Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 22,2000 00:00

ԿՐԿՆԱԿԻ ՊԱՏԻԺԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է Ռազմական ոստիկանության վարչության զորամասը ինքնակամ լքածների (ԶԻԼ) բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Ալեքսանյանի հետ երեկվա մեր զրույցը առնչվում է մի ոլորտի հետ, որը հազվադեպ է լուսաբանվում մամուլում եւ ամենացավոտ հարցն է բանակում։ -ԶԻԼ բաժնի աշխատանքը կապված է զորամասը ինքնագլուխ լքած զինծառայողների հայտնաբերման հետ։ Յուրաքանչյուր տարածքում ունենք ՌՈ բաժիններ, միմյանց հետ ունենք ամենօրյա կապ եւ փոխանակվում է ինֆորմացիա։ Բաժինը զբաղվում է նաեւ զինհաշվառումից խուսափողներով, եւ նրանց հայտնաբերելը կրկին մեր պարտականությունն է։ Զինկոմիսարիատներում տարբեր պատճառներով զինհաշվառումից՝ կցագրումից դուրս են մնում (հաճախ ոչ միտումնավոր) ապագա զորակոչիկները։ Հնարավոր չէ, որ պատանին գնա դպրոց եւ դա վրիպի զինկոմիսարիատի աչքից։ Օրինակ, բուհ, տեխնիկում ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել նաեւ կցագրման գրքույկ, որտեղ նշված է, որ անձը կանգնած է իր բնակության վայրում զինհաշվառման։ Բայց այն խումբը, որը չի սովորում, չի աշխատում, նա մնում է զինհաշվառումից դուրս։ Նման դեպքերում առաջին գործը լինում է՝ հայտնել տվյալ տարածքի զինկոմիսարիատ՝ վերջիններիս զինհաշվառման վերցնելու, նրանց հետագա զորակոչը ապահովելու համար։ – Պարոն Ալեքսանյան, կարո՞ղ եք ասել, դասալիքնե՞րն են գերակշռում, թե՞ հաշվառումից խուսափողները։ – Նման համեմատություն չի կարելի անել, որովհետեւ թվարկած երկու կատեգորիաները տարբեր են։ Դասալիքը հիմնականում կատարում է քրեորեն դատապարտելի արարք։ Զորամասը ինքնագլուխ լքելու պատճառները տարբեր են՝ ամուսնացած է, կինը հղի է, կարոտում է մամայի ճաշին, փափուկ անկողնուն, տատիկն է մահացել, սիրած աղջիկ ունի։ Արտաշատի շրջանից մեկը վերջերս ասաց. «Եկել էի տնամերձը փորելու, քանի որ ոչ հայրս, ոչ մայրս ի վիճակի չէին փորելու, որպեսզի աշնանացան անեինք»։ Մի ուրիշն էլ պարտքով կարտոֆիլ էր վերցրել, բերել ծախել էր, որ ծնողների պարտքը փակեր։ – Կա՞ն «մեռած հոգիներ», որոնց տարիներով փնտրում եք։ – Ձեր հարցին չեմ կարող ստույգ պատասխանել, քանի որ հետախուզվողներով մեր բաժինը չի զբաղվում։ Կան, որ տարուց ավելի է ինքնագլուխ լքել են զորամասը եւ, ըստ մեր ունեցած օպերատիվ տվյալների, հանրապետությունում չեն։ – Ինչպե՞ս։ – Շատ հասարակ։ Սադախլոյի կամրջով կարող են անցնել Վրաստանի սահմանը, ավտոբուս վարձել, այնտեղից էլ Հյուսիսային Կովկասով արտերկրում հայտնվել։ Այս տարի օդանավակայանում գործող պարետային ծառայության աշխատակիցները բռնել են 22 խուսափողների եւ դասալիքների (մինչեւ 1998թ. մարտի 23-ի կառավարության որոշումը պարետային կետը վերացնելու մասին, մի հավաքի ժամանակ մեր տղաները մինչեւ 220 հոգու թույլ չէին տվել դուրս գալ եւ արդյունավետությունը ակնհայտ էր)։ – Հաշվառման չկանգնողները օրենք չիմացողներն են։ Իսկ զինկոմներ չկա՞ն, որ թաքցնում են նրանց։ – Այսօր դու կարող ես գրանցված լինել Նոր Արեշում, ապրել Կոմիտասում ու ոչ ոք չհարցնի՝ ինչու։ Խորհրդային տարիներին երեք օրվա համար պահանջվում էր ժամանակավոր գրանցում։ Հիմա մարդը կարող է լինել Ամերիկայի քաղաքացի, Հայաստանում իր անունով տուն ունենալ ու ապրել։ Միգուցե նաեւ սա է պատճառներից մեկը, որ խանգարում է զինհաշվառմանը։ – ՌՈ եւ ՆԳ աշխատակիցների տարբերությունը ո՞րն է։ – Զորամասերում տարբեր բնավորության, տարբեր խավերի, ընտանիքների՝ դեռեւս կյանքի փորձ չունեցող պատանիներն են՝ մեկը՝ տառաճանաչ, մեկը՝ «պետուշիցա», մեկը՝ իշխող, մեկը՝ «գոլուբոյ»… Դժվար է։ Մեր գործը միայն հայտնաբերելը եւ բռնելը չէ։ Մենք ունենք նաեւ հետաքննչական մարմին, որն ուսումնասիրում է զորամասը լքելու պատճառները եւ ամեն մի զինվորի համար կատարում է առանձին բացատրական աշխատանք։ Տեղեկացնեմ ձեզ, որ Ռազմական ոստիկանության միջնորդությունը հարգվեց ՀՀ նախագահի աշխատակազմի, մասնավորապես ներման վարչության կողմից, եւ այս տարի կարգապահական գումարտակում պատիժ կրած, դատապարտված յոթ զինծառայողների ներում շնորհվեց։ – Որտե՞ղ եք «նստացնում» նրանց։ – Ընդունիչ-բաշխիչում։ – Պրն Ալեքսանյան, Ձեր մեկուսարանում չկա՞ն ԶԻԼ-եր։ – Ոչ։ – Զինվորը Ձեզ մոտ, փաստորեն, կարճ ժամանակով ազատազրկվում է։ Հնարավո՞ր է՝ զորամաս վերադարձվելուց հետո նրա նկատմամբ պատիժ կիրառվի եւ ստացվի, որ կրկնակի է զինվորը պատժվում։ – Մինչեւ 3 օր զորամասը ինքնակամ լքած զինծառայողին վարչության պետը տալիս է կալանք, մեզ մոտ պատիժը կրելուց հետո, երբ նա վերադարձվում է զորամաս, այնտեղ նույն արարքի համար նոր պատիժ չի տրվում զորամասի հրամանատարի կողմից։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել