Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 21,2000 00:00

Բռնեմ դունչդ՝ կտրի շունչդ Բաժանվե՞լ, թե՞ վրեժխնդիր լինել Ամուսնու (կամ սիրեցյալի) անհավատարմության մասին լուրը ստանալուն պես (ի դեպ, բոլորովին կարեւոր չէ դրա հիմնավորված կամ ապացուցված լինելը) կանայք կանգնում են վերոհիշյալ երկընտրանքի առջեւ։ Նրանց մի մասը երկար-բարակ խորհելուց հետո՝ ո՞ր ճանապարհն ընտրել, ի վերջո հոգնում է ու հրաժարվում երկու տարբերակից էլ։ Ու շարունակելով իրեն համապատասխան երկարականջ կենդանու տեղը դնել՝ չնկատելու է տալիս իր «տղամարդ կես»-ի վառ արտահայտված «ձախ» հակումները։ Այս հաշվենկատ ուղին ընտրելու համար լինում են լուրջ պատճառներ՝ ֆինանսական կախվածություն ամուսնուց, երեխաներին անհայր չթողնելու ցանկություն, այլընտրանքային տղամարդու բացակայություն, եւ, ի վերջո՝ անտարբերություն կամ արհամարհանք դավաճանի հանդեպ։ Ամուսնալուծվելու ճանապարհը ընտրողները համեմատաբար քիչ են, որովհետեւ հայ կնոջ մեջ մոր կաթի հետ ներարկվում է «այն՝ ինչ տղամարդուն կարելի է, քեզ՝ վա՜յ, մտքովդ էլ չանցնի» նախազգուշացումը։ Ու նրանք, ասիացի կնոջը վայել հեզությամբ (հետո՞ ինչ, որ Եվրախորհրդին ենք անդամակցում) շարունակում են համբերատար կրել իրենց խաչը՝ անհավատարիմ ամուսնուն։ Լավագույն դեպքում, ամիսը 1-2 անգամ, լիցքաթափման համար, սկանդալ են սարքում, մի քանի ափսե, բաժակ ջարդում ու դրանով հագուրդ տալիս իրենց «ջարդիչ-փշրիչ» կրքերին։ Ամուսնալուծվում են ամենահամարձակներն ու ամենաթեթեւամիտները, մեկ էլ նրանք, ովքեր այլեւս կորցնելու ոչինչ չունեն։ Շատ ավելի մեծաքանակ են այն կանայք, ովքեր ընտրում են վրեժի ուղին, որպես ավելի էֆեկտիվ եւ քիչ ժամանակատար ճանապարհ։ Իհարկե, վրեժխնդիր կարելի է լինել «ակն ընդ ական, ատամն՝ ընդ ատաման» տարբերակով. գնալ ու առաջին պատահած քիչ թե շատ տանելի տղամարդու գիրկն ընկնել։ Կարելի է նաեւ «գործադուլ» հայտարարել, չլվանալ, չարդուկել, չեփել, չթափել, չմաքրել, չհավաքել։ Հնարավոր է վրեժխնդրության ուրիշ ձեւ ընտրել. բռնացնել անհավատարիմ ամուսնուն «գործի վրա» ու… չէ, չէ, փողոցային ծեծկռտուքը նման հարցերի լուծման հարմար ուղի չէ։ Կարելի է նրանց վրա եռացրած ջուր կամ աղաթթու լցնել, կարելի է լուսանկարել ու լուսանկարներն ուղարկել բոլոր ծանոթ-բարեկամներին՝ ամանորի բացիկների փոխարեն։ Վրեժխնդրության շատ այլ մեթոդներ էլ կան։ Օրինակ, մի անգլուհի, կասկածելով ամուսնուն, նրա վարտիքի մեջ անտանելի քոր ու ցան առաջացնող փոշի էր լցրել։ Ամուսինն արթնանալով սարսափելի քորից ու տեսնելով գոտկատեղից ներքեւ առաջացած կարմիր ցանը, սարսափած մտածել էր, որ վարակվել է վեներական հիվանդությամբ եւ անկեղծորեն ամեն ինչ խոստովանել էր։ Մի ամերիկուհի՝ հայտնի հոկեյիստի կին, գաղտնի լուսանկարել էր ամուսնուն՝ շատ անհրապույր դիրքով ու տեսքով։ Այդ լուսանկարը արտատպել էր շապիկի վրա, որով էլ հայտնվել էր մարզադաշտում՝ ամուսնու խաղին։ Հաջողությունը բոլոր սպասելիքներից վեր էր։ Իսկ մի ուրիշ ամերիկուհի վրեժխնդիր էր եղել այս կերպ. ամուսնու գործընկերներին հրավիրել էր ընթրիքի, որից հետո բարձրացել էր սեղանին ու սկսել հանվել։ Սթրիփթիզն ուղեկցվել էր «Ես ամուսնուս բոլոր սիրուհիներից էլ լա՜վն եմ» բովանդակությամբ ճիչերով։ Ի՞նչ են մտածում այս մասին մեր կողքին ապրող հայուհիները։ Գրիգորյան Վարդուհի (24 տարեկան)- Ես կբաժանվեի։ Միարժե՛ք։ Եթե չբաժանվեմ, մարդասպան կդառնամ։ Կարծում եմ՝ չարիքներից փոքրագույնը բաժանվելն է։ Չեմ ուզում ձեռքերս դավաճանի արյունով արյունոտվեն։ Մնացականյան Քնարիկ (32 տարեկան)- Վրեժ կլուծեի։ Ինչքան կոնյակ ունի, բոլորը կջարդեի։ Կոնյակների ընտիր հավաքածուներ ունի։ Բոլորը կջարդեի, կփշրեի։ Թող գլուխը պատերին խփի։ Սարգսյան Լուսինե (44 տարեկան)- Ես արդեն վրեժ լուծել եմ։ Օ՜, ինչ հաճույք էի ստանում ամեն առավոտ դավաճան ամուսնուս սուրճի մեջ թքելով։ Նա այդպես էլ ոչինչ չիմացավ, բայց ես ինձ լրիվ փոխհատուցված զգացի։ Ալեքսանյան Սրբուհի (28 տարեկան)- Ես գիտեմ ինչպես վրեժ կլուծեի։ Երեխաներիս մեջ ահավոր թշնամանք կսերմանեի իրենց անհավատարիմ հոր հանդեպ։ Թող իմանան, թե ինչ տանջանքներ է կրել իրենց մայրն այդ սրիկայի ձեռքին։ Վարդանյան Լյալյա- Բոլորովին վրեժ չէի լուծի։ Ես գիտեմ, որ բոլոր տղամարդիկ էլ նույնն են՝ չեն բավարարվում մի կնոջով։ Այդ առումով վստահ եմ, որ չի կարելի բնությանը դեմ գնալ։ Անօգուտ է։ Թող որքան ուզում է «լեվի» գնա, միեւնույն է, վերադառնալու է իմ տաքուկ գիրկը։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել