Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 17,2000 00:00

«ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է» Նոյեմբերի 15-ին 15-օրյա վարչական կալանքից ազատ արձակվեց հոկտեմբերի 30-ի երթի մասնակիցներից մեկը՝ Հայ երիտասարդ գործարարների աջակցության կենտրոնի խորհրդի նախագահ Արսեն Արզումանյանը։ 95-97 թթ. Արսենը ԵՊՀ ուսխորհրդի նախագահն էր։ Եվ մեր առաջին հարցը ճշտելու փորձ էր, թե այդ ինչպե՞ս իշխանամետ այդ երիտասարդը հանկարծ հայտնվեց հենց Արկադի Վարդանյանի կողքին։ «Երբ ուսխորհուրդը փորձում էր ծրագրեր ներկայացնել պետությանը, մտածում էին՝ քանի որ ԵՊՀ ուսանողական խորհուրդ է, որն իրենից որեւէ լուրջ վտանգ չի ներկայացնում, շատ անտարբեր էին մեր ծրագրերի նկատմամբ։ Եվ երբ փորձեցինք ինքնուրույն աշխատել, հասկացանք, որ ընդդիմություն չկա, պետական համակարգը լճացած է։ Իսկ որ ուսխորհուրդը պետականամետ էր, դրանում իր դերն ուներ նաեւ մեր տարիքը՝ 19-20 տարեկան երիտասարդներ էինք»։ Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ընտրեցին հենց Ա. Վարդանյանի թեկնածությունը, երբ դրանից առաջ հանրահավաքներ էին փորձում կազմակերպել թե՛ Աջ ուժերի դաշինքը, թե՛ Աշոտ Մանուչարյանը։ Արսեն Արզումանյանը դա բացատրեց այսպես. «Ձեր թվարկած երկու ուժերը ժամանակին իշխանություն են եղել եւ կարող էին իրականացնել իրենց ծրագրերը, ինչը չեն արել։ Իսկ Արկադի Վարդանյանը կոնկրետ ծրագիր ներկայացրեց՝ օրենքի գերակայության ծրագիրը»։ Արսենին ձերբակալել են հոկտեմբերի 31-ին. կանգնեցվել է նրա մեքենան, եւ նրա հետ ձերբակալել են մեքենայում գտնվող եւս երկու երիտասարդի։ Մեղադրանք է ներկայացվել ապօրինի երթին մասնակցելու համար եւ որպես երիտասարդ ու, հավանաբար, առավել դիմացկուն, նրանց վարչական կալանքի են վերցրել ոչ թե 10, այլ 15 օր։ Արսեն Արզումանյանն իրեն եւ մեզ հարց ուղղեց՝ կուզեիք միլիոնատեր լինել արտասահմանո՞ւմ, թե՞ նախագահ՝ Հայաստանում։ Ապա ինքն էլ պատասխանեց, որ կոնկրետ Արկադի Վարդանյանը, որը դրսում միլիոնատեր է, ոչ մի հավակնություն չունի լինել ՀՀ նախագահ։ Մեր հիշեցումը, թե հենց «Առավոտի» հարցին պատասխանելիս էր Ա. Վարդանյանը նշել, թե այստեղ իր նախագահ դառնալու շանսերը գերազանցում են անգամ Արտաշես Գեղամյանին, չհամոզեցին Արսենին. «Գուցե թե նա որպես անհատ չի ժխտել, որ մեծ է իր՝ նախագահ դառնալու հավանականությունը»։ Իսկ այն, որ Ա. Վարդանյանը հեղաշրջում բառն անգամ չի էլ արտաբերել եւ մտքով չի էլ անցկացրել, ըստ Արսեն Արզումանյանի՝ բավական խոսուն է հենց այն փաստը, որ հեղաշրջում կազմակերպող մարդը նախ՝ չի օգտվել իրեն հետեւող 50 հազարանոց երթի մասնակիցներից, եւ երկրորդ՝ ինչպե՞ս կարող էր այդ կոչն անելուց հետո հանգիստ գնալ տուն եւ սպասել ձերբակալման։ – Ստացվում է այնպես, որ, բացի Ա. Վարդանյանից, նրա շրջապատում որեւէ այլ լիդեր չկա, որը լուրջ արձագանքեր այս ձերբակալումներին կամ նոր հանրահավաք կազմակերպեր։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ պրն Վարդանյանի շուրջ նրանց, այդ թվում եւ Ձեզ, համախմբում էր ֆինանսական ակնկալությունը։ – Չեմ կարծում, որ Ա. Վարդանյանի շրջապատը նրան պատրաստ է օգնել զուտ ֆինանսական սպասելիքների ակնկալիքով։ Կոնկրետ մեր կազմակերպությանը որեւէ նյութական աջակցություն չի եղել։ Պարզապես նրա հետ համագործակցել ենք՝ զգալով մեր եւ նրա ծրագրերի ընդհանրությունները։ – Դուք կամ որեւէ մեկը պատրաստվո՞ւմ է ակտիվ պաշտպանել Ա. Վարդանյանին. մինչ օրս նրա կողմնակիցները բավական պասիվ են եւ, ինչպես նրանցից մեկն ասաց, լռում է, քանի որ մեկուսարանն իր առողջության համար խոնավ է։ – Բոլորը սպասում են, որ Ա. Վարդանյանը հաղթի, գնան ձեռքը սեղմեն, իրենց համար լավ պայմաններ ապահովեն։ Մտադիր ենք պայքարել նախ եւ առաջ մամուլով՝ տալով հստակ ինֆորմացիա, ասուլիսներ կազմակերպել։ Այո, իրեն պաշտպանող շատ ուժեր այսօր հետ են քաշվում, անուններ են կպցնում։ Դավաճանությունը մեր ազգային սովորույթներից մեկն է դարձել։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ Հ. Գ. Արսեն Արզումանյանը մեր խնդրանքով ճշտեց, որ մեկուսարանում իրեն չեն ծեծել, չեն ճնշել, կերակրել են նորմալ։ Մի խոսքով, մեկուսարանի աշխատակիցները իրենց պահել են հնարավորինս պատշաճ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել