Եվրամիության ներկայացուցիչ Ուրսուլա Շլայխերին Երեւանում թանկարժեք զարդեղեն նվիրելու Հովհաննես Հովհաննիսյանի ձեռնարկած փորձը կասկածի տեղիք տվեց, թե Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությունը բարեհաջող ելք ունեցավ հենց հարցերը «հայավարի» լուծելու շնորհիվ։ Սակայն ԱԳՆ Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ Լիլիթ Դանեղյանն այդ ենթադրությանն ի պատասխան նշեց, թե ուշադրության նշանների փոխադարձ ցուցաբերումը ընդունված ձեւ է միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների հետ շփվելիս. «Բայց եթե դրանք լինեին վճռորոշը՝ Ադրբեջանը դեռ 10 տարի առաջ պիտի դառնար Եվրոպայի խորհրդի անդամ»։
ՄԱՐԴԸ ԿՈՐԱՎ ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ
Շենգավիթի ՆԳ բաժանմունք, անձնագիրը ստանալու պատրվակով հրավիրված ՀՀ քաղաքացի, առաջին կարգի հաշմանդամ, 63-ամյա Սարգիս Լեւոնի Արզումանյանը օրը ցերեկով անհետացավ հենց բաժանմունքից։ Նրան ուղեկցող Ռիտա Ալիխանյանին ՆԳ բաժանմունքի տեսուչները հարկ չէին համարել նույնիսկ բացատրություն տալ։
Կարդացեք նաև
Մանրամասները մեր վաղվա համարում։
ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐՆ ԱՄԲՈՂՋ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՂՅԱԿ ԵՆ ԵՂԵԼ
Հոկտեմբերի 27-ի գործով տուժողների իրավահաջորդ փաստաբաններն իրենց միջնորդություններում մատնանշել են նույն եզրակացությունը, թե հանցագործությունը կատարող խմբի դիրքորոշումները մտահոգություն են առաջացնում, որ նրանք մշտապես տեղեկացված են եղել գործի ընթացքի մասին։ «Այդ հնարավորությունը չի բացառված գործի նյութերով»,- գրել են Կարախանյանն ու Պողոսովան։ «Ավելին, կատարող խմբի «անկոտրում» եւ հարձակողական-վայրագային հոգեբանությունը խոսուն հիմնավորում է այդ մտահոգությունները»,- հավելել են Ջանոյանն ու Հալաբյանը։
ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՒԼԸ ՍԿՍՎԵՑ
Երեկ «Արմեն Տեր-Սահակյան եւ մյուսներ» քրեական գործի դատաքննությունը թեւակոխեց դատական վիճաբանությունների փուլ։ Սույն թվի նոյեմբերի 29-ին կսկսվի պաշտպանական եւ մեղադրական ճառերի ունկնդրումը։