Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 21,2000 00:00

ՌՈԲԵՐՏ ՇԻՆԱՐԱՐ Անցած շաբաթ նախագահ Քոչարյանը զբաղված էր նոր օբյեկտների ժապավեններ կտրատելով եւ իր իսկ նախընտրական խոստումները գլխապտույտ հաջողությամբ պսակելու կապակցությամբ իրեն շնորհավորելով։ Իսկ ո՞ւմ պետք է իր երախտագիտությունը հայտնի ժողովուրդը Հրանտ Վարդանյանի հերթական համատեղ ձեռնարկության՝ «Գրանդ Մասիսի» բացման համար։ Իհարկե, նոր աշխատատեղեր բացելու խոստում տված Քոչարյանին։ Թեեւ Քոչարյանն այս սուրբ գործում իրեն օգնած հայրենական արտադրողին սեւ երախտամոռությամբ պատասխանեց՝ ժողովրդին հայրաբար հորդորելով ծխախոտ արտադրել, բայց չծխել։ Բայց սա վատ մտքով չարեց. նախագահ է եւ չի կարող առողջությանը վնասող ապրանք գովազդել։ Նախագահները կարող են գովազդել միմիայն իրենց՝ ծխախոտի հերթական արտադրության բացմանը՝ իքս թվով աշխատատեղեր ստեղծելու առիթով։ Իսկ եթե լսենք նախագահի հորդորն ու թողնենք ծխելը, այդ աշխատատեղերի փակման մեղավորները կդառնանք։ Այլ բան է Դավիթաշենի կամուրջը, որը դարձյալ անցած շաբաթ բացեց Քոչարյանը. սա արդեն նվիրական ընծա է ժողովրդին մեր երկրորդ նախագահից։ Նա ցուցաբերեց, իր իսկ խոսքերով ասած՝ քաղաքական կամք եւ ցնցող արդյունքի հասավ։ Իսկ որքա՜ն քաղաքական կամք է հարկավոր, երկու տարում (ճիշտ է՝ մասամբ) ավարտելու դեռեւս 23 տարի առաջ կոմունիստների սկսած գործը։ Սկզբում կամուրջը կառուցում էին կոմունիստները, սակայն նրանց քաղաքական կամքը կոտրեցին իշխանության եկած դեմոկրատները, որոնց այժմ «նախկիններ» են ասում։ Մի քանի ճգնաժամային տարիներ անց վերջիններիս մեջ էլ արթնացավ քաղաքական կամքն, ու վերսկսվեց կամուրջի շինարարությունը։ Այդ կամքի արթնացումն այնքան ուժեղ էր, որ խորհրդարանի «Հանրապետություն» բլոկը ստիպված էր ընդդիմանալ այն ժամանակվա վարչապետներից մեկին՝ Ռոբերտ Քոչարյանին եւ պնդել, որ Դավիթաշենի կամրջի շինարարությունն ընդգրկվի բյուջետային ծախսերում։ Հետո, սակայն, նույն այդ վարչապետը դրսեւորեց մի այնպիսի՜ քաղաքական կամք, որ խամրեցին բոլորն, ու ինքը դարձավ նախագահ։ Եվ նույնիսկ իր աթոռին այնքան ժամանակ մնաց, որ հասցրեց կտրել անգամ կամրջի բացման ժապավենը։ Ստացվում է, կամուրջը կառուցել է հենց ինքը։ ԳԵՆՈՖԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել