Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 16,2000 00:00

«ՀԱՐԿԱՎՈՐ Է ՃԻՇՏ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ» Ասում է հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Օրերս խմբագրություն այցելեց Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսան Սարգսյանը եւ իր մտորումներն արտահայտեց Սիդնեյում հայ բռնցքամարտիկների ձախողման շուրջ։ «Անկեղծորեն ցավում եմ կատարվածի համար,- ասաց նա։- Ինչպես երեւում է, նախորդ օլիմպիադայից դասեր չենք քաղել։ Ատլանտայի մեկնարկից երկու-երեք ամիս առաջ էլ փոխեցին գլխավոր մարզչին։ Ու ի՞նչ եղավ. ստեղծվեց տհաճ մթնոլորտ, որն էլ հանգեցրեց օլիմպիական ռինգում ձախողման, թեեւ բավականին լավ թիմ ունեինք։ Նույն բանը կրկնվեց նաեւ այս անգամ։ Ճիշտ հասկացեք, սա ասում եմ ոչ նրա համար, որ ինձ ազատել եւ փոխարինել են ուրիշով, այլ այն պատճառով, որ իսկապես ցավ եմ զգում մեր բռնցքամարտի հերթական տապալման համար»։ – Եկեք խոսենք փաստերով։ – Այս օլիմպիադայի նախապատրաստության փուլը, երեք տարի առաջ, եթե վստահվել էր մարզիչ Սարգսյանին, ուրեմն նրան էլ պետք է հնարավորություն ընձեռվեր գործը հասցնել ավարտին ու նրանից վերջնական արդյունք պահանջել։ Սկսած 97-ից, մի խումբ մարզիչներով հասանք այն բանին, որ մարզաձեւը Հայաստանում արդեն սեփական կադրերով սկսեց առաջընթաց ապրել՝ աճեցվեցին միջազգային մակարդակի մարզիկներ, տարբեր տարիքային խմբերում. Եվրոպայի, աշխարհի առաջնությունների, գավաթների խաղարկության հաղթողներ ու մրցանակակիրներ։ Սառույցն արդեն կոտրվել էր, ու ես գիտեի, թե ում ինչպես պետք է հասցնել նպատակակետին։ Դժբախտաբար, գործը կիսատ մնաց։ Ինձ ազատեցին, այն էլ՝ թաքուն ու, մինչեւ հիմա, դեռ ոչ ոք չի ասել՝ ինչ պատճառով։ Ենթադրում եմ, որ անցած տարվա ամռանը աշխարհի առաջնությունից ձեռնունայն վերադառնալու համար։ Բայց հաշվի չառան, որ իմ օրոք մեր բռնցքամարտիկներն, ընդհանուր առմամբ, նվաճել էին 61 մեդալ։ Ինչեւէ, արդյունքում հայտնվեցինք հին կոտրած տաշտակի առջեւ եւ հիմա, ըստ ամենայնի, նոր օլիմպիական ցիկլը հարկ կլինի սկսել զրոյից։ Վախթանգ Դարչինյանը մնացել է Ավստրալիայում, Արտյոմ Սիմոնյանը չի մարզվում, հավանաբար, կարիերան կավարտի նաեւ Արթուր Գեւորգյանը։ Մնացել է միայն Արամ Ռամազյանը։ – Բայց ունենք երիտասարդներ, որոնք կարող են փոխարինել նրանց։ – Կարող են։ Բայց կան խանգարող հանգամանքներ։ Իմ կարծիքով, աշխատանքների կազմակերպումը սխալ հունով է գնում։ Ժամանակին մեծահասակների ու երիտասարդական հավաքականները շաբաթական գոնե երկու անգամ մարզվում էին համատեղ, որոնց ընթացքում երիտասարդները փորձ էին ձեռք բերում, աճում էին։ Այդպես է եղել միշտ, այդպես է այժմ՝ ամբողջ աշխարհում, բացի՝ Հայաստանից… Հաջորդը անձնական մարզիչների պրոբլեմն է։ Մարզիչը կադրեր է պատրաստում հավաքականի համար, սակայն դրանից հետո մեկուսացվում է։ Այսպիսի բան աշխարհում չկա։ Իսկ մեզ մոտ օլիմպիական խաղերից առաջ մարզիկների հետ սկսեցին աշխատել մարդիկ, որոնք նույնիսկ հանրապետության մակարդակի կադր երբեք չեն պատրաստել։ Մեկ ուրիշ հարց, որի պատասխանը մինչեւ հիմա չեմ կարողանում գտնել. ո՞ւմ մտքով էր անցել, եթե չեմ սխալվում, հուլիս ամսին Ավստրիայում կազմակերպված նախաօլիմպիական մրցաշարում մեր երեք օլիմպիականներին փորձարկել մեկական բարձր քաշային կարգում, որտեղ Ռամազյանը ուժեղ հարված ստացավ Պալիանիից ու, ասում են, թե նոկդաուն ստացավ։ Ինչի՞ էր պետք այդ փորձությունը, ի՞նչ նպատակ էին հետապնդում այդ գաղափարի հեղինակները։ Ի՞նչ տվեց դա տղաներին, բացի վատ բանից… Այսքանից հետո ինչպե՞ս չմտածեմ, որ բռնցքամարտը մեզանում սխալ ուղղությամբ է ընթանում։ Զրույցում շոշափվեցին նաեւ բազում այլ հարցեր՝ Սիդնեյում մեր տղաների կրած պարտությունների, հանրապետությունում մարզիչների աշխատանքի կազմակերպման, դրանք մեկ միասնական նպատակի ծառայեցնելու հարցում եղած թերությունների, այս կամ այն մրցաշարին մասնակցելու ընտրության ու նպատակահարմարության եւ այլ խնդիրների շուրջ։ – Ո՞րն է ելքը։ – Արմատական փոփոխություններ են հարկավոր՝ ամենաստորինից մինչեւ ամենաբարձր օղակներում։ Եթե, մասնավորապես, բռնցքամարտը կորցնենք, տասնյակ տարիներ կպահանջվեն այն վերականգնելու համար,- ավարտեց Ալեքսան Սարգսյանը։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել