«ԿՈՐԵԼ» Է ԶԻՆՎՈՐ Խմբագրությունն ահազանգ ստացավ, որ կենտրոնական զինվորական հոսպիտալից 3 օր առաջ անհետացել է մի հիվանդ զինվոր։ Նախ, ճշտեցինք զինվորի ինքնությունը. Արտյոմ Սավելի Շահինյանն էր, որն այս տարվա սեպտեմբերի 22-ից ընդունվել էր նյարդաբանական բաժանմունք, ուր գտնվել է մինչեւ իր «անհետանալը»։ Արտյոմ Շահինյանը 1999թ. նոյեմբերի 9-ից ծառայել է ԼՂՀ զորամասերից մեկում։ Այս տարվա ապրիլին, լինելով դիրքերում, կերել է իրեն անծանոթ բույս («փուշ», որն իր մեջ նարկոտիկ հատկություններ է պարունակում), ընկել «կոմայի» մեջ։ Նախ հայտնվել է տեղի բուժմասում, հետո հեռացել (ինքնակամ) անտառ, հայտնաբերվել, ապա 13 օրով վերադարձվել Մարտակերտի ՌՈ հաուպտվախտ։ Առողջական վիճակի պատճառով Արտյոմին տեղափոխում են Ստեփանակերտի զինհոսպիտալ, այնտեղից էլ վերոնշյալ՝ Երեւանի կենտրոնական հոսպիտալը։ Երեկ փորձ արեցի զրուցել նյարդաբանական բաժանմունքի պետ Արմինե Սերոբյանի եւ բժիշկ-հոգեբույժ Անժելա Պողոսյանի հետ։ Ես ուզում էի ճշտել, թե որքանով է մեր տեղեկությունը ճիշտ՝ Արտյոմի հիվանդանոցից կորելու մասին։ Նրանք հրաժարվեցին որեւէ տեղեկություն մեզ տրամադրել, առանց իրենց վերադասի թույլտվության։ Քանի որ վերադասը հոսպիտալում մեր գտնվելու պահին տեղում չէր, երկրորդ անգամ այցելեցի հոսպիտալ (երեկ, 15։00-ին՝ տեսակցության ժամին)։ Կենտրոնական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Փարսադանյանը «խոսելու» ցանկություն չդրսեւորեց, ասաց, որ պետք է լինի թույլտվություն, քանի որ ես գտնվում եմ «ռազմական» տիրույթներում։ Նրա առանձնասենյակ եկած մեկը (իր վերադասը, այդպես հասկացա) պաշտոնապես ասաց (երբ բացեցի տետրս). «Գրեք։ Կենտրոնական հոսպիտալի պետն ասաց՝ բոլոր զինվորական հարցերը լուծվում են ՊՆ լրատվական վարչության հետ»։ Բայց իմ առարկությանը, որ գոնե ճշտեք, ո՞ր զինվորի հետ կապված եմ եկել հոսպիտալ, տեղի տվեց եւ իմանալով, որ խոսքն Արտյոմի մասին է, ասաց, որ այո, նա 3 օր է հոսպիտալից անհետացել է, եւ նրա հարցով զբաղվում է ռազմական ոստիկանությունը։ Ես փորձեցի դիմել նաեւ ՊՆ լրատվական կենտրոնին՝ խոսելու, «թույլտվություն իջեցնելու» նպատակով։ Լրատվականում պատասխանող չկար։ Զինվորի հոսպիտալից անհետանալու լուրը հաստատեց եւ նրա մայրը՝ Լարիսա Շահինյանը։ «Նա իմ միակ զավակն է։ Ես միայնակ մայր եմ։ Օգնեք գտնեմ նրան»,- հուզված ասում էր նա։ Իսկ երբ հարցրինք, թե հեռագրեր ուղարկե՞լ է, տեղյակ պահե՞լ է ռազմական ոստիկանությանը, զինվորական դատախազությանը, ասաց, որ նյութական միջոցներ չունի հեռագրեր տալու համար։ Մենք դիմեցինք նաեւ ՊՆ ռազմական ոստիկանության զորամասը ինքնակամ լքածների բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Ալեքսանյանին։ Վերջինս ասաց, որ Արտյոմ Շահինյանի վերաբերյալ իրենք հոսպիտալից ահազանգ են ստացել նոյեմբերի 15-ին եւ որ դեռ հայտնաբերված չի։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ