Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 21,2000 00:00

ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ՆՈՐԻՑ ԾԽՈԻՄ Է 230-ԱՄՅԱ ԳՈՐԾԱՐԱՆԸ Ալավերդիի պղնձաձուլական գործարանի հիմնադրման 230-ամյակին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց նոյեմբերի 18-ին՝ Ալավերդի քաղաքում։ Գործարանն այժմ հանդիսանում է «Մանես եւ Վալլեքս» ՓԲԸ սեփականությունը։ 2000թ. փետրվարի 20-ից հետո (երբ երկրորդ անգամ գործարկվեց մետալուրգիական արտադրամասը), ձեռնարկության աշխատակիցների թիվն անցավ 500-ից։ Միջին աշխատավարձը, ըստ ընկերության ֆինանսական տնօրենի, 75000 դրամ է։ Ալավերդիի նման փոքր քաղաքում (ըստ պաշտոնական տվյալների՝ քաղաքն ունի 22000 բնակչություն, սակայն տեղացիների կարծիքով՝ «հազիվ 12-14 հազար մարդ մնացած լինի») այդ 500 աշխատատեղն էլ մեծ բան է։ Առավել եւս, երբ «Մանես եւ Վալլեքսը» խոստանում է առաջիկա տարիներին աշխատատեղերը կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել։ Թերեւս դա էր պատճառը, որ տոնական շքերթի նմանվող հավաքի ժամանակ ալավերդցի դպրոցականներն իրենց ելույթներում ընկերության գլխավոր տնօրենին մեկ որպես «արքայազն» էին ներկայացնում, մեկ՝ «Ձմեռ պապ», մեկ էլ՝ «փրկիչ»։ Ալավերդիում մեր եղած կարճատեւ ժամանակահատվածում անգամ հասցրինք զգալ բնակիչների երկատվածությունը։ Մի մասը (հիմնականում նրանք, ովքեր աշխատում են կամ գոնե հույս ունեն, որ շուտով կաշխատեն գործարանում) գրեթե աստվածացնում էր Վալերի Մեջլումյանին։ Մաքսիմ Կիրակոսյան- 40 տարի աշխատել եմ այս գործարանում, հիմա թոշակի եմ անցել, բայց շատ ուրախ եմ, որ գործարանն աշխատում է։ Կոչ եմ անում բոլոր ալավերդցիներին, որ էլ չհետեւեն նրանց, ովքեր այս գործարանը քանդեցին, հացադուլ արեցին։ Թող բոլորը համախմբվեն գործարանի ղեկավարության շուրջը. օգնեն Վալերիին՝ ոտքի կանգնեցնել գործարանը։ Ես էն մարդկանց, ովքեր քանդեցին գործարանը, ժողովրդի թշնամի եմ համարում։ Էդ գործարանը, որ չաշխատեց, ամբողջ Ալավերդին սովի մատնվեց։ Ես ԽՍՀՄ դեպուտատ եմ եղել՝ կրկնակի, կոմունիստ եմ։ Մարտուն Աղաջանյան- Առաջ օրական 200-250 տոննա պղինձ էինք արտադրում, հիմա՝ 10 տոննա։ Բայց պայքարում ենք, որ շատացնենք։ Վալերիկը ալավերդցի տղա է, իր հայրը մեզ հետ է աշխատել՝ ձուլող է եղել։ Հիմա եկել է, հայրենիքը շենացնում է։ Ամբողջ քաղաքում միայն էդ գործարանն էր աշխատում, դա էլ փակել էին։ Բնապահպանական խնդիրներն ապագային թողնենք, դա էլ կլուծվի, կորոշվի, ոչինչ, յոլա կգնանք։ Հիմա կարեւորը աշխատանքն է։ Առաջ 4500 մարդ էր աշխատում, հիմա 500։ Հույս ունենք, որ էլի կշատանան։ Բնակչության մյուս, ավելի փոքրաթիվ մասը (մեզ հանդիպածներից) գտնում էր, որ իրենց զավակների շնչած մաքուր օդն ավելի կարեւոր է, քան կուշտ փորը։ Սահակյան Գրիգոր- Հազիվ էինք պրծել էս անվերջ ծխից։ Կահույքի, պատուհանների վրա ամբողջ օրը մուր է նստած, չի մաքրվում։ Շնչածներս չգիտենք՝ օ՞դ է, թե՞ թույն։ 40-ին մոտ մի կին, որը չցանկացավ ներկայանալ, ասաց. «Հիմի քաղաքը սրանց ձեռն ա, մի օր երեխեքիցս իմ ասածների համար վրեժ կլուծեն։ Չեմ ասի անունս»։ Կարծում էր, թե Վալերի Մեջլումյանն արդեն հոգնել է ՀՀ չինովնիկների եւ հարկահավաքների, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարների հետ անընդհատ պայքարելուց, Հայաստանի այս «հակագործարար» օրենքներից եւ հիմա ուզում է «էս գործարանը մեկնումեկի վզին փաթաթի, ինքը թողնի-փախնի իրա Մոսկվան»։ Իսկ 63 տարեկան Գեւորգ բիձան (ինքն այդպես ներկայացավ) գտնում էր, որ «Ավելի լավ է մեր երեխեքը մի փոր քիչ հաց ուտեն, քան թոքերի հիվանդությամբ ընկնեն հիվանդանոց։ Աղջիկ ջան, դու հեչ չես պատկերացնում էս քաղաքի օդի վիճակը։ Շնչելու բան չի, արտաշնչելու բան չի։ Ոնց որ բաց-բաց աչքով թույն շնչես։ Բա մեր քորփեքը մեղքը չե՞ն։ Ուզում են պղինձ արտադրեն, թող սարքավորումներ դնեն՝ օդը մաքրող, նոր արտադրեն»։ Գործարանն այսպես թե այնպես, աշխատում է եւ օրվա հացով ապահովում առնվազն 500 ընտանիքի։ Լավ աշխատող վաստակաշատ 4 բանվորի ՀՀ նախագահը թանկարժեք հուշանվեր էր ուղարկել, եւս 8 հոգու շվեյցարական ժամացույցներով պարգեւատրեց գործարանի տնօրինությունը։ Բազմության միջից բարձրաձայն կարծիքներ հնչեցին, որ բանվորներին շվեյցարական ժամացույց պետք չէ եւ նրանք, անկասկած, այդ ժամացույցները կվաճառեն «մարզի թռփոշ տղերքին»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել