Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 16,2000 00:00

ՆԿԱՐՆԵՐԸ ՓՐԿԵԼ Է ՊԵՏՔ Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման մասին կառավարության որոշումը կայացել է 1980թ.՝ տրամադրել տարածք եւ ստեղծել թանգարան՝ պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածուի հիման վրա։ Առաջին էքսպոզիցիան Մոսկվայից տեղափոխվել է Երեւան եւ ցուցադրության է ներկայացվել 1984թ. նոյեմբերի 19-ին։ Ռուսական արվեստի թանգարանում ներկայացված է ռուսական գեղարվեստի շատ կոմպակտ ժամանակաշրջան՝ 19-րդ դարավերջ եւ 20-րդ դարասկիզբ։ – Թանգարանը ունի շատ կոնկրետ հավաքածու, երեւի հենց դրանով էլ տարբերվում ենք մնացած գեղարվեստական թանգարաններից,- նշեց թանգարանի հիմնադիր տնօրեն Ֆլորա Ֆլջյանը։ Նա ասաց նաեւ, որ այդ շրջանը Ռուսաստանի գեղարվեստի մեջ ամենահետաքրքիր, գեղեցիկ եւ ամենադեմոկրատ շրջանն է, եւ ռուսները սիրում են այդ ժամանակաշրջանը անվանել «արծաթե դարաշրջան»։ – Մեզ մոտ ներկայացված են այդ ժամանակին վերաբերող նկարիչների խմբավորումները (120 նկարիչ, 300-ից ավելի կտավ), բոլորն էլ շատ արժեքավոր եւ հիմնականում ինքնօրինակ,- ավելացրեց տնօրենը եւ նշեց մի քանի նկարիչների անուններ՝ Պետրով Վոդկին, Մեստերով, Ռերիխ… Այն հարցին, թե ինչ խնդիրներ ունի այսօր թանգարանը, տիկին Ֆլջյանը պատասխանեց. – Ամենասկզբից գործը ճիշտ է դրվել՝ ֆոնդերի հաշվառման, գիտական անձնագրեր ստեղծելու տեսակետից, լուսանկարների բոլոր փաստաթղթերը արվել են կարգին եւ համապատասխան պահանջարկներով։ Հիմա մեր հոգսը այդ ամենը պահպանելն է։ Մեծ դժվարությամբ կարողացա լուծել ջեռուցման խնդիրը, այժմ ունենք տաքացուցիչներ։- Տնօրենը ցավով արձանագրեց, որ որ այսօրվա դրությամբ հեռախոսի, վարձակալության եւ մնացած տեխնիկական հարցերը լուծել է պետք, իսկ պետությունը նույնիսկ աշխատավարձը ժամանակին չի տալիս։ Թանգարանի համար կարեւոր խնդիր է նկարների պահպանման հարցը։ Որոշ նկարներ վնասվել են, կտավները թուլացել, հարկ կա նորոգման։ Եվ տնօրենն ասաց, որ մի հովանավորի միջոցով նրանք կարողացել են շատ վատ վիճակում գտնվող մի նկար վերականգնել եւ փրկել։ – Նախարարությունում ամեն նկարի համար կազմված է հաշվարկ, այդ հաշվարկը մենք ունենք եւ գումարներ լինելու դեպքում կվերականգնենք նկարները,- հավաստիացրեց տիկին Ֆլջյանը։ Այն հարցին, թե այցելուներ ունենո՞ւմ են, նա պատասխանեց. – Ունենում ենք, բայց քիչ։ Եթե 10 տարի առաջ մենք գումարներ էինք կուտակում զուտ այցելուների տոմսերի հաշվին (տարվա մեջ 10 հազարից ավելի մարդ էր գալիս), ընդ որում, պետության բյուջե էլ գումարներ էինք մուծում, ապա այսօրվա դրությամբ այդ մուտքի տոմսի՝ շատ պայմանական 100 դրամի օգնությամբ ընդամենը լրացվում են մեր ծախքերը՝ բլանկների, պատճենահանման…, այն էլ, եթե դժվարանում են, մենք անմիջապես զիջում ենք, որպեսզի չկորցնենք մեր այցելուին։ Միջոցառումների կազմակերպումը նույնպես մեծ խնդիր է թանգարանի համար, քանի որ այն չունի հավելյալ տարածքներ, որտեղ կազմակերպվեն այդ միջոցառումները։ Այդ պատճառով դրանք լինում են շատ հազվադեպ։ Թանգարանը չունի նաեւ ֆոնդապահոց, որպեսզի հնարավոր լիներ դահլիճում կախված էքսպոզիցիաները հանել եւ ժամանակավորապես «թեթեւացնել դահլիճը»։ Խոսվեց նաեւ 5 տարի առաջ՝ 1995թ. հուլիսի 5-ին թանգարանից կատարված գողության մասին՝ անհետացել էր Միխայիլ Վրուբելի «Դեւը Թամարի հոգու հետ» նկարը։ Ֆլորա Ֆլջյանն այդ առումով ասաց. – Թանգարանն ունի 20 տարվա պատմություն եւ այդ ամբողջ պատմության մեջ եղել է մի դեպք. գողացել են մեկ նկար։ Այդ հարցով զբաղվել է եւ երեւի թե զբաղվում է (ինձ ասում են, որ գործը փակված չէ, որ փնտրում են նկարը) ներքին գործերի նախարարությունը, ինչպես նաեւ դիմել ենք Ինտերպոլին։ Բայց արդեն 5 տարի է անցել եւ նկարի պոչը չի երեւում… Հավատանք, որ նկարի պոչը կերեւա, քանզի հավաքածուում նկարներ չեն ավելանում եւ լավ կլիներ, որ չպակասեին։ ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել