Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 16,2000 00:00

ՍՆՎԵՔ ՈՒ ԹՌԵ՜Ք Երեկ շահագործման հանձնվեց «Ավիասնունդ» ՊՓԲԸ նոր արտադրավարչական շենքը, որը փոխարինում է նախկին, գրեթե 40-ամյա վաղեմության անշուք եւ անհրապույր շինությանը (տես՝ լուսանկարը)։ Բուլղարական «Ագի Պրիմա» ընկերությունն այս նորակառույցի եւ «Ավիասնունդի» ճաշարանի (որը շահագործման է հանձնվել 1999թ. մարտին) կառուցման եւ սարքավորումներով զինելու վրա ներդրել է մոտ 2,4 մլն դոլարի չափ գումար։ Հայկական կողմն այս գումարի պարտքը պիտի մարի «Ավիասնունդի» հարկված շահույթների հաշվին։ Ընդ որում՝ անժամկետ։ Սա իհարկե մի քիչ բարդ կլինի, եթե նկատի ունենանք, որ «Ավիասնունդի» մատուցած սննդաբաժինը թեեւ որակով եւ համով ոչ միայն չի զիջում, այլեւ որոշ դեպքերում գերազանցում է արտերկրի նույնատիպ սննդաբաժնին, սակայն շատ ավելի ցածր գին ունի. «Նմանատիպ սնունդը ռուսական ավիացիան մատուցում է $30-40-ի սահմաններում (մեկ սննդաբաժինը), եվրոպական երկրներում դա կազմում է $50-ից ոչ պակաս գումար, այն դեպքում, երբ մեզ մոտ գինը տատանվում է 3000-8000 դրամի սահմաններում՝ ըստ կարգի։ Էկոնոմ-կլասում՝ 3000դ., ԱՊՀ երկրների բիզնես-կլասում՝ 4500դ, իսկ եվրոպական երկրների բիզնես-կլասում՝ 8000 դրամ»,- այս տվյալները տրամադրեց բորտսննդի ծառայության պետ Ռազմիկ Խաչատրյանը, որն, աշխատանքի բերումով, լինում է տարբեր երկրների ավիասնունդ պատրաստող մասնաշենքերում, ստուգում հայ ուղեւորներին եւ օդաչուներին մատուցվող սնունդը։ Նոր մասնաշենքում տեղավորված են արտադրական տեղամասեր, որոնք զինված են իտալական «Զանուսսի» ֆիրմայի բարձրորակ սարքավորումներով։ Արտադրական համալիրի հզորությունը թույլ է տալիս ժամում 400 բաժին ուտելիք պատրաստել։ Խոհանոցներում պատրաստված տաք եւ սառը սնունդը, հրուշակեղենը կոմպլեկտավորվում են առանձին սննդաբաժիններով եւ կոնտեյների միջոցով ուղարկվում օդանավ՝ պարտադիր անցնելով մաքսային ստուգում (հանկարծ զենք-զինամթերք կամ թմրանյութ չլինի 1սմX1սմ չափերի բուտերբրոդիկների մեջ)։ Այդ համով-հոտով ուտելիքներով (տես՝ լուսանկարը) պիտի սնվեն ոչ միայն «Հայկական ավիաուղիների», այլեւ՝ շուրջ 20 երկրների ավիաընկերությունների ուղեւորներն ու անձնակազմերը։ Ընդ որում, սնունդը հատուկ տեսակավորվում է՝ սովորական, մանկական, բուսակերների համար նախատեսված, ըստ թռիչքի տեւողության, օրվա ժամի, ուղեւորի ազգային եւ կրոնական պատկանելության (ասենք՝ թուրքին խոզի խորոված հանկարծ չտան կամ՝ ֆրանսիացուն՝ խաշ)։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի ղեկավար Հովհաննես Երիցյանը, կտրելով «Ավիատրանսի» կարմիր ժապավենը (խփեց ՀՀ նախագահի գործին), հարկ համարեց զգուշացնել. «Այս գեղատեսիլ հոյակապ շինությունն՝ իր սարքավորումներով հանդերձ, մեծ բեղմնավոր աշխատանք է կատարվել ոչ թե ինչ-որ մասնավոր անձի համար, ոչ թե ինչ-որ մասնավոր յուրացման համար, սա մեր ժողովրդի համար դրոշի պես երեւույթ է։ Այս կոչեցյալ բորտսնունդից հազարավոր մարդիկ օգտվելով, պատկերացում են կազմում մեր ժողովրդի կուլտուրայի, ապրելակերպի եւ կենսամակարդակի մասին»։ Անկեղծ ասած, այդքան էլ լավ չհասկանալով, թե ինչպե՞ս կարող էր «Ավիասնունդի» շենքը եւ հենց սնունդը նախատեսված լինել «մասնավոր յուրացման» համար, այն էլ «դրոշի պես», պիտի խոստովանենք, որ եթե մեր ժողովրդի կենսամակարդակի մասին դատեն մատուցվող սննդատեսակներով, մենք հումանիտար օգնությունից էլ կզրկվենք, բարեգործական գումարներից էլ։ Ո՞վ է գժվել՝ թառափով, քյուֆթայով, վիչինայով, սեւ ու կարմիր խավիարով սնվող ժողովրդին այդքան օգնություն տրամադրի։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, որ օրերս էր օգտվել «Հայկական ավիաուղիների», հետեւաբար նաեւ «Ավիասնունդի» ծառայություններից, հավաստեց մեր «աչքի տեսած-ականջի լսածը». «Երեւան-Ֆրանկֆուրտ չվերթի ժամանակ մեզ մատուցած սնունդը ոչնչով չէր զիջում Ֆրանկֆուրտ-Հելսինկի ճանապարհին «Լյուֆտհանզայի» կողմից մատուցածից»։ Այսպիսով, մեր «աչքի տեսած-ականջի լսածին» ավելացավ լրագրողի՝ «համը տեսած» չափանիշը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել