«Պետք է զբաղվել գործով, ոչ թե խոսել» Ամփոփելով Լեզվի պետական տեսչության երկու տարվա աշխատանքը՝ երեկվա ասուլիսում ասաց տեսչության պետ Լեւոն Գալստյանը, որն, իրոք, լրագրողների առջեւ շուտ-շուտ հանդես գալ սիրող պաշտոնյաներից չէ։ Պրն Գալստյանը կետ առ կետ ներկայացրեց իրենց տեսչության արածն ու անելիքները։ Կանդրադառնանք միայն որոշ դրվագների։ Լեզվի տեսչության պետը կարեւորեց ՀՀ պետական լեզվական քաղաքականության ծրագրի դերը, որի մշակման աշխատանքները ընթացքի մեջ են։ Ծրագիրը կներառի ՀՀ տարածքում գործող բոլոր ոլորտները՝ լեզվական խնդիրների կարգաբերման առումով (դպրոց, բուհ, գիտություն, պաշտպանության ոլորտ, դատաիրավական համակարգ, հայրենիք-սփյուռք կապեր եւ այլն)։ Պրն Գալստյանի ներկայացմամբ. «Լեզվական քաղաքականության հիմնական նպատակը պետական լեզվի՝ հայերենի պաշտպանվածության եւ գերակայության ապահովումն է՝ հանրության կյանքի բոլոր ոլորտներում»։ Նաեւ՝ «Լեզվական համերաշխության մթնոլորտի ստեղծումը»։ Լ. Գալստյանի կարծիքով՝ մերժելի է անհարկի մաքրամոլությունը եւ ամեն ինչ հայացնելու ձգտումը, եւ շատ ավելի մերժելի է օտարամոլությունը։ Թեեւ Լեզվի պետական տեսչությունը հետեւողական է ռուսական դասարանների նկատմամբ տարվող իր քաղաքականության մեջ, սակայն չի ընդունում այն մեղադրանքները, թե ոտնահարվում են ռուսաց լեզվի շահերը։ Պրն Գալստյանի գնահատմամբ՝ «դա, մեղմ ասած, ճիշտ չէ»։ Եվ, ընդհանրապես, ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների հետ կապված Հայաստանը որեւէ խնդիր չունի եւ կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար։ Լ. Գալստյանը նաեւ տեղեկացրեց, որ վերջին երկու տարում իրենք մոտ 1000 երեխայի սովորեցրել են հայերեն։ 1998-ից տեսչությունն իրագործում է «Հայերենը ոչ հայախոսների համար» ծրագիրը՝ հայերենին վատ տիրապետող դպրոցականների, փախստականների եւ ՀՀ ներգաղթածների համար։ Երեք տարվա ընթացքում ծրագրում ընդգրկվել է մոտ 100 փախստական։ Քրիստոնեության ընդունման 1700-ամյա տարելիցի շեմին Լեզվի տեսչության պետը կարեւորեց քաղաքի արտաքին տեսքը փչացնող օտարալեզու ցուցանակների հարցը։ Պրն Գալստյանը կոչ արեց գործարարներին՝ աջակցել իրեն ցուցանակների հայացման գործում՝ թեեւ վերջիններս նախընտրում են տուգանք վճարել, քան փոխել թանկարժեք ցուցանակները։ Լ. Գալստյանը կարծում է, որ դատարանները ոչ միայն տուգանք պիտի նշանակեն, այլեւ իրենց վճիռներով պարտադրեն, որ ցուցանակները փոխվեն։ Իմիջիայլոց, 1998-ի մայիսից Լեզվի տեսչությունը կատարել է 560 ստուգայց, արձանագրվել է 220 իրավախախտում, դատարան է ուղարկվել 82 գործ, վարչական վարույթ է հարուցվել 65 դեպքում, 52 տնտեսվարող սուբյեկտ ենթարկվել է վարչական տույժի, ընդ որում՝ տուգանվել, բայց խախտումը չի վերացրել 19 տնտեսվարող սուբյեկտ։ Ընդհանուր առմամբ, վերացվել է 165 խախտում, որից 33-ը՝ տուգանվելուց հետո։ Իսկ որպես տուգանք, դատարանի միջոցով, պետբյուջե է մուծվել 651 հազար դրամ (տուգանքի առավելագույն չափը 30 հազար դրամ է)։ Ինչ վերաբերում է միասնական ուղղագրության մասին վերջերս ակտիվացած խոսակցություններին, ապա այն թեեւ տեսչության օրակարգում չէ, բայց հեռանկարային ծրագրերում կա։ Պրն Գալստյանի գնահատմամբ՝ միասնականությունը լավ բան է, սակայն անիմաստ է անցնել դասական ուղղագրության եւ ողջ մի սերունդ դարձնել անգրագետ։ Հասարակության եւ լեզվաբանական հանրության մեծ մասը դեմ է դրան։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հ. Գ. Լեւոն Գալստյանը իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը «խիստ չափազանցված» որակեց, թեեւ, ինչպես գրել էր «Հայկական ժամանակը», ՀՀ վարչապետը ցանկացել էր նրա փոխարեն նշանակել իր ուսանողական ընկերուհուն, որն, ի դեպ, տեխնիկական կրթություն ունի։ Տեսչության հանդեպ պետական վերաբերմունքի մասին նաեւ տեսչության նոր շենքից կարելի է դատել. հնարավորությունները, նախկինի հետ համեմատած, մեղմ ասած՝ փայլուն չէին։