Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 18,2000 00:00

ՆԳ-ից՝ ուղիղ հոգեբուժարան Մեր թերթի երեկվա համարում տպագրված «Մարդը կորավ օրը ցերեկով» հրապարակման մեջ կարճ ահազանգ էր հնչել, որ Շենգավիթի ՆԳ բաժանմունք, անձնագիր ստանալու պատրվակով հրավիրված առաջին կարգի հաշմանդամ 63-ամյա Սարգիս Լեւոնի Արզումանյանը օրը ցերեկով անհետացավ հենց բաժանմունքից։ Նրան ուղեկցող Ռիտա Ալիխանյանին ՆԳ բաժանմունքի տեսուչները հարկ չէին համարել նույնիսկ բացատրություն տալ։ Ինչպես եւ խոստացել էինք, մանրամասները ներկայացնում ենք այսօր։ Ի դեպ, մեր հրապարակմամբ անմիջապես սկսել է զբաղվել Շենգավիթի համայնքի դատախազությունը։ Համայնքի գլխավոր դատախազ Հրաչիկ Բադալյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք զբաղված են ՆԳ բաժանմունքի գործունեության օրինականության ստուգմամբ։ Աշխատանքի ավարտից հետո պրն դատախազը խոստացավ արդյունքների մասին հայտնել թերթին։ Իրականում, Սարգիս Արզումանյանը ոչ թե անհետացել է կամ «լուսին է թռել», ինչպես ասաց մի օրինապահ, այլ՝ տեղափոխվել է Սեւանի հոգեբուժարան։ Գլխավոր դատախազի մոտ եղած փաստաթղթերի մեջ կար 1982 թ. բժշկական տեղեկանք՝ այն մասին, որ Սարգիս Արզումանյանը «հաշվառման մեջ է 1982թ.՝ շիզոֆրենիա պարանոիդ ձեւ, անընդհատ պրոգրեդիենտ ընթացքով հուզակամային ոլորտի իջեցումով» ախտորոշմամբ։ Մեր հեռախոսային զրույցի ընթացքում Սարգիս Արզումանյանի կինը՝ տիկին Օֆելյան, եւս հաստատեց ամուսնու հիվանդությունը, թեպետ նա ուրիշ թվական նշեց՝ 1979։ Տիկին Օֆելյայի ասելով, Ս. Արզումանյանի խնամակալը իրենց դուստրն է՝ Նարինե Արզումանյանը։ Իսկ Դոդոխյան 17 հասցեում գտնվող սեփական տունը Ս. Արզումանյանի մայրը ժամանակին կտակել է թոռնուհուն։ «Կորածի» լոսանջելեսաբնակ քրոջ՝ Լուսիկ Արզումանյանի կողմից խնամակալ ճանաչված Ռիտա Ալիխանյանի ասելով, Սարգիս Արզումանյանը բոլորովին էլ հիվանդ չէ եւ որ նրա աղջիկների եւ կնոջ ուզածը Ս. Արզումանյանի 4000 թոշակը ստանալն է եւ նրան հատկացված բնակմակերեսին տիրանալը։ Երկու կողմերն էլ փոխադարձաբար պնդում են, թե հակառակ կողմը ՆԳ համակարգում ծանոթ-բարեկամ աշխատակից ունի, որն էլ, իբրեւ թե, հովանավորում է կողմերից յուրաքանչյուրին։ Խմբագրություն էր բերվել Լեփսիուսի 6 փողոցի 19 շենքի թիվ 20 տան բնակչի ստորագրությամբ մի նամակ, որի հեղինակները վստահեցնում են, թե «Սարգիս Արզումանյանն ապրել է այդ ընտանիքում, որի հետ շփվել ենք մենք։ Սարգիսը մեզ վրա թողել է գերազանց տպավորություն իր հանգստությամբ, մարդկանց նկատմամբ հարգալից վերաբերմունքով, իրեն պահել է միանգամայն նորմալ, լավ զրուցակից է, գրագետ»։ Ներկայացնելով բոլոր կողմերի տեսակետները, կարող ենք ենթադրել, որ օրինապահ մարմիններն իրենց գործը բարեխղճորեն կկատարեն եւ թղթերին հավատալուց կամ չհավատալուց առաջ, կփորձեն հանդիպել եւ զրուցել նաեւ այս ամբողջ պատմության մեջ թերեւս առայժմ միակ հնարավոր տուժողին՝ Սարգիս Արզումանյանին եւ նույնիսկ, եթե հարկ կլինի, նոր փորձագիտական-բժշկական զննում կանցկացվի։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել