Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 21,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ DARK KISS՝ ԳԱՂՏՆԻ ՀԱՄԲՈՒՅՐ Ինչ պետք է անի քաղաքացին, եթե նրա շենքի ներքնահարկում գիշերային բար է Մաշտոցի 27 հասցեով գտնվող «Dark kiss» գիշերային ակումբում ամբողջ փողոցով մեկ՝ մինչեւ գիշերվա ժամը 3-4-ը, լսվում է որոշակի բնույթի երաժշտություն եւ նույնպիսի բնույթի մարդկային ձայներ: Սկզբունքորեն դեմ չլինելով գիշերային բարերի գոյությանը եւ գիտակցելով, որ նման հաստատություններում տղամարդիկ եւ կանայք բյուջեի քննարկմամբ չէ, որ զբաղվում են, «Առավոտը», այնուամենայնիվ, ցանկացավ իմանալ, թե ինչպես է տվյալ դեպքում պաշտպանվում շրջակայքում ապրող քաղաքացիների հանգիստ քնելու իրավունքը: ՆԳ լրատվության բաժնի պետ Արտակ Վարդազարյանն ասաց, որ թաղային տեսուչը նման գործերին կարող է միջամտել միայն այն դեպքերում, երբ ակնհայտ է եւ ապացուցված, որ տվյալ հաստատությունը խախտել է օրենքը եւ անհրաժեշտ է միջամտություն՝ մարդկանց կարգի հրավիրելու համար: Հակառակ դեպքում դա կարող է պարզապես հարեւանների մանր վեճ լինել, որին ոստիկանության խառնվելը որեւէ իմաստ չունի: Երեւանի քաղաքապետի օգնական Սուրեն Սուրենյանցը «Առավոտին» ասաց, որ նման «օբյեկտներին» արտոնագիր է տալիս ֆինանսների նախարարությունը, իսկ մնացած թույլատվությունները տալիս է նաեւ քաղաքապետարանը: Եթե բարը, ռեստորանը, սրճարանը, նույնիսկ ցերեկը, գերազանցում է սանէպիդկայանի թույլատրած դեցիբելները (ձայնի ուժգնությունը), ապա քաղաքապետարանը կարող է այդ հաստատությունը փակել: Էլ ո՞ւր մնաց ժամը 23.00-ից հետո: Նշենք, որ Կենտրոն համայնքի թաղապետ Արարատ Զուրաբյանը, երկու օրվա ընթացքում, այդպես էլ ժամանակ չգտավ զրուցելու «Առավոտի» թղթակցի հետ: Բացառված չէ, որ այսօր առավոտյան խմբագրություն կգան հրապարակումից դժգոհ ստրիպտիզ-բարերի տերերը եւ կսկսեն կուրծք ծեծելով ապացուցել, թե իրենք աշխատատեղեր են ստեղծում (մասնավորապես, պարուհիների համար): Ամենեւին չնսեմացնելով ժողովրդական տնտեսության այս կարեւորագույն ճյուղը, թույլ տանք մեզ ենթադրել, որ այն պետք է գործի մի տեսակ մեկուսի՝ բարեպաշտ քաղաքացիներից եւ նրանց ընտանիքներից որոշակի տարածության վրա: ԻՍԿ ԴՈՒՔ ՀԱՆԳԻ՞ՍՏ ԵՔ ՔՆՈՒՄ «Որքան հարկ եք պատրաստ տալ Ձեր աշխատավարձից»։ Այս հարցն ուղղեցինք ատահական անցորդներին։ Ստորեւ ներկայացնում ենք համարյա բոլոր խավերի ներկայացուցիչների պատասխանները։ Երվանդ Մանարյան, դերասան- Չէ, ես պարտաճանաչ հարկատու չեմ։ Եթե աշխատում ես բյուջետային հիմնարկում, պարտաճանաչ մուծում ես, եթե էստեղից-էնտեղից մի բան ես աշխատում, դժվար է հարկեր մուծելը։ Ես իմ աշխատավարձի մի 6-7%-ն եմ պատրաստ վճարել որպես հարկ։ Հրազդան Հայկենց, «Գրիգոր Նարեկացի» համալսարանի տնօրեն- Որքան կնախատեսի պետեկամուտների նախարարությունը՝ օրենքով։ Անձամբ ես պատրաստ եմ իմ աշխատավարձից պետությանը տրամադրել, ըըը, 20%-ը։ – Ես Վարդգեսն եմ, Գալստյան։ Ավտոկռունկավար եմ աշխատում։ Ես ստանում եմ 100 դոլար, չեստնի, կոմսոմոլսկի։ Հա՞րկ։ Ինչի՞ մուծեմ, պետությունը պիտի ընձի շահի՜, պահի՜, մեծացնի։ Ես պետությունից ի՞նչ եմ ստանում, որ պետությանն էլ տամ։ Որ պետական բյուջեն լցվի, հետո իրենք վրից վերցնեն, հա՞։ Սիրո՜ւշ Եփրեմի՛ Մանուկյա՜ն, Սպանդարյան ռայոնի ԺԷԿ-ում հավաքարար եմ։ Ստանում եմ 7 հազար դրամ։ Եթե ինձ մնա, պետությանն իմ կամքով 2 հազար դրամս կտամ, 5 հազարով կբավարարվեմ։ Ղազարյան Տանյա, զբաղվել է ամեն ինչով, ընդհուպ՝ ամենահին մասնագիտությամբ- Ցավդ տանեմ, ունեմ երկու երեխա, կռվող աղջիկ էլ եղել եմ։ Հըմի դժվար ա էրեխա պահելը։ Որ սենց կայնում են աղջկեքը տռասին, երկու կոպեկ փող են առնում, խի պըտի էն մոմենտը ըլնի, որ իրանց բռնեն-տանեն։ Պետությունը գիտի՝ ով ինչքան ա աշխատում, իրա փողը աղջկեքից առնում ա։ Հարցումներն ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԻ «Աֆղանցիները» համագումար արեցին Եվ պարգեւատրվեցին «Վետերան ինտերնացիոնալիստ» մեդալով Նոյեմբերի 18-ին մարզահամերգային համալիրում կայացավ Հայաստանում Աֆղանստանի վետերանների միության 7-րդ համագումարը։ Զեկուցումով հանդես եկած միության նախագահ Արմեն Մխիթարյանը տեղեկացրեց, որ վերջին 4 տարիների ընթացքում ակտիվացրել են տեղական կառույցների աշխատանքները։ Աֆղանստանում, ապա եւ արցախյան պատերազմում զոհվածների հաշվառում են կատարել։ Միությունն այս տարիների ընթացքում ամենամսյա ֆինանսական օգնություն է տալիս զոհված եւ հաշմանդամ «աֆղանստանցիների» ընտանիքներին։ Ընդհանրապես միությունը մշտապես աջակցում է սոցիալապես անապահով «աֆղանստանցիների» ընտանիքներին։ Այս ընթացքում, աշխատատեղեր բացելու նպատակով, ստեղծել են դուստր ձեռնարկություններ, միության անդամներին օգնել աշխատատեղեր գտնելու ուղղությամբ։ Միությունը հոգում է նաեւ միության անդամների բուժման եւ առողջարանային հարցերը։ Աֆղանստանի վետերանների միության 3700 անդամից համագումարին մասնակցում էր 200 պատվիրակ։ Համագումարում ելույթ ունեցողներից շատերը նշեցին, որ անհրաժեշտ է ակտիվացնել տեղական կառույցների աշխատանքները։ Նրանց կարծիքով ակտիվ է գործում այն շրջանի կառույցը, որի ղեկավարն ակտիվ է։ Իրենց հերթին տեղական կառույցների ղեկավարներն էլ նշեցին, որ միայն մեկ հոգու՝ ղեկավարի ակտիվությամբ հնարավոր չէ ցանկալի արդյունք ստանալ։ Միության նախագահը տեղերում միության աշխատանքն աշխուժացնելու այլ քայլերի կողքին նշեց նաեւ այն հանգամանքը, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերման օրը նշում են տարբեր մարզերում։ Ի դեպ, կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ անկախ քաղաքական իրավիճակներից՝ Հայաստանի Աֆղանստանի վետերանների միությունը հեռու է մնացել քաղաքականությունից եւ այս կամ այն քաղաքական ուժերի գործիք չի դարձել։ Համագումարի պատվիրակները ցավով նշեցին, որ չնայած պետության խոստումներին՝ հնարավորություն չի ստեղծվել կառուցել հուշարձան՝ ի հիշատակ Աֆղանստանում զոհվածների։ Այն դեպքում, երբ ԱՊՀ բոլոր հանրապետություններում նմանատիպ հուշարձաններ վաղուց կան։ Համագումարի ընթացքում կատարվեցին կանոնադրական մի քանի փոփոխություններ։ Մասնավորապես, բացի նախկին շրջաններում գործող կառույցներից, ստեղծվեցին նաեւ մարզային կառույցներ։ Նախկինում գոյություն ունեցող միության նախագահի տեղակալի մեկ հաստիքին ավելացավ եւս մեկը։ Ընդ որում, որոշվեց տեղակալներից մեկին թողնել ընտրական կարգով, մյուսին՝ նշանակել։ Համագումարը միաձայն միության նախագահ վերընտրեց Արմեն Մխիթարյանին եւ փոխնախագահ՝ Բաբկեն Նազարյանին։ Համագումարի ընթացքում միության ավելի քան 150 անդամ պարգեւատրվեց «Վետերան-ինտերնացիոնալիստ» մեդալով։ Ավելացնենք, որ, ավանդույթի համաձայն՝ համագումարի պատվիրակները ծաղկեպսակներ դրեցին Եռաբլուրում, քաղաքային պանթեոնում՝ անհայտ զինվորի հուշարձանին։ Լ. Մ. Օժանդակ դպրոցը գործում է ավերակներում Հաշմանդամ երեխաների օգնության «Փրկություն» միության օժանդակ դպրոցը, որ տեղավորված է Շենգավիթի համայնքի թիվ 296 մանկապարտեզի մասնաբաժիններից մեկում, զբաղեցնում է 700 քմ տարածք։ Ինչպես երկրիս շատ ու շատ կառույցներ ու շինություններ, այն եւս թողնում է հիմնահատակ ավերակի տպավորություն։ Շենքը սկսել են սեփական ուժերով ու չափազանց սուղ միջոցներով նորոգել այդտեղ ընդգրկված երեխաների ծնողները։ «Փրկություն» միության եւ դպրոցի մասին պատմեց կազմակերպության նախագահի պաշտոնակատար Արփինե Աբրահամյանը. «Մեր միությունը ստեղծվել է 1997 թ.՝ հաշմանդամ երեխաների մի խումբ ծնողների նախաձեռնությամբ եւ մինչեւ վերջերս գործել է առանց «տանիքի», մինչեւ որ վերջերս թաղապետարանը մեզ հատկացրեց մանկապարտեզի այս տարածքը։ Մեզ մոտ հաշվառված են հանրապետության շուրջ 600 հաշմանդամ երեխաներ, որոնք դուրս են մնացել որեւէ հանրակրթական կամ օժանդակ դպրոց հաճախելուց։ Ունենք 30 աշխատողներ, որոնք, այդ թվում եւ ես, հիմնականում գործազուրկ են, իսկ մի մասն էլ այստեղ է գալիս իր հիմնական աշխատանքից հետո։ Բոլորս էլ այս գործին նվիրվել ենք հոգու պարտքով եւ որեւէ վարձավճար չենք ստանում, հիմնականում հաշմանդամ երեխաների ծնողներ ենք։ Մեր երեխաների համար հայթայթում ենք դեղորայք, կարիքավորների համար՝ սնունդ, կազմակերպում ենք բուժօգնություն եւ անհրաժեշտության դեպքում՝ պրոթեզավորում։ Մեզ հատկացված մանկապարտեզի այս տարածքում մեր նախաձեռնությամբ սեպտեմբերի 1-ից բացվեց օժանդակ դպրոց, որում ընդգրկված է տարբեր տարիքի 26 հաշմանդամ երեխա։ Մեր բոլոր աշխատողներն էլ ունեն բարձրագույն կրթություն, նրանց մեջ կան հոգեբաններ, լոգոպեդ, բայց արատաբան չունենք։ Երեխաները դպրոցում լինում են ժամը 11-16-ը, նրանց օրական մեկ անգամ կերակրում ենք՝ դժվարությամբ սնունդ հայթայթելով»։ Այստեղ հավաքված երեխաները կտրվում են փողոցից, չեն դառնում թափառաշրջիկ, մուրացիկ ու պոտենցիալ հանցագործ, ավելին՝ իրենց մերժված չեն զգում հասարակությունից։ Դպրոցում սովորում են նաեւ արհեստներ, հացթուխի գործ՝ տեղում ստեղծված արտադրամասի բազայի շնորհիվ։ Սակայն դպրոցն աջակցության կարիք ունի։ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի2-րդ կուրսի ուսանող ԲԱՆՎՈՐ՝ ԿԱՇԱՌՔՈ՞Վ Շիրակի մարզպետ Ֆելիքս Փիրումյանը հերքեց գյումրեցիների բողոքը, թե շինարարական աշխատանքներում ընդգրկելու համար ղեկավարները բնակիչներից 100 դոլար են պահանջում։ «1 մլն դոլարի շինմոնտաժային աշխատանքի կազմակերպման իրականացման դեպքում անհրաժեշտ է շինհրապարակում ունենալ շուրջ 180172200 մարդ՝ մոտ 100 դոլար միջին աշխատավարձով։ Մենք այս տարի կկատարենք ոչ պակաս՝ 7,5 մլրդ դրամի, ստացվում է 1317214 մլն դոլարի շինմոնտաժային աշխատանք՝ ամբողջ մարզում։ Այսինքն, կարելի է ենթադրել, որ դրա միջոցով մոտավորապես 3000 մարդ կաշխատի։ Բացառությամբ միայն մեկ շինարարական կազմակերպության, բոլոր աշխատանքներում աշխատում են Շիրակի մարզի կազմակերպությունները, որոնք շահել են այդ շենքերի կառուցման մրցույթը։ Աշխատում են գյումրեցիները. դրսից, մարզպետից՝ ինձնից, իմ վարորդից ու իմ աշխատակազմի ղեկավարից բացի, բոլորը գյումրեցիներ են։ Դժվար է ենթադրել, որ երեւանցին կարող է գալ այստեղ եւ աշխատել որպես բանվոր՝ հաշվի առնելով ճանապարհածախսը եւ մնացած անհրաժեշտ ծախսերը։ Ինչ վերաբերում է կաշառքին։ Ինչպե՞ս եք ենթադրում, որ բանվոր վերցնելու համար կաշառք վերցնեն։ Կներեք, տենդեր ստանալու համար լսել եմ, որ կարելի է կաշառք տալ եւ շահել, բայց որ տա ու գնա բանվորությո՞ւն անի… Եթե մեզ չեն ասում, թող գոնե ձեզ ասեն՝ կոնկրետ ո՞վ է կաշառք ուզել, թող անունով ասեն։ Մեկը եկել172ասում էր, որ մարզպետարանի կրթության վարչության պետը աշխատանքի չի ընդունել, իրենից գումար է ուզել, որ դասատու աշխատի։ Եվ, որպեսզի ապացուցենք, որ այդպես չէ, մնում է, որ իրեն անպայման աշխատանքի տեղավորենք։ Մի քաղաքացու փորձեցի օգնել, դիմեցի այսինչ մարդուն։ Եվ չհասած այդ մարդու մոտ՝ եկավ, թե՝ գնացի էդ մարդու մոտ, եւ ինքը ասաց՝ մարզպետի ասածը չեմ անի։ Դա սկզբունք է, եւ դա անում են, որպեսզի ստիպված լինեմ հարցը պարտադրված լուծելու, որ տեսնեմ՝ էդ ո՞վ եղավ, որ մարզպետի ասածը չի անում։ Պարզվում է, որ նման բան չի եղել, այլ իրենք են նման նախապայմաններ ստեղծում»։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել