Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 17,2000 00:00

ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՎԱՀԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը (Գ. Մելիք-Սարգսյան, Ս. Ավետիսյան, Հ. Տեր-Ադամյան կազմով) բավարարել էր «Արմեն Տեր-Սահակյան եւ մյուսներ» քրգործով մահապատժի դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի միջնորդությունը եւ երեկ դատարան էր հրավիրել մեկ այլ քրեական գործով դատապարտված Վահան Հարությունյանին։ Մինչ բուն հարցաքննությանն անցնելը՝ դատապարտյալ Մարզպետ Գրիգորյանը փորձեց հայտարարություն անել՝ կապված պաշտպան ունենալու իր իրավունքների հետ, սակայն նախագահող դատավոր Գ. Մելիք-Սարգսյանը կանխեց այն, տեղեկացնելով, որ իրենք դիմել են ՀՀ փաստաբանների միությանը՝ փաստաբան ուղարկելու համար։ Մարատ Սահակյան փաստաբանը ներկայացել էր դատարան, սակայն նրա «հնարավոր» պաշտպանյալը հրաժարվեց այս անգամ էլ։ Դրանից հետո դատավորը խորհուրդ տվեց Մարզպետին. «Քո կարգավիճակով նստիր», երբ նա վանդակաճաղերի ետեւում նստելու ակնհայտ նշաններ ցույց չէր տալիս։ Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը երեկ պետք է պատասխաներ այս հարցերին. ի՞նչ առնչություններ է ունեցել իր նախկին աշխատակիցների, Արմեն Տեր-Սահակյանի հետ, ի՞նչ «աշխատանքային-ծառայողական պարտականություններ» է ինքը դրել նրանց վրա, զենք-զինամթերքը ի՞նչ նպատակներով է տրվել եւ օրինակա՞ն է տրվել։ Վահան Հարությունյանը դատարանի դահլիճ եկավ քաղաքացիական արտահագուստով (մի ժամանակ էր, երբ խորհրդային դատապարտյալներին պետությունը հատուկ արտահագուստ էր տալիս)։ Նա առանց ձեռնաշղթաների էր եւ կանգնեց վկայի համար նախատեսված տեղում՝ ամբիոնի մոտ։ Նրան «պահպանում» էր մեկ ավտոմատավոր։ Դատապարտվածները նրան հարցեր ուղղելիս դիմում էին «վկա, ասա՛» նախադասությամբ։ Վ. Հարությունյանին տեսնելով, Արմեն Տեր-Սահակյանը նկատեց, որ նա «նիհարել» է, իսկ երբ Վահանը փորձեց երկիմաստ վերլուծություններ անել «էն ժամանակվա» իրավիճակի շուրջ, ընդհատեց, թե. «Էտ ո՞ւմ հետ ա խոսում, թող գործից խոսա»։ Վահանը մի տեղ նույնիսկ «հանդիմանեց» Տեր-Սահակյանին, թե՝ «Էտ ինչի մեջ մեղադրում են քեզ, Արմեն, մեղավորը դու ես»։ Տեր-Սահակյանը պատասխանեց, որ իրեն մեղադրում են՝ որ բանդա է զինել, իսկ Վանոյին՝ որ բանդայի պարագլուխ է եղել։ «Վահան, ո՞վ ա մեզ զինել» հարցրեց, իսկ սպանությունների կապակցությամբ էլ դիմեց ՆԶ հրամանատարին. «Դաժանը ձեր սպանությունն է եղել։ Տղաները (նկատի ուներ Կարեն Ռաֆայելյանին եւ Արթուր Հովհաննիսյանին- Ռ. Մ.) չոքել են, ասել են՝ մի խփի, խփել եք, դաժե գերեզման էլ չունեցան։ Դո՛ւ կանգնեցիր էդ գործի գլխին»։ Իսկ «կոռուպցիայի» մասին Վահանի մենախոսությունն ընդհատելով, Արմենն ասաց. «Կոռուպցիայի առաջին մասնակիցը դու էիր»։ Վահան Հարությունյանը տեղեկացրեց, որ Տեր-Սահակյանի խմբին ինքն է Սամվել Գեւորգյանի խնդրանքով, Վանո Սիրադեղյանի ցուցումով ընդունել աշխատանքի, զինել, զինամթերք տրամադրել։ «Կոնկրետ ո՞վ է հրահանգավորել նրանց» հարցին՝ ՆԶ հրամանատարը պատասխանեց, որ իր պարտականությունների մեջ չէր մտնում հրահանգներ տալը։ Դատապարտյալ Հարությունյանը տեղեկացրեց, որ բացի ՆԶ զենքերից, «Էն ժամանակներում գաղտնիք չէր, որ արտասահմանյան չգրանցված զենքեր կային, որից նախարարությունում ունեին»։ Վ. Հարությունյանը հրաժարվեց Արծրուն Մարգարյանի մասին հարցերին պատասխանել, միայն նշեց, որ «տղաների ՆԶՎ տեղափոխելու հետ» Արծրունը ոչ մի առնչություն չի ունեցել։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել