Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 22,2000 00:00

Դպրոցը հասկանում է պետությանը Բայց դպրոցի վիճակը հասկացող չկա ՀՀ նախագահի որոշումով եւ ԱԺ համաձայնությամբ՝ մինչեւ 2003 թիվը հետաձգվեց «ՀՀ կրթության մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին օրինագծի ընդունումը, որով, ի թիվս այլ կարեւոր փոփոխությունների, նախատեսվում էր նաեւ բարձրացնել դպրոցների տնօրենների աշխատավարձը եւ 1-3-րդ դասարանցիներին անվճար դասագիրք տրամադրել։ Երեկ անցկացրած մեր հարցումների նպատակն էր պարզել, թե ինչպես ընդունեցին Երեւանի դպրոցների տնօրեններն այդ լուրը՝ ըմբռնումո՞վ, թե՞ ընդվզումով։ Թիվ 60 դպրոցի տնօրենն ըմբռնումի ինստիտուտը լավ յուրացրած մարդկանցից էր. «Իմ նմանների կարծիքն ո՞վ է հաշվի առնելու, որ գրում եք։ Բոլոր ուսուցիչներն էլ, տնօրեններն էլ՝ անխտիր, ըմբռնումով են մոտենում։ Մենք միջին սերնդի մարդիկ ենք եւ աշխատում ենք սիրով ու նվիրվածությամբ։ Եվ, ընդհանրապես, ես չեմ ուզում որեւէ կարծիք ունենալ, ոչ էլ հիասթափվողի կարծիք եմ ուզում ունենալ։ Ձեզ էլ եմ խորհուրդ տալիս, նման բաներով մի զբաղվեք, ի՞նչ իմաստ ունի հասարակ մարդկանց, տնօրենների կարծիքը լսելը, ո՞ւմ է դա պետք։ Եվ, ընդհանրապես, ես լրատվության հանդեպ հավատս կորցրել եմ, մեր դպրոց էլ չզանգե՛ք»։ Անհայտ պատճառներով լրատվության հանդեպ հավատը կորցրած ու սեփական կարծիքն արտահայտելու հնարավորության ընձեռումը ժամանակի անտեղի վատնում համարող տիկինը նույնիսկ ազգանունը չցանկացավ նշել. «Չե՛մ ասի»։ Մի փոքր ավելի բարեկամական կեցվածք ուներ թիվ 74 դպրոցի տնօրենը. «Միայն մի բան հաշվի առեք, որ ջոկատավարը տնօրենից ավելի շատ է ստանում։ Դրանից լավ ի՞նչ մեկնաբանություն է պետք»։ Նա անդրադարձավ նաեւ տարրական դասարանի երեխաների դասագրքերի խնդրին։ «Այժմ միայն 35%-ին՝ սոցիալապես անապահովներին ենք անվճար տալիս։ Բայց առնվազն 50%-ը շատ ծանր սոցիալական վիճակում է»։ Թիվ 167 դպրոցի տնօրեն Սաֆարյանին գոհացնում էր նախագահի անկեղծությունը. «Այսօր իրավիճակն իրոք ծանր է, ըմբռնումով չընդունենք, ի՞նչ անենք։ Շատ ավելի վատ կլիներ, եթե ընդունվեր հերթական օրենքը ու չկատարվեր, այնպես, ինչպես թղթի վրա են մնում շատ ու շատ օրենքներ։ Ավելի լավ է այսպես անկեղծորեն ասեն՝ չի լինում, չենք կարող ու վերջ։ Թող չխաբեն»։ Թիվ 68 դպրոցի տնօրեն Աբրահամյանը գտնում էր, որ ինչ-որ տարբերակ հնարավոր է գտնել եւ տնօրենների աշխատավարձը բարձրացնել. «Բայց եթե մեր աշխատավարձը չեն էլ բարձրացնում, ոչինչ։ Ինչպես սոված մնացել ենք, էլի կմնանք։ Արդեն սովորել ենք այդ դրությանը։ Միայն թե երեխաների դասագրքերի հարցը լուծեին։ Դպրոցը երեխաներին գրավում է նաեւ նոր ու գեղեցիկ գրքերով, բայց նրանք (2-րդ եւ 3-րդ դասարանցիները) ստանում են մաշված ու հին գրքեր, դեռ փող էլ մուծում են։ Այդ փոփոխությանը մեծ անհամբերությամբ էին սպասում ծնողներն էլ, երեխաներն էլ, բայց, ցավոք, չընդունվեց»։ Փոխարենը թիվ 87 դպրոցի տնօրեն Հայրապետյանը կարծում էր. «Եթե ցանկություն լիներ, որեւէ կերպ գումար կհայթայթեին ու դպրոցին էսքան ծայրահեղ վիճակի մեջ չէին գցի։ 10300 դրամ ջոկատավարն է ստանում, 8200՝ տնօրենը։ Այս ձեւով հնարավոր չէ նորմալ կոլեկտիվ ղեկավարել»։ Ինչ վերաբերում է դասագրքերի խնդրին. «Այսօր ողջ դպրոցն ու ողջ հանրապետությունն է սոցիալապես անապահով, ինչ 30%-ի մասին է խոսքը։ Ճիշտ կլիներ, որ բոլորին անվճար տային կամ գոնե վճարը ցածր լիներ»։ Պետության ծանր դրության մեջ մտնում էր նաեւ թիվ 45 դպրոցի տնօրեն Փաշայանը. «Մենք լավ ենք հասկանում պետության վիճակը, այս երկրի քաղաքացին ենք, բայց մեր վիճակն էլ է պետք հասկանալ։ Էդ սեկվեստրի հարցը որ դրված է՝ կոնկրետ բան չեմ կարող ասել։ Երբ դասագրքերը 35%-ին որոշեցին անվճար տալ, ծնողները շատ գոհ էին, պետական հոգածություն զգացին։ Իսկ եթե բոլորին անվճար տային՝ երկու ձեռքով կողմ կլինեի ու կողջունեի»։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել