում, իսկ Եվրոպայում ավելի ավանդապաշտ են։ – Դե, ընդհանրապես Եվրոպան ավելի կոնսերվատիվ է, իրենց անցյալն իրենց քաշում է, իսկ Ամերիկան ավելի ազատ է։ Իրենք անցյալ չունեն, այդ անցյալն իրենց չի խանգարում եւ ավելի ճկուն են մտածում այդ իմաստով։ Իհարկե, զարմանալի է, որ Նյու Յորքում, մի երեկոյի ընթացքում, 4-5 համերգ է լինում ամենամեծ սրահներում, որոնք 2000 տեղանոց են, եւ բոլորն էլ լիքն են լինում։ – Փաստորեն, 10 տարուց ավելի Հայաստանում չեք եւ այդ երկարատեւ բացակայությունից հետո առաջին անգամ հանդես եկաք ծրագրով։ Ինչպիսի՞ն է Հայաստանը, մարդիկ շա՞տ են փոխվել։ – Որ այստեղ եմ, ինձ թվում է, որ այդ 10 տարին չի էլ եղել։ Իհարկե, շատերը մեկնել են, բայց այն մարդիկ, որոնց տեսնում եմ՝ շատ չեն փոխվել։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ Հ. Գ. Վ. Մամիկոնյանը համերգից առաջ տխրել էր… ֆիլհարմոնիկ նվագախմբի դաշնամուրի պատճառով. գործիքի հնչողությունը նրան չէր գոհացրել։ Համերգի կազմակերպիչները խնդրել էին կամերային նվագախմբի դաշնամուրից օգտվել, բայց, ցավոք, նվագախմբի տնօրենը կտրականապես մերժել էր: