Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 16,2000 00:00

«ԹԻՎ 148 ԴՊՐՈՑԻՆ ՆՈՐԻՑ ԱՐՀԱՎԻՐՔ Է ՍՊԱՍՎՈՒՄ» Այսպիսի տագնապալից սկիզբ ունի «Առավոտ» բերված նամակը, որով դպրոցի ծնողական համայնքը (համայնքի նախագահ Հասմիկ Թադեւոսյանի եւ ներկայացուցիչ Ռազմիկ Պողոսյանի ստորագրությամբ) բողոքում է դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Ղազարյանի եւ քաղաքապետարանի գործերի կառավարման վարչության պետ Լյովա Մայիլյանի դեմ։ Վերջինս, նամակագիրների պնդմամբ, Ծ. Ղազարյանի «քեռին է, զինակիցը, նրա կատարած անօրինականությունների տանիքը» եւ, չարաշահելով իր դիրքը, աջակցում է նրան պաշտոնում վերականգնվելուն։ Մենք երեկ հանդիպեցինք «մեղադրվող» կողմերի հետ՝ նամակում բերված մեղադրանքները մեկնաբանելու նպատակով։ Մի քանի տարի ձգվող այս պատմությանը մամուլում բազմաթիվ անդրադարձներ են եղել։ 1998 թ. հոկտեմբերին աշխատանքից ազատված Ծովինար Ղազարյանը մեկ անգամ արդեն, 1999 թ. հոկտեմբերին, վերականգնվել է իր աշխատանքում։ Սակայն մեկ ամիս հետո նորից ազատվել է աշխատանքից եւ այժմ դատական կարգով նորից փորձում է վերականգնվել։ Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները մերժել էին աշխատանքի վերականգնման նրա հայցը։ Սակայն վճռաբեկ դատարանը հայցն ընդունել է եւ գործն ուղարկել հետ՝ առաջին ատյանի դատարան՝ վերանայման։ Դատական այս քաշքշուկներն ուղեկցվել են փոխադարձ մեղադրանքներով, լարված անառողջ մթնոլորտով, որից հիմնականում տուժել է դպրոցը։ Այս մանրամասներին չենք անդրադառնա եւ զերծ կմնանք մեղավոր172անմեղ որոշելուց՝ դատարանին թողնելով վճռի իրավունքը։ Կներկայացնենք Ծ. Ղազարյանին եւ Լ. Մայիլյանին ուղղված այն բողոքների մեկնաբանությունները միայն, որոնք առնչվում են հարցի արդարացի լուծմանը՝ խոչընդոտող հանգամանքներին։ Քաղաքապետարանի գործերի կառավարման վարչության պետ Լյովա Մայիլյանը հերքեց իրեն ուղղված բոլոր մեղադրանքները՝ միայն ընդունելով Ծ. Ղազարյանի ազգականը լինելու պնդումը։ Պարոն Մայիլյանը հերքեց այն պնդումը, որ երբ ինքը այս տարվա մայիսին ստանձնեց այդ պաշտոնը, «քաղաքապետարանի կիսաբաց դռները փակվեցին» Ծ. Ղազարյանի դեմ բողոքող ծնողների եւ ուսուցիչների առաջ, իսկ «մուտքագրված նամակները կորչում են քաղաքապետարանի միջանցքներում»։ Ի դեպ, այս առնչությամբ Ծ. Ղազարյանն էլ բողոքեց, որ իր նամակները չէին հասնում քաղաքապետին, իսկ իր դեմ բողոքողների նամակները միշտ էլ տեղ են հասել, քանի որ բողոքողները «ունեն շատ լավ բարեկա՛մ, լավ քեռի՛»՝ ի դեմս փոխքաղաքապետ Կամո Արեյանի, որը բողոքողներից մեկի՝ Սիրականյան Անահիտի «տեգրն» է։ Լյովա Մայիլյանը կտրականապես հերքեց նաեւ այն պնդումը, որ ինքը «ահաբեկել է կրթության վարչության տեսուչներին՝ աշխատանքից ազատումով, եթե կհամարձակվեն Ծ. Ղազարյանի դեմ ցուցմունք տալ»։ Նամակագիրների պնդմամբ՝ տեսուչը չի ներկայացել դատարան։ Թեեւ Ծ. Ղազարյանն էլ պնդեց, որ տեսուչը՝ Հովհաննես Սարոյանը, որ ստուգումներ էր անցկացրել դպրոցում, ոչ միայն ներկայացավ դատական նիստին, այլեւ ցուցմունքներ տվեց նրա դեմ։ Պարոն Սարոյանը, որ առաջ տեսչական բաժնի պետ էր, այսօր սովորական տեսուչ է։ Սակայն պաշտոնի այս իջեցումը եղել է ցուցմունք տալուց երկու օր առաջ, եւ պատիժ չէ այդ ցուցմունքների համար։ Սա Ծ. Ղազարյանի կարծիքն է, իսկ պարոն Սարոյանին երեկ գտնել չհաջողվեց (դատական ինչ172որ նիստի էր գնացել), եւ նրա կարծիքը կաշխատենք վաղը ներկայացնել։ Լ. Մայիլյանը նաեւ նկատեց, որ ինքը չի կարող որեւէ մեկին, այն էլ՝ ոչ իր վարչության աշխատակցին, սպառնալ հաշվեհարդարով։ Մանավանդ որ աշխատանքի նշանակում եւ ազատում է միայն քաղաքապետը։ Զրուցակիցս կտրականապես հերքեց այն կարծիքը, որ ինքը, իր դիրքը չարաշահելով, օգնում է իր ազգականին։ Ծ. Ղազարյանը եւս հերքեց, որ Լ. Մայիլյանը աջակցում է իրեն։ Նամակն ավարտվում է Ալբերտ Բազեյանին ուղղված կոչով՝ «Խնդրում ենք վերապահորեն մոտենաք Ծ. Ղազարյանի՝ տնօրենի պաշտոնում վերականգնման հարցին, քանզի նրան երեխա չենք վստահի… եւ մեր բողոքը նորից կարտահայտենք՝ մեր երեխաներին այդ դպրոցից տեղափոխելով»։ Ի դեպ, Ծ. Ղազարյանն էլ հավաստիացնում է, որ ինքն այլեւս այդ դպրոց չի վերադառնա։ Դատարանի միջոցով պարզապես ցանկանում է վերականգնել արդարությունը, քանի որ իրեն անօրինական են ազատել աշխատանքից։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել