Ի՞ՆՉ ՊԱՐԶԵՑԻՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ Ըստ էության, նրանք գրեթե բառացիորեն կրկնեցին հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը վարողների եզրակացությունները։ Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինա Հալաբյանը, «Ազատություն» ռ/կ-ի հաղորդման համաձայն, չէր համաձայնել այն գնահատականին, թե այս գործի քննությունը թերի է կատարված. «Կարելի է ասել՝ թերի, եթե կատարված է։ Եթե կատարված չէ՝ կարելի՞ է ասել՝ թերի»։ Արձագանքելով այս պնդմանը, զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն իր վերջին ասուլիսում ասաց. «Կավարտվի նախաքննության նյութերին ծանոթանալու համար սահմանված ժամկետը, եւ այդ ժամանակ տիկին Հալաբյանը նախաքննությունը լրացնելու իր միջնորդություններով կփորձի հիմնավորել, թե կատարված աշխատանքի մասին իր դատողություններն ու գնահատակնները որքանով են արդարացի եւ անաչառ»։ Նոյեմբերի 15-ին փաստաբաններ Մարինա Հալաբյանի եւ Տիգրան Ջանոյանի ներկայացրած 1,5 էջանոց միջնորդության մեջ հայտնվել է հետեւյալ դիրքորոշումը. «Քրեական գործի վարույթի իրականացման ողջ ժամանակահատվածում կատարվել են հսկայածավալ գործողություններ»։ Անահիտ Բախշյանի եւ Արտավազդ Միրոյանի ներկայացուցիչ փաստաբաններ Ռոզա Պողոսովայի եւ Արամ Կարախանյանի միջնորդությունը, որ հիմնականում կրկնում է Ջանոյանների դրույթները, տարբերվում է նախաքննության կատարած աշխատանքին գնահատականով։ Ըստ նրանց՝ «կատարվել են ծավալուն գործողություններ»։ Փաստաբանների հաճոյախոսություններն այդ «քննություն չկատարած» մարմնին այսքանով չեն սպառվում։ Մատնանշվել է հատկապես ներկայացված մեղադրանքների բովանդակային առումով ավարտուն տեսքը։ Սակայն շրջանցենք դրանք։ Փորձենք պարզել, թե ուր մնացին գործի լրիվության եւ բազմակողմանիության պակասը լրացնելու վերաբերյալ խոստումները։ Ի՞նչ բացեր են մատնանշել փաստաբանները 4 ամիս շարունակ նախաքննության նյութերին ծանոթանալու հետեւանքով. «Իրականում գործով ի հայտ են բերվել միայն անմիջական կատարողները»,- գրել են Մարինա Հալաբյանն ու Տիգրան Ջանոյանը։ «Քրգործի ուսումնասիրությունը մեզ բերել էր այն եզրակացության, որ հանցագործությունը նախապես ծրագրավորված եւ կազմակերպված է եղել, որն ամբողջությամբ չի բացահայտվել եւ գործով ի հայտ չեն բերվել իրական պատվիրատուները, կազմակերպիչներն ու ղեկավարները», սա էլ մյուս երկու փաստաբանների եզրակացությունն է։ Իսկ այժմ փորձեք համեմատել այս պնդումները զինդատախազի վերջին՝ հոկտեմբերի 28-ի ասուլիսում վերահաստատված հետեւյալ դիրքորոշման հետ. «Հանցագործությունը ծրագրավորված եւ ուղղորդված է։ Խնդիրն այն է, որ նախաքննությանն առայժմ չի հաջողվել պարզել, թե դրանք ինչ ուժեր էին»։ Այսինքն, փաստաբանները տքնաջան պրպտումների արդյունքում մի բացահայտում են արել, որ նախաքննության մարմնի ներկայացուցիչները վաղուց խոստովանե՞լ էին։ Այլ հարց է, որ Ջանոյաններն այս միջնորդության մեջ անհեռանկար են գնահատել քրեական գործից մաս անջատելը։ Բայց հիմնավորումը, թե ինչու է անհեռանկար կազմակերպիչներին բացահայտելու համար «քննության հետագա զարգացումը», բավական խրթին է եւ տարօրինակ։ Ահավասիկ. «Մեղադրանքներում օգտագործված ձեւակերպումները, ուղղված հանցագործության կատարման շարժառիթներին, քրեադատավարական տեսակետից ավարտուն են դարձնում դեպքի բոլոր հանգամանքները եւ գործունեությունը իրականացնողների լրիվության հարցը՝ հանցակցության բոլոր տրոհումներով»։ Իրավաբանական այս աբրակադաբրան հասկանալու համար հարկ էր միջնորդության հեղինակների օգնությունը, սակայն պարզվեց, որ Մարինա Հալաբյանն ու Տիգրան Ջանոյանն այժմ Ուկրաինայում են։ Ի վերջո, ամփոփենք. ի՞նչ են ըստ էության միջնորդել փաստաբանները, որ երեկ ամբողջությամբ մերժել է քննչական խմբի ղեկավար Արտակ Հարությունյանը։ Առաջարկվել է քրեական գործի «անառարկելի մասը» ուղարկել դատարան, իսկ ՔՕ 59-րդ՝ Հայրենիքին դավաճանելու հոդվածի հատկանիշներով շարունակել քրգործի վարույթը մինչեւ բոլոր հանգամանքների բացահայտումն ու մեղավոր բոլոր անձանց ի հայտ բերումը։ Կարախանյանն ու Պողոսովան այս մոտեցման բացակայության պարագայում են անհեռանկար համարում քննության հետագա շարունակումը գործից անջատված մասով։ Արտակ Հարությունյանն էլ երեկ իր մերժման որոշման մեջ նշել է. «Քրեական գործով մինչեւ նախաքննության ավարտման պահը, ձեռք բերված ապացույցներով որպես մեղադրյալ ներգրավված բոլոր անձանց մասով, գործն անհրաժեշտ է դատարան ուղարկել ամբողջությամբ։ Հակառակ դեպքում, մի անձի կողմից կատարած մի քանի հանցագործությունների առանձին քննումը կարող է անդրադառնալ գործի լրիվության եւ օբյեկտիվության վրա»։ Անգամ ոչ իրավաբանների համար պարզ է, որ, ասենք, Նաիրի Հունանյանին մեկ անգամ կարող են դատել իր կատարածի համար։ Եվ ոչ թե՝ մի անգամ ահաբեկչության, հաջորդ անգամ՝ պատանդներ վերցնելու, մի ուրիշ անգամ՝ Հայրենիքի դավաճանության համար։ Դժվար է ենթադրելը, որ սա չգիտեին մեր ճանաչված եւ անվանի փաստաբանները։ Ուրեմն ինչո՞ւ 4-ամսյա ուսումնասիրություններից հետո միայն այս կարգի միջնորդություն կարողացան անել։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ