Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 16,2000 00:00

Պարույր Հայրիկյանը հերքում է «Ինձ շատ աիմականներ դիմեցին եւ զարմանք հայտնեցին Տիգրան Հակոբյանի հիշողության կորստի առիթով։ Ես «վրդովմունք» բառը չեմ օգտագործում առավել եւս այն պատճառով, որ եթե Տիգրան Հակոբյանին իբրեւ մարդ չճանաչեի, նրա հայտարարությունները ԱԻՄ-ի վերաբերյալ հերթական զազրախոսություն կհամարեի։ Բայց նա հիշեցրեց, որ շարունակում է էությամբ հհշական մնալ՝ այս բնորոշման բացասական իմաստով»։ Ահա այսպես արձագանքեց ԱԻՄ-ի երբեմնի նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով «Առավոտում» օրեր առաջ հրապարակված «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հոդվածին։ Հիշեցնենք, որ այդ հրապարակման մեջ Տ.Հակոբյանը պնդել էր, թե 1991-ին, երբ հայ երիտասարդները Գետաշենում կռվում էին, Պ.Հայրիկյանը կոչ էր անում խուսափել բանակում ծառայելուց։ Վերջինս, հերքելով այս հայտարարությունը, նշեց, որ ազգային բանակ ձեւավորելու անհրաժեշտությունն ԱԻՄ-ն առաջինն է պնդել։ Ինչ վերաբերում է կոնկրետ Գետաշենին, ապա, ըստ Պ.Հայրիկյանի՝ «որքան էլ կռիվը հերոսական լիներ, հիշենք, որ Գետաշենը տրված է։ Ուրեմն լավ չէինք կռվում։ Բացի այս, Գետաշենի կռիվների ժամանակ, ցավոք, բանակ չկար եւ այն ուշացումով ստեղծվեց՝ չնայած դրան ուղղված ԱԻՄ-ի մեծամասշտաբ հանրահավաքներին ու պահանջներին։ Սրան ի պատասխան՝ 91-ի մարտին հհշական Գերագույն խորհուրդն իր արտահերթ նիստերից մեկը վերածեց ԱԻՄ-ի եւ Հայրիկյանի դատավարության՝ միայն այն բանի համար, որ մենք պահանջում էինք շուտափույթ կերպով բանակ ստեղծել եւ կոչ էինք անում երիտասարդներին՝ չգնալ խորհրդային բանակ եւ չծառայել աֆղանստաններում»։ Պ.Հայրիկյանը պնդեց նաեւ, թե ազգային բանակ ստեղծելու ԱԻՄ-ի կոչերին հետեւեց նախկին իշխանությունների հակաքարոզչությունը. «91-ի նախագահական ընտրությունների ընթացքում հհշականները վստահեցնում էին, թե Հայրիկյանը ռազմատենչ է եւ մեր երեխաներին ուզում է կոտորել»։ Պ.Հայրիկյանը վստահեցրեց, թե ինքը միշտ փորձել է ՀՀՇ-ի հետ համագործակցության եզրեր փնտրել, առավել եւս, որ վերջինս տարիների ընթացքում ԱԻՄ-ի շատ գաղափարներ ուշացումով որդեգրել եւ իրականություն է դարձրել։ «Բայց պարզվում է, որ հհշականներին շարունակում է ուղեկցել իրենց ոչ բնածին անցյալը։ Ես ցավում եմ, որ Տ.Հակոբյանը չկարողացավ ձերբազատվել ստելու «արվեստից»։ Մեր հարցադրմանը, թե ինքն ինչպե՞ս է վերաբերվում կոնկրետ «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» կազմակերպության ստեղծման գաղափարին, Պ.Հայրիկյանն պատասխանեց. «Նման նախաձեռնությունը ժամանակավոր բնույթ ունի, քանի որ ահաբեկչության դեմ պայքարը պետական համակարգի խնդիր է։ Բայց 27-ի տպավորության տակ եւ ահաբեկչությունն արդարացնող մտածելակերպի դեմ հասարակության մոբիլիզացումն ու այս նպատակով կազմակերպության ստեղծումը վատ չէ։ Միաժամանակ, Տ.Հակոբյանը, որը գլխավորում է այս կազմակերպությունը, պետք է հասկանա, որ ահաբեկչությունը սկսվում է հասարակական երեւույթների մասին կեղծ պատկերացումներից»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել