Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 16,2000 00:00

Գարեջրագործն ու ջուր տվողը անձնական հարցեր են լուծում Պարբերաբար խմբագրություն այցելող «Ալավերդու գարեջրի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գործարան» ԲԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Ճարոյանը պնդում է, որ «Հայջրմուղկոյուղի» ՊՓԲԸ «Ձորագետ» մասնաճյուղը կտրել է գործարանի ջրամատակարարումը։ Ամեն անգամ հերթապահ ժպիտը դեմքին Հակոբ Ճարոյանն անպարտի կեցվածքով պատմում էր, որ «Ձորագետը» ջրամատակարարումը փակել է առանց գործարանի ղեկավարությանը տեղյակ պահելու։ Այն դեպքում, երբ, ըստ Հ. Ճարոյանի, գործարանը ջրի դիմաց ոչ մի լումա պարտք չի ունեցել։ Նրա պնդմամբ՝ ջրամատակարարումը վերականգնելու, ջրամատակարարման եւ ջրահեռացման պայմանագիր կնքելու համար 2 անգամ դիմել են «Ձորագետի» տնօրեն Է. Վահանյանին։ Սակայն վերջինս, իբր անհիմն պատճառաբանությամբ՝ ջրամատակարարումը չի վերականգնել եւ պայմանագիր չի կնքել։ Ավելին՝ Հ. Ճարոյանի հավաստմամբ՝ «Ձորագետը» գրություն է ուղարկել Ալավերդու գարեջրի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գործարանին, ըստ որի, այն ջրի դիմաց պարտքեր ունի։ Այդ կապակցությամբ գործարանը դիմել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն, որպեսզի Է. Վահանյանը հիմնավորի ասածը եւ իբր վերջինս դատախազությանը պարտքը հիմնավորող փաստաթղթեր չի ներկայացրել։ Հակոբ Ճարոյանը նաեւ մաթեմատիկական բազմաթիվ հաշվարկներ արեց՝ ապացուցելու համար, որ «ընկերության ջրամատակարարումը չվերականգնելու եւ ընկերության հետ ջրամատակարարման ու ջրահեռացման պայմանագիր չկնքելու պատճառով, մասնաճյուղի կողմից ընկերությանը պատճառած վնասը հոկտեմբեր ամսին կազմում է ավելի քան 200 հազար դրամ»։ Ուստի Ալավերդու գարեջրի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գործարանը այլ հարցերի շարքում «Ձորագետից» պահանջում է փոխհատուցում՝ 200 հազար դրամի չափով։ Խնդրի առնչությամբ, բնականաբար, երեկ դիմեցինք «Ձորագետ» մասնաճյուղի տնօրեն Է. Վահանյանին։ Մինչ նրա փաստարկներին անդրադառնալը, նշենք, որ Ալավերդու գարեջրի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գործարանը Հակոբ Ճարոյանը սեփականաշնորհել է դեռեւս 1994 թվականին, սակայն գործարկման նախապատրաստական աշխատանքները սկսել է միայն 2000 թ. սեպտեմբերին։ Պրն Վահանյանը հայտնեց, որ այդ գործարանի ջրամատակարարումը փակվել է շատ վաղուց (պրն Վահանյանը չկարողացավ մտաբերել, թե կոնկրետ որ տարում), երբ գործարանը դեռ չի գործարկվել։ Այս տարվա ապրիլին, երբ գործարանը դիմել է «Ձորագետին»՝ ջրամատակարարում ստանալու համար, ըստ պրն Վահանյանի, իրենք տեխնիկական վիճակի եւ պայմանագիր կնքելու համար մի շարք փաստաթղթեր են պահանջել։ Սակայն պրն Վահանյանի պնդմամբ՝ մինչեւ սեպտեմբեր գործարանը փաստաթղթերը չի ներկայացրել։ Սեպտեմբերին գործարանը դարձյալ դիմել է «Ձորագետին»՝ պայմանագիր կնքելու եւ տեխնիկական պայմաններ ստանալու համար, սակայն, ըստ Վահանյանի, այդպես էլ փաստաթղթեր չի ներկայացրել։ Պրն Վահանյանը տեղեկացրեց նաեւ, որ իր աշխատակիցները շրջագայության ժամանակ պարզել են, որ «Ալավերդու գարեջուր» ԲԲԸ-ն ինքնակամ միացում է կատարել Էնգելսի ջրատարից 100մմ խողովակով եւ ջուր օգտագործել։ Այդ մասին սեպտեմբերի 28-ին ակտ է կազմվել (որի մի օրինակն, ի դեպ, «Առավոտին» է փոխանցել Հ. Ճարոյանը)։ Սակայն պրն Վահանյանի ակտին ընթացք չի տրվել միայն այն պատճառով, որ ակտավորման պահին Ալավերդու գարեջրի գործարանի կողմից ներկայացուցիչ չի եղել։ Թեպետ մեր ձեռքի տակ է նաեւ «Ալավերդու գարեջուր» ԲԲԸ-ին սեպտեմբերի 29-ին «Ձորագետի» կողմից ուղարկված գրությունը, որտեղ վկայակոչելով վերը նշված ակտը՝ ասվում է. «Խնդրվում է 2 միլիոն 349 հազար 230 դրամ գումարը կամովին վերականգնել 10-օրյա ժամկետում, հակառակ դեպքում ստիպված կլինենք նշված գումարը գանձել դատական կարգով»։ Մեզ չհաջողվեց կապվել Լոռու մարզի դատախազության հետ՝ պարզելու համար Հ. Ճարոյա՞նն է Է. Վահանյանին դատի տվել, թե՞ հակառակը, կամ ընդհանրապես նրանցից որեւէ մեկը դատարան դիմե՞լ է։ Ակնհայտ է, սակայն, որ այստեղ անձնական շահեր են բախվում եւ իրենց խնդիրները լուծելու համար փորձում են օգտագործել նաեւ ԶԼՄ-ները։ Այդ գործում ամենաակտիվը, իհարկե, Հակոբ Ճարոյանն է, որը պարբերաբար մեր խմբագրություն այցելելուց բացի, Ալավերդու հեռուստաընկերությամբ հայտարարել է, իբր Է. Վահանյանը խուսափել է «Առավոտի» թղթակցի հետ հանդիպելուց։ Ինչի իրավունքը «Առավոտը» հաստատապես չի տվել։ Նշենք նաեւ, որ Հ. Ճարոյանը Է. Վահանյանի մասին անձնական բնույթի «փաստեր» էր ներկայացրել, որին նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ Հ. Գ. Պրն Վահանյանը տեղեկացրեց, որ արդեն բացել են «Ալավերդու գարեջուր» ԲԲԸ-ի ջրամատակարարումը՝ վարչապետի աշխատակազմից հնչած հեռախոսազանգի հրահանգով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել