Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 16,2000 00:00

Բարխուդարյանը հիմա էլ զբաղված չէ. կգա՞ դատարան Արմավիրի մարզի Էջմիածնի առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվեց Համլետ Ասրյանի, Ասողիկ Սրբազանի եւ մյուսների նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը։ Ինը ամբաստանյալները, ըստ էության, մեղադրվում են ՊՆ ֆինբյուջետային վարչության նախկին պետ Մավրիկ Ավետիսյանի գիտությամբ «ՊՆ-ին պատկանող դրամական միջոցների» ապօրինի շրջանառության, ԱՄՆ դոլարով փոխանակելու արդյունքում այդ գումարների յուրացման մեջ։ «Ամենահամեստ» գումարը, որն իբրեւ թե յուրացվել է, Համլետ Ասրյանին վերագրվողն է. շուրջ 250 հազար ԱՄՆ դոլար (Հ. Ասրյանը հանդիսացել է «Էրեբունի կոնցեռն» հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության տնօրեն, «Մարտին» ֆիրմայի նախագահ, Երեւանի «Բազալտ» եւ «Հայարդկապ» ԲԲԸ-ների խորհրդի նախագահ, սեփականատեր)։ Այս գործով, տեղեկացնեմ, որ վկա են ճանաչվել 75 մարդ, որից մինչեւ օրս դատարան են ներկայացել 25-ը։ Լրացուցիչ վկա ճանաչվեց (դեռ սեպտեմբերին) ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար (հիմա արդեն՝ նախկին) Լեւոն Բարխուդարյանը։ Երեկ, ամբաստանյալ Համլետ Ասրյանը դատարանում հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ իրեն մեղսագրվածը համարեց «անգրագետ քննիչի անօրեն գործունեության» արդյունք, որի կապակցությամբ հայտնեց, թե պատրաստ չէ պատասխանատվության ենթարկվել։ Ամբաստանյալն ընթերցելով մեղադրականը՝ «1994թ. հունվարի 28-ին օտարերկրյա տարադրամի առքուվաճառքի մասին ՀՀ ֆինանսների նախարարության եւ «Մարտին» ֆիրմայի նախագահի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, ֆինանսների նախարարությունը 250 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել «Մոսբիզնես» բանկում գտնվող Երեւանի «Մարտին» ֆիրմայի թղթակցային հաշվին, իսկ Հ. Ասրյանը պարտավորվել է 3 բանկային օրվա ընթացքում դրամով վճարել 250 հազար դոլարի փոխարժեքը՝ 36.195.000 դրամ, որը, սակայն, Հ. Ասրյանը չի կատարել եւ խաբեությամբ հափշտակել է նշված գումարը», հայտնեց, որ պայմանագիրը կնքված է ոչ թե իր՝ նախագահի, այլ նախարարության եւ «Մարտին» ֆիրմայի միջեւ եւ որը համաձայն երկու ձեռնարկությունների կանոնադրության, «վավերացրել ենք մենք՝ տվյալ ձեռնարկությունների առաջին դեմքերը»։ Ամբաստանյալը հարցրեց մեղադրողին. «մի՞թե ես մեղավոր եմ, որ քննիչը երկու իրավաբանական անձերի միջեւ կնքված պայմանագիրը մեկնաբանում է այնպես, ինչպես իրեն է հարմար։ Նախարարությունը, որը կառավարության կառույց է, դիտվում է որպես իրավաբանական անձ, իսկ ֆիզիկական անձ է դիտում նրա նախագահ Համլետ Ասրյանին»։ Ինչ վերաբերում է, թե գնորդը պարտավորվել է 3 բանկային օրվա ընթացքում ստացված գումարը համարժեք դրամով տալ, իսկ վաճառողն էլ գումարը չստանալու դեպքում ետ պահանջել տրամադրված գումարը, ամբաստանյալ Հ. Ասրյանը շարունակեց. «պայմանագրում նշված չէ, որ Լ. Բարխուդարյանը տվեց, իսկ Հ. Ասրյանը ստացավ։ Հիշյալ պայմանագրի մեջ նշված չէ, թե ստացված 250 հազար ԱՄՆ դոլարի համար ինչքան դրամ պետք է վճարվեր ՀՀ ֆինանսների նախարարությանը, սակայն նշված է, որ վճարումը պետք է կատարվի գումարը տրամադրելու օրվա կուրսով, ինչն արել է «Տավրոս-66» ՍՊԸ-ն 1.02.94թ. փոխանցելով 1,5 միլիարդ ռուբլի, որը, իրոք, այդ օրվա կուրսով համարժեք է 250 հազար ԱՄՆ դոլարին (եւ միայն բանկային հաստատված փոխանցման հանձնարարականի հիման վրա է ՀՀ ֆինանսների նախարարությունը գումար տրամադրել)»։ Հ. Ասրյանը իմիջիայլոց հասկացրեց, թե ՀՀ ֆինանսների նախարարը «եթե չունենար բանկի կողմից հաստատված փոխանցման հանձնարարական», երբեք բյուջեի գումարները չէր տրամադրի «այդ ժամանակ դեռեւս անհայտ ֆիրմայի, որը մինչ այդ ոչ մի գործարք չէր արել եւ ոչ մի հաշվեկշիռ էլ չուներ, առավել եւս, հարկային մարմինների բացակայության պատճառով էլ գրանցված չի եղել հարկային տեսչությունում»։ Իսկ եթե չի՞ ունեցել։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել