Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 22,2000 00:00

Չեչեն մոջահեդները Հայաստանի սահմանին են Պնդում է Իգոր Մուրադյանը Երեկ խմբագրություն այցելած քաղաքագետ Իգոր Մուրադյանը այն համոզմունքը հայտնեց, որ չեչեն գրոհայինները ճամբարներ ունեն ԼՂՀ Շահումյանի շրջանի Վերին Շեն, Ներքին Շեն եւ Էրքեջ գյուղերում, Նախիջեւանի Սադարակի շրջանում, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից զավթած Արծվաշեն գյուղում։ Ադրբեջանի նման քայլերը պրն Մուրադյանը բացատրում է նրանով, որ դեմ առնելով իսլամական պետությունների պրագմատիզմին, որը բացառում է Ղարաբաղ172Ադրբեջան հակամարտության մեջ ակտիվ ներգրավումը, Բաքուն դիմել է իր նման լուսանցքային գավառներին, ինչպիսին Չեչնիան է։ Ապշերոնում տեղակայված հսկայական ինֆրոկառուցվածքը օգտագործվում էր Չեչնիային զենքով մատակարարելու համար։ Զաքաթալայի շրջանում ստեղծվել է ռազմական ճամբար, որտեղ «հանգստանում են» 2500 չեչեն գրոհայիններ։ Սակայն, հասկանալով, որ չեչենների պայքարը հեռանկար չունի եւ, վաղ թե ուշ, տասնյակ հազարավոր չեչեններ շարժվելու են Հարավային Կովկասի ուղղությամբ, Հեյդար Ալիեւը որոշեց այդ ուժն օգտագործել Հայաստանի դեմ։ Սկսվեց չեչենների բնակեցումը ԼՂՀ Շահումյանի շրջանում։ Սակայն շատ արագ պարզ դարձավ, որ այդ ժողովուրդը սովոր չէ նստակյաց գյուղացու կյանքին եւ նրա զգալի մասը լքեց Շահումյանի շրջանը։ Դրանից հետո որոշում ընդունվեց խոշոր ռազմականացված ճամբարներ ստեղծել Սադարակի շրջանում՝ նախկին Խորհրդային զորամասի տարածքում եւ Բաշքենդ (Արծվաշեն) գյուղում։ Ըստ Իգոր Մուրադյանի, նման ճամբարների ստեղծումն արդեն իսկ սադրանք է Հայաստանի դեմ։ Քաղաքագետի կարծիքով, Ռուսաստանը պետք է դրան համարժեք քայլի դիմի եւ Հայաստանին տրամադրի նորագույն ուղղաթիռներ, որոնք պատրաստվում է վաճառել Թուրքիային։ Իսկ Հայաստանին պրն Մուրադյանն առաջարկում է նախազգուշական հարվածներ հասցնել հիշյալ ճամբարներին։ Նշենք, որ Հայաստանի որեւէ պաշտոնական ատյան չհաստատեց «Առավոտի» համար մեր պետության սահմաններում չեչենական ռազմականացված ճամբարների գոյության փաստը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել