Անահիտ Բախշյանն «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 27-ի գործով այժմ միայն որպես վկա անցնող Նաիրի Բադալյանի դեմ մի ցուցմունք է մնացել, ըստ որի՝ վերջինս է խորհրդարան ուղեկցել Հունանյաններին եւ եւս մեկ հոգու։ Այս առնչությամբ «Առավոտի» հարցին ի պատասխան Նաիրի Բադալյանն ասաց, որ չնայած ծանոթացել է գործի՝ իրեն վերաբերող բոլոր նյութերին. «Բայց ինձ նման ցուցմունք հայտնի չէ»։
Առեղծվածային «եւս մեկ հոգու»՝ բացառյալ՝ Հունանյանների հետ ԱԺ մտնելու փաստը, ըստ Նաիրի Բադալյանի, գաղտնիք չէր. «Դրա մասին էս դեպքից 20 րոպե անց ասել եմ Վահան Շիրխանյանին, հետո իմ հոկտեմբերի 28-ի, նոյեմբերի 1-ի ցուցմունքներում»։ Այլ հարց է, թե ինչպես է դա մեկնաբանվել։
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՄԵՂՐԻԻ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ
Կարդացեք նաև
HTB հեռուստաընկերության «Սեգոդնյա» լրատվական ծրագրով նոյեմբերի 16-ին հաղորդվեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետեւյալ հայտարարությունը. «Հայրս հոկտեմբերի կեսերին ինձ հետ խոսել է Մեղրիի տարբերակի մասին։ Քննարկվել է նման տարբերակ։ Նա ծայրահեղ մտահոգված էր եւ ասաց, թե դեմ կլինի եւ կկանգնի մինչեւ վերջ»։ Նույն հաղորդման մեջ հնչեց նաեւ Աշոտ Մանուչարյանի պարզաբանումը, թե ում նկատի ուներ, երբ պնդում էր, թե որոշ երկրներ քայքայիչ գործունեություն են ծավալել ընդդեմ Հայաստանի՝ Գոբլի ծրագիրն իրականացնելու նպատակով եւ այս համատեքստում են հոկտեմբերի 27-ը եւ մարտի 22-ը. «Խոսքը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հատուկ ծառայությունների մասին է»։
ՀԵՌԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՍՏԱՑՎԵԼ
«Առավոտի» նոյեմբերի 14-ի համարում տպագրված «Ռոբերտ Քոչարյանը՝ որպես թագավոր…» հոդվածը, ուր պատմվում էր Արուսյակ Ղազարյանի եւ նրա 4 անչափահաս երեխաների ծանրագույն սոցիալական վիճակի մասին, շարունակում է արձագանքներ ստանալ։ Մասնավորապես, ինտերնետով մեր թերթը ընթերցող սփյուռքահայերից մեկը պատրաստ է ընտանիքին ֆինանսապես օգնել։
«Առավոտը» երեկ ստացավ նաեւ «Օրրան» բարեգործական կազմակերպության շնորհակալագիրը։ Ի դեպ, «Օրրանի» բարեգործական ծրագրում ընդգրկված է տիկին Արուսյակի չորս աղջիկներից մեկը՝ Սեդան։ «Հուսով ենք՝ ձեր լուսաբանումը առիթ կտա այլ անհատների, կառավարության անդամների ուշադրությանն արժանացնել ոչ միայն այս, այլեւ հազարավոր նմանատիպ ընտանիքների»,- գրում է «Օրրանն» «Առավոտին»։
Սեփ. լր.