Մեկից կիսանդրի են գողանում, մյուսից՝ մաս պոկում-տանում Օրերս մենք անդրադարձել էինք Վրաստանում Րաֆֆու գերեզմանի պղծման դեպքին։ Խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի եւ ասաց. «Դուք գրում եք Րաֆֆու գերեզմանի պղծման մասին, բայց շաբաթ օրը մենք Թոխմախի գերեզմանոցում էինք, Սիփան Շիրազի գերեզմանաքարի կիսանդրին էին գողացել, իսկ Մինասի գերեզմանի վրա էլ քարեր ու երկաթե ձողեր էին թափված…»։ Սիփան Շիրազի գերեզմանաքարի պղնձե կիսանդրին գողացել են դեռ անցյալ տարի, եւ մեր թերթը այս մասին գրել է։ Ցավոք, իրավապահ մարմինները մինչ օրս չեն հայտնաբերել պղնձի սիրահար գողերին։ Երեկ այցելեցինք Երեւանի քաղաքային պանթեոն (Թոխմախ), ուր թաղված են մեծ արվեստագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ։ Մուտքի, այսպես կոչված, դռնապանն է, որը ավտոմեքենաներով գերեզման մուտք գործելուն աջակցում է եւ հուշում՝ ով՝ որտեղ, գերեզմանոցի որ մասում է թաղված։ Ծաղկեպսակների փաթեթավորման թղթակույտեր, չորացած ծաղիկներ, խոտեր, քարակույտեր… Ըստ էության՝ հավաքարարներ, հսկողներ չեն աշխատում պանթեոնում։ Մի տատիկ էր գերեզմանից գերեզման անցնելով ձեռքով բարեխղճորեն մաքրում, ծաղիկները ջրում, քարերը, չորացած ծաղկեպսակները, թափված թղթերը հավաքում։ Տատը պատմեց ինչպես են խնամվում գերեզմանները. «Օրինակ, եթե դու տերն ես, կասես՝ ա՛յ մեր ջան, քեզի ամիսը 1000 դրամ փող կտամ՝ գերեզմանը սենց մաքուր, կողքերով մաքուր պահի։ Օրը գալիս ա 30 դրամ. բալիկ ջան, էդ 30 դրամին ոչ մի հատ բուլկի կտան, ոչ մի կտոր հաց։ Իսկ ես կո՜ղուկուշտը պիտի մաքրեմ, քաղհան անե՛մ, զիբիլը թափեմ, ըհը՛, էդա»։ Տատն այդ պահին գտնվում էր Սիփան Շիրազի եւ Մինաս Ավետիսյանի գերեզմանների կողքին։ Մատնացույց արեց՝ քիչ հեռու տեղակայված մի գերեզմանի, թե՝ «Հեսա չորսը տարի ձեռքով մաքրում էի էդ գերեզմանը։ Կնիկն էկավ, ասում ա՝ կեթամ-կտամ թերթի, որ ստեղի աշխատողները փող են ուզում։ Թողեցի՝ էս օրի դարձավ, ոչ մեկը ոչ գալիս ա, ոչ մաքրում»։ Սիփան Շիրազի տապանաքարի կիսանդրին գողացողներին անիծելով ասաց. «Անցած տարի են տարել, պղնձից էր՝ դրա համար։ Ի՞նչ իմանաս, բալա ջան, սոված մարդիկ… Էդ էլ հո մեր նմանները չե՞ն անի, էդ հատուկ մարդա ըտենց։ Գալիս-ման են գալիս, ցերեկով տենում են, իրիկունը գալիս-տանում են»։ Տատը պատմեց, որ Սիփան Շիրազի գերեզմանի մոտ այսքան ժամանակ միայն մի աղջկա է տեսնում, իսկ Մինասի գերեզմանին. «Ոչ մի մարդ չկա, անցորդներն են, որ կսիրեին իրան, կբերեն ծաղիկ կդնին-կերթան։ Ես 50 թվից ստեղ աշխատում եմ՝ նրա մոտ ընդամենը մի երեք անգամ եմ մարդիկ տեսել»։ Այս պանթեոնում են թաղված մեր մեծերը ու նրանցից շատերի գերեզմաններն անխնամ, աղբով լցված են։ «Հարգարժան» մեր քաղաքացիներն իրենց հարազատների գերեզմանների աղբը հավաքել ու լցրել են (իբր՝ թաքցրել) մեր մեծերի տապանաքարերի կողքերը, հետեւում։ Իսկ մի մասն էլ գերադասում է «թերթին տալ», քան թե բարեխիղճ տատիկին ամիսը 1000 դրամ տալ ու մաքուր տեսնել գերեզմանը։ Ի դեպ, տատը հերքեց, թե Մինասի գերեզմանը աղբով լցված էր (այդ պահին էլ մաքրված էր)։ Ասաց՝ այս շաբաթ թաղումները շատ էին ու բանվորները մի քանի քայլ այն կողմ աշխատանքներ էին կատարում. այդտեղի քանդված քարերից էին թափվել Մինասի գերեզմանին ու մետաղյա հին ցանկապատի կտորներ։ Բանվորները չէին հասցրել նույն օրը մաքրել, բայց հաջորդ օրն արդեն ամեն ինչ մաքրված էր։ Եթե ոչ մեր մեծերի զավակները, ապա գոնե Գրողների միությունը պետք է որոշակի ուշադրություն հատկացնի պանթեոններին։ Իհարկե, ԳՄ-ն, հիշում ենք, որ ժամանակ առ ժամանակ կառավարությունից մի կերպ գումար էր «պոկում» գոնե շիրմաքարերի կառուցման համար եւ նշյալ «ուշադրության» համար էլ են միջոցներ պետք։ Այդ դեպքում գուցե քաղաքապետարանը եւ ԳՄ-ն միասի՞ն մի բան մտածեն։ Նույն «անվերահսկողության» պատճառով էր, որ Վահրամ Փափազյանի տապանաքարի քանդակից մի կտոր պակասեց. ուղղակի կտրեցին ու տարան… մեր քաղաքացիները՝ պղնձի սիրահար։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ