Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 16,2000 00:00

«Սերպանտինը» վերականգնվո՞ւմ է Հոկտեմբերին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Կանաչ դահլիճում» տեղի ունեցավ էլիտար ակումբի բացման շնորհանդեսը՝ «Երաժշտությունը առանց սահմանների» խորագրով։ Երեկոն սկսվեց «Սերպանտին» համույթի գեղարվեստական ղեկավար Ակսել Բակունցի ներածական խոսքով։ – Երեկոյի նպատակն է ստեղծել հաճելի մթնոլորտ, հանգստի համար լավագույն պայմաններ եւ, որ ամենակարեւորն է, կենդանի երաժշտության հետ շփվելու եզակի հնարավորություն։ Ակսել Բակունցի ներածական խոսքից հետո ակամա շուրջս դիտեցի։ Հանդիսատեսը նստած էր սեղանների շուրջ եւ կարող էր սուրճ ու հյութ ըմպելով լսել լավ երաժշտություն՝ կենդանի կատարմամբ։ Հանդիսատեսն էլ ավելի շատ միջին եւ բարձր տարիքի մարդիկ էին, իհարկե, շատ էին նաեւ ուսանողները։ Երեկոյի առաջին մասում «Սերպանտինը» ներկայացրեց կատարումներ իր 70-ականների ցանկից՝ նոր մշակմամբ։ Երկրորդ մասը պարեղանակներ էին, եւ պարահարթակ դուրս եկան ոչ միայն մեր երիտասարդները, այլ նաեւ երիտասարդացած մեծահասակները։ Հետաքրքրվեցի, թե ո՞վ է այս երեկոյի կազմակերպիչը։ Իմ հարցերին պատասխանեց Էլիտար ակումբի ներկայացուցիչ Տաթեւիկ Անդրեասյանը։ – Էլիտար ակումբը գոյություն ունի շուրջ 4 տարի, բայց առանց կենդանի երաժշտության։ Ակումբն ունեցել է հաճախորդներ, որոնք հետաքրքրվել են տարբեր տիպի երաժշտությամբ։ Ակումբը նախատեսված օրերին անց է կացրել գերմանական, ֆրանսիական երաժշտության օրեր, ժողովրդական եւ այլն։ Որոշվեց հրավիրել որեւէ համույթ՝ ժամանակակից հայկական երաժշտությունը տարածելու նպատակով, որպեսզի այն բարձրանա գոնե 70-ական թվականների հայկական երաժշտության մակարդակին։ Այն ժամանակ, եթե հիշում եք, ցածրորակ երաժշտությունը իր տեղը զիջեց հայկական էստրադային։ – Ի՞նչ նպատակ ունի այդպիսի ակումբը։ – Վերածնել նախկինը, ոչ միայն այն զարգացնել, այլ նաեւ՝ առաջընթաց տալ։ Իսկ ակումբի ստեղծման պատճառներից մեկն էլ համույթների համար ճանապարհ բացելն է՝ շրջագայելու շրջաններում։ – Իսկ ի՞նչ միջոցներով պետք է նրանք շրջագայեն։ – Առանց բարերարների չենք կարող նույնիսկ Հայաստանում համերգներ տալ։ Բացի այդ, ակումբի անդամավճարներն էլ կօգնեն։ – Ովքե՞ր են լինելու ակումբի անդամները։ – Ովքեր որ ցանկանան, ովքեր սիրում են երաժշտությունը, ովքեր ցանկանում են լսել հայ երգը եւ երաժշտությունը։ Մնում է ավելացնել, որ 70-ականների վերջին փլուզված «Սերպանտին» համույթը, երկու տարի է, ինչ նոր կազմով դարձյալ Ակսել Բակունցի հետ բեմ է դուրս գալիս։ Հազիվ կրկին կազմավորված, այն դարձյալ փլուզման եզրին է։ ՀԱՍՄԻԿ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել