Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 21,2000 00:00

ՄԱՆՐ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ ԽՈՇՈՐ ՇԱՐԺՈ՞ՒՄ ԵՆ ՍԿՍԵԼ Մայրաքաղաքի տոնավաճառների աշխատակիցները երեկ ցույցի էին դուրս եկել։ Թողած իրենց աշխատանքային սեղանիկներն ու կրպակները, մանր առեւտրականները կառավարության շենքի մոտից ուղեւորվեցին եւ մի քանի ժամ շարունակ բողոքի ցույց անցկացրին ԱԺ-ի մոտ։ Ցուցարարները բողոքում էին ՀԴՄ-ների դեմ. «Մնում է խնձոր ծախողի վրա էլ ՀԴՄ դնեն»,- դժգոհեց Ավետիս Պետրոսյան անունով մի մանր առեւտրական։ «Մեկ մետրի վրա ես ի՞նչ «կասսա» դնեմ։ Ես գնում եմ Սադախլո, ընդամենը 100 դոլարով, էդ ի՞նչ պիտի աշխատեմ, որ «կասսա» դնեմ։ 50 տարի աշխատելուց հետո, էսօրվա դրությամբ ես սոված ընկել եմ փողոցները։ Ես չգիտեմ, «կասսան» որտե՞ղ կարելի ա դնել էդ 90 դոլարի վրա»,- դժգոհում էր Նորքի զանգվածի շուկայում աշխատող մի կին։ Արմեն Դերձակյան- Ասում են՝ առեք-դրեք, դուք չեք հարկվելու, հարկվելու է այն մարդը, որը բերել-դրել է։ Բայց մենք գումար չունենք, որ առնենք։ «Եթե «կասսովի» դնեն, փակելու ենք, էթանք Ռուսաստան», «Թողեք թող մեր կոպեկները մեզ մնան» այս եւ նման բառերով բողոքում էին ցուցարարները։ Նրանց լսող ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը փորձում էր բողոքողներին որոշ բաներ բացատրել, բորբոքված մարդիկ ոչինչ չէին հասկանում։ Սեյրան Քեհյանն ի վերջո փորձեց հստակ շարադրել. «Մենք պատգամավորներից պահանջում ենք արտահերթ նստաշրջան գումարել մեր հարցը լսելու համար։ Մեր միակ պահանջն այն է, որ տոնավաճառներում, կրպակներում, ժամանակավոր օբյեկտներում ՀԴՄ-ներ չտեղադրեն»։ ԱԺ պատգամավոր, ՀԿԿ խմբակցության անդամ Նորիկ Պետրոսյանը հարցն անմիջապես քաղաքականացրեց. «Կուզենայի, որ այս մարդիկ ավելի լուրջ բանով զբաղվեին, իմանային ինչ եղանակով որ երկիրը քանդել են, այդ եղանակով էլ վերականգնեն»։ Որպես «այդ» եղանակ՝ ընկեր Պետրոսյանը նկատի ուներ «փողոց դուրս գալը, բարիկադներ ստեղծելը, զոռով պահելը, պատգամավորներին ճնշելը, ստորագրություն վերցնելը եւ այլն»։ Երեկ ամբողջ օրը չաշխատեց նաեւ «Փեթակը»։ Աշխատողները ցույցի էին դուրս եկել։ Նրանք, ինչպես նաեւ քաղաքի մյուս տոնավաճառների աշխատողները որոշել են շարունակել պայքարը մինչեւ վերջ. «Մի երկու կոպեկ ենք աշխատում, էն էլ են շատ համարում, պետությունն ինքը ոչինչ չի անում մեզ համար, միայն խանգարում է»։ Այսպես էին դժգոհում մանր առեւտրականները։ Գարիկ Պողոսյանի կարծիքով էլ՝ «Ինչպես տարիներ առաջ Վանոն կրակմարիչներն էր զոռով սաղացնում վարորդների գլխին, այնպես էլ հիմա էդ հաշվիչ մեքենաները։ Հաստատ մեկը մեր հաշվին լուրջ գումար է ուզում դիզել։ Բայց էս անգամ չեն մարսի։ Էլ տեղ չկա համբերելու»։ Երեկ, արդեն ժամը 16-ի սահմաններում, «Փեթակի» մի քանի աշխատակիցներ, ովքեր արդեն ԱԺ-ի մոտից վերադարձել էին իրենց փակ կրպակների մոտ, պնդում էին, թե ԱԺ-ում ՀԴՄ-ների հարցով արտահերթ նիստ անցկացնելու օգտին հավաքվել է անհրաժեշտ 44 ստորագրություն։ Օրվա վերջում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանից տեղեկացանք, որ հավաքվել էր 31 ստորագրություն։ Պրն Բաղդասարյանը վստահ էր, որ այսօր արդեն բավարար քանակի ստորագրություն հավաքված կլինի եւ չորեքշաբթի օրը ժամը 18-ին կհրավիրվի արտահերթ նիստ՝ մարդկանց հուզող ՀԴՄ-ների հարցը նայելու համար։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել