Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 17,2000 00:00

Խանգարեց մարզավիճակը Շախմատի Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը Ստամբուլից վերադարձավ Երեւան։ Մեր մարզական էջի պատասխանատու Աշոտ Հակոբյանը երեկ հանդիպեց ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Վանիկ Զաքարյանին եւ խնդրեց տալ մեր տղաների եւ աղջիկների մրցելույթների իր գնահատականը։ «Տղաների ցույց տված արդյունքն, իհարկե, վատ է,- ասաց պրն Զաքարյանը։- Նրանք մինչեւ 9-րդ տուրը լավ էին հանդես գալիս եւ Գերմանիայի թիմի հետ բաժանում էին 1-ին եւ 2-րդ տեղերը։ Դրան հաջորդած հինգ տուրերում մերոնք կորցրին մի շարք կարեւոր միավորներ, որի արդյունքում, ինչպես գիտեք, ի վերջո հանգրվանեցին 17-րդ տեղում։ Սովորաբար այսպես է լինում. երբ լավ ես խաղում, պատճառը մեկն է ու բոլորին հայտնի, իսկ երբ ձախողվում ես, պատճառներն էլ շատ են լինում։ Դրանցից առաջինն այն է, որ բացի Աշոտ Անաստասյանից, մյուս մասնակիցները լավ մարզավիճակում չէին, երկրորդը, որ նույնպես շատ կարեւոր էր, Վլադիմիր Հակոբյանի բացակայությունն էր, որը հնարավորություն չտվեց, հատկապես վերջին տուրերում, հաջող խաղալ առաջին եւ երկրորդ խաղատախտակների առջեւ։ Նման մրցաշարերում, երբ չես կարողանում առաջին խաղատախտակի վրա կայուն վիճակ ստեղծել, դա ազդում է նաեւ մյուսների վրա»։ – Ո՞րն էր տղաների վատ մարզավիճակում լինելու պատճառը։ Չէ՞ որ նրանք նախապատրաստվում էին օլիմպիադային, ուսումնամարզական հավաքներ անցկացնում։ – Սկսենք Վահանյանից։ Իմ կարծիքով նա հասել է այն տարիքին (եկող տարի կլրանա Ռաֆայելի 50-ամյակը), որ արդեն դժվարանում է առաջին խաղատախտակի առջեւ հանդես գալ։ Լպուտյանը ծաղկաձորյան հավաքից վատառողջ վերադարձավ Երեւան։ Ստամբուլում էլ առաջին երկու օրը ջերմություն ուներ ու դրանից հետո չկարողացավ լիովին վերականգնվել։ Նա սովորաբար կամ շատ լավ մարզավիճակում է լինում, կամ շատ վատ։ Ցավոք, այս անգամ «հաղթեց» երկրորդը։ Արտաշես Մինասյանն էլ իր իսկական խաղը չկարողացավ ցուցադրել։ Ինչ վերաբերում է Կարեն Ասրյանին ու Գաբրիել Սարգսյանին, նրանք դեռ երիտասարդ են ու դեռեւս մրցափորձի պակաս ունեն։ Ճիշտ է, Կարենի ցույց տված վերջնական արդյունքը տեխնիկական տեսակետից վատ չէ, բայց խաղի որակը աճելու դեռ բավականին տեղ ունի։ Միակը, որ լավ մասնակցեց, Աշոտ Անաստասյանն էր։ Ի դեպ, նա չորրորդ խաղատախտակների մրցամարտում նվաճեց ոսկե մեդալ՝ 12 հնարավորից վաստակելով 9 միավոր։ Անկեղծ ասած, մարզական բախտն էլ երես էր թեքել։ Եթե նույնիսկ վերջին տուրում էլ հաղթեինք Մակեդոնիային, կարող էինք հայտնվել 5-6-րդ տեղերում։ Իսկ Մակեդոնիան մեր ունեցած բոլոր մրցակիցներից ամենաթույլն էր։ – Հնարավո՞ր է, որ Թուրքիայում մեր թիմի շուրջ ինչ-որ բացասական մթնոլորտ կար, որը կարող էր «զանգվածային ձախողումների» պատճառ դառնալ, կամ, ասենք, թիմի ներսում կնճռոտ հարաբերություններ էին տիրում։ – Ոչ։ Վերաբերմունքը նորմալ էր, իսկ տղաներն էլ հաշտ ու համերաշխ ընկերներ են։ – Փաստորեն ամեն ինչ սկսվեց Գերմանիայի թիմի հետ հանդիպումից, երբ, մասնավորապես, Վահանյանը սպիտակներով գրեթե առանց պայքարի պարտվեց Յուսուպովին։ Ի դեպ, դա տարօրինակ չէ՞ր։ Գիտենք, որ Ռաֆայելը երկար տարիներ բնակվում է Գերմանիայում… – Ըստ էության նահանջը սկսվեց հենց այդ օրվանից։ Բայց ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, այդպիսի բան բացառվում է։ Շախմատում պայմանավորված խաղեր չեն լինում։ Վահանյանի բոլոր պարտիաներն էլ Ստամբուլում կարճ են տեւել։ Պարզապես, այլեւս չի կարողանում երկար ժամանակ պայքարել, նյարդայնանում է։ Փաստորեն Ռաֆայելը վերջին տարիներին մի տեսակ դուրս է եկել մեծ շախմատից։ Գերմանիայում էլ իր ակումբի կազմում հանդես է գալիս չորրոդ խաղատախտակի առջեւ ու գրեթե միշտ հանդիպում է իրենից թույլ շախմատիստների հետ։ – Ուրեմն հավաքականում սերնդափոխության ժամանա՞կն է։ – Այո, եկող տարվա աշնանը Երեւանում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնությունը Վահանյանի համար վերջինը կլինի Հայաստանի հավաքականի կազմում, եթե խաղա։ Նա հրաժեշտ կտա մեծ շախմատին։ Տեսնում եք, սկսել ենք ակտիվացնել երիտասարդներին, որոնց մեջ, բացի Կարենից ու Գաբրիելից, հույսեր ենք կապում նաեւ Լեւոն Արոնյանի հետ։ Բայց ժամանակ է պետք, որպեսզի նրանք հասնեն ցանկալի վստահության։ – Հակառակ տղաների, մեր աղջիկների մրցելույթները հաջող էին։ – Անշուշտ։ Նրանք եզրափակեցին առաջին տասնյակը, թեեւ կարող էին ավելի բարձր տեղեր գրավել։ Էլինա Դանիելյանը շարունակում է մնալ հանրապետության թիվ մեկ շախմատիստուհին, բայց հաճախ խաղի նկատմամբ ոչ լուրջ վերաբերմունք է դրսեւորում։ Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հլղաթյանն ավելի լուրջ են վերաբերվում իրենց գործին, բայց խաղով զիջում են Էլինային։ Ասեմ, որ Գոհարը, որ ամենից ավելի հաջող հանդես եկավ Ստամբուլում, լրացրեց գրոսմայստերի առաջին բալը։ Աղջիկների թիմում ամենացավոտը չորրորդ անդամի հարցն է, որին հիմնականում հավակնում են Նելլի Աղինյանը, Նարինե Գասպարյանը (Վանաձորից) եւ Լիլիթ Գալոյանը։ Այդ խնդրով զբաղվում է թիմի մշտական մարզիչ Արսեն Եղիազարյանը։ Ի դեպ, Արսենն այնտեղ ստացավ գրոսմայստերի կոչում։ – Օլիմպիադայի օրերին կայացավ նաեւ ՖԻԴԵ-ի համաժողովը։ Հայ շախմատասերին ավելի շատ հետաքրքրող ի՞նչ հարցեր քննարկվեցին։ – Նախ, մեկ անգամ եւս հաստատվեց, որ 2001 թ. աշխարհի առաջնությունը կկայանա Երեւանում։ Դրանից հետո, հավանաբար, այստեղ կրկին կհավաքվեն մինչեւ 20 տարեկան շախմատիստները՝ վիճարկելու աշխարհի չեմպիոնի կոչումը։ Միջազգային վարպետի կոչում շնորհվեց Վարուժան Հակոբյանին, Արսեն Ստամբոլյանին, Գեորգի Թումանյանին եւ Նարինե Գասպարյանին, իսկ Անուշավան Առաքելյանին շնորհվեց միջազգային կարգի մրցավարի կոչում։ Կատարվեց նաեւ աշխարհի առաջնության, որի մեկնարկը տրվելու է նոյեմբերի 27-ին Հնդկաստանում, վիճակահանությունը։ Առաջին տուրում մեր տղաների մրցակիցներն են. Ասրյան-Վան Վելլի (Հոլանդիա), Վահանյան-Համդուչի (Մարոկկո), Լպուտյան-Բլեմ (Լեհաստան), Մինասյան-Վիլամայոր (Ֆիլիպիններ)։ Հակոբյանը պայքարի մեջ կներգրավվի երկրորդ շրջանից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել