ՈՐՏԵՂԻ՞Ց Է ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ Վերջերս ինտերնետային ցանցում բացված ՀՀ կառավարության էջը (www. gov.am), բնականաբար, հետաքրքրեց նաեւ մեզ։ Տեխնիկայի վերջին ճիչի շնորհիվ այսուհետ թափանցիկ կդառնա ոչ միայն կառավարության գործունեությունը, այլ նաեւ կառավարության անդամների կենսագրություններն ու նախասիրությունները։ Մենք առավել հավանեցինք ինտերնետում ներկայացված Անդրանիկ Մարգարյանի կենսագրական տվյալները, որից մի հատված ներկայացնում ենք մեր ընթերցողին. Վարչապետի հավատը Հավատում է Աստծուն եւ համարում է, որ անհավատ մարդիկ ամենավտանգավոր մարդիկ են։ Էությամբ քրիստոնյա է, որովհետեւ դաստիարակվել է այդպիսի ընտանիքում (պապերը Մուշում վանահայրեր են եղել), սակայն գտնում է, որ ինչպես ծառն է արմատներից սնվում, այնպես էլ ցանկացած հայի համար սնունդ պետք է լինի իր անցյալը, որ ավելի հեռուն է գնում, քան 1700-ամյա քրիստոնյա Հայաստանը. «Լինելով Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, ես եւ իմ ընտանիքը երբեք չենք մոռանում ավելի քան 3000-ամյա մեր պատմությունն ու մեր հին աստվածներին։ Գառնիի տաճարը ոչ միայն գեղագիտական հմայք ունի, այլեւ պահպանված միակ հեթանոսական տաճարն է։ Ամեն տարի դեկտեմբերի 25-ին այստեղ տոնում են Միհր աստծո օրը, հավաքվում են մարդիկ, ովքեր հիշում են այդ օրը, ցուլ մորթում, կրակ վառում, երգը, պարը, գինին անպայման լինում են այնպես, ինչպես մեր հեթանոս պապերն են տոնել։ Եվ պարտադիր չէ, որ մեկը արեւապաշտ կամ հեթանոս լինի տոնախմբությանը մասնակցելու համար, այլ նաեւ, որ չմոռանա իր անցյալն ու պատմությունը»,- ասում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Մասնագիտական մեկնաբանություն Այդ ամենը, հիշեցնենք, գրված է կառավարության homepage-ում: Բնական հարց է ծագում. ինչպես է լույս աշխարհ եկել այդ պարոն Մարգարյանը, եթե նրա պապերը վանահայր (այսինքն, ենթադրաբար, կուսակրոն) են եղել: Ի պատասխան «Առավոտի» այն հարցի, թե կուսակրո՞ն են արդյոք, վանահայրերը, սբ. Էջմիածնի եւ Արարատյան թեմի առաջնորդարանի պատասխանատուները (որոնք խուսափեցին իրենց անունները հրապարակելուց) ասացին. «Եկեղեցական կանոնադրության համաձայն, վանական կյանքը կուսակրոնություն է ենթադրում։ Վանականները կուսակրոն են, ինչպե՞ս կարող է նրանց ղեկավարը՝ վանահայրը, ոչ կուսակրոն լինել։ Միայն խորհրդային շրջանում, երբ վանական կյանքը գրեթե վերացված էր, վեհափառի թույլտվությամբ ոչ կուսակրոն վանականներ վերցվեցին։ Սակայն արդեն Գարեգին 2-րդ վեհափառի հրահանգով բոլոր վանականներն ու վանահայրերը պետք է կուսակրոն լինեն. օրինակ՝ Խոր Վիրապի վանահայրը»։ Պատրաստեց ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ