Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 16,2000 00:00

«ՌԴ-Ն ՄԵԶ ԱՅԼԵՎՍ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ» ՀՀ-ի եւ ՌԴ-ի կողմից ստորագրած Հռչակագիրը «Առավոտի» համար մեկնաբանում է «Արմատ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Ստեփան Գրիգորյանը: Սեպտեմբերի 25-26-ին տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցի ժամանակ իր եւ Պուտինի կողմից ստորագրվեց «Հռչակագիր Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին»: Պետք է նշեմ, որ ռուսաստանցի դիվանագետները լավ են աշխատել այս փաստաթղթի վրա, եւ իրենց երկրի շահերը Հռչակագրում լիովին արտացոլված են: Ես ուսումնասիրել եմ այս տարվա հուլիսի 17-ին ընդունված «ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգը» եւ կարող եմ փաստել, որ Հռչակագրի դրույթների զգալի մասը մեջ է բերված հենց այդ «Հայեցակարգից»: Օրինակ, երկու փաստաթղթում էլ Ռուսաստանը պնդում է, որ աշխարհը պետք է լինի բազմաբեւեռ, որ բոլոր վիճելի հարցերը ի վերջո պետք է լուծվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներով, որ պետք է կոշտ պայքար մղել սեպարատիզմի, ահաբեկչության, թմրադեղերի տարածման դեմ: Հիմա տեսնենք, թե ինչպես են այդ Հռչակագրում արտացոլվում Հայաստանի շահերը՝ բաց թողնելով բարեկամության մասին ավանդական ձեւակերպումները եւ կենտրոնանալով թերությունների վրա: Առաջին. 3-րդ կետի երկրորդ պարբերության մեջ շեշտվում է ՄԱԿ-ի դերը միջէթնիկական, միջդավանաբանական եւ այլ ընդհարումների կարգավորման գործում եւ հատուկ առանձնացվում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումները: Այդ առանձնացումը պետք է Ռուսաստանին, որովհետեւ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը մասնավորապես, ձեռնարկել են Հարավսլավիայի ռմբակոծությունները առանց ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշման: Նույն ձեւակերպումը շահեկան չէ մեզ համար. հիշեցնեմ, որ 92-93 թվականներին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է 4 բանաձեւ, որոնցում ասված է, թե Ղարաբաղի ինքնապաշտպան զինված խմբավորումները պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից: Պատերազմի ժամանակ մեր դիվանագիտությունը մեծ ճիգերով կարողացավ հասնել նրան, որ Հայաստանը ագրեսոր չի համարվել, մեր դեմ միջազգային պատժամիջոցներ չեն կիրառվել, որ նշված բանաձեւերում խոսվում է ոչ թե Հայաստանի, այլ Ղարաբաղի մասին՝ դրանով իսկ վերջինս անուղղակիորեն ճանաչվում էր որպես ինքնուրույն գործոն: Այսօր աշխարհն արդեն հաշտվել է այն մտքի հետ, որ ղարաբաղյան հիմնահարցը քաղաքական է, ոչ թե զորքերի դուրս բերման խնդիր, եւ հակամարտությունների կարգավորման կոնտեքստում ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումների մասին հիշելը մեզ համար, մեղմ ասած, ձեռնտու չէ: Ապացույցը՝ Հեյդար Ալիեւի ելույթը ՄԱԿ-ի «Հազարամյակի գագաթաժողովում», որտեղ նա կոչ է անում իրագործել հենց այդ՝ 92-93-ի ԱԽ-ի որոշումները: Երկրորդ. ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ում այսօրվա իշխանությունները հանդես են եկել նախաձեռնությամբ, ըստ որի Հարավային Կովկասի անվտանգությունը պետք է կառուցվի «3+3+2» բանաձեւով՝ առաջին պլանում են մեր 3 հանրապետությունները՝ գումարած Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան՝ գումարած ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը: Այս Հռչակագրի 5-րդ կետում Կովկասի անվտանգության հարցում հատուկ նշանակություն է տրվում «Կովկասյան քառյակին»՝ Հարավային Կովկասի 3 հանրապետություն՝ գումարած Ռուսաստան: Այստեղ չեմ քննարկում այն հարցը, թե որ համակարգն է գերադասելի. պարզապես եթե մի տեղ մի բան ես ասում, մեկ այլ տեղ՝ ուրիշ բան, դա «կոմպլեմենտարիզմ» չէ՝ դա աշխարհին ցույց է տալիս քո պետության անլրջությունը: Երրորդ. Հռչակագրի այն մասում, որը կապված է ղարաբաղյան կարգավորման հետ, շեշտվում է խնդիրը խաղաղ միջոցներով լուծելու անհրաժեշտությունը, կարեւորվում են Քոչարյան-Ալիեւ հանդիպումները, բայց խոսք չկա ԵԱՀԿ «Մինսկի խմբի» մասին, որտեղ մեր դիրքերը բավականին ուժեղ են: Խոսք չկա նաեւ ազգերի ինքնորոշման մասին՝ իրավական սկզբունք, որը պետք է դրվի այդ խնդրի կարգավորման հիմքում: Այդ ամենով խնդիրը եւս մեկ անգամ իջնում է Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի մակարդակի: Չորրորդ. անհեթեթ է Հռչակագրի այն կետը, թե «Ռուսաստանի Դաշնությունը աջակցում եւ ողջունում է Հայաստանի հանրապետության անդամակցումը Եվրոպայի խորհրդին»: Մոռացկոտներին պարզապես հիշեցնեմ, որ Չեչնիայի խնդրի պատճառով Ռուսաստանը Եվրոպայի խորհրդում զրկվել է ձայնի իրավունքից: Ընդհանուր առմամբ ասեմ. երբ որեւէ փաստաթղթում հստակորեն երեւում է մի կողմի շահը եւ իսպառ բացակայում է մյուսինը, կամ՝ ավելի պարզ լեզվով ասած, կողմերից մեկը պատրաստ է ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը նրան դեմ են տալիս, դա ռազմավարական գործընկերություն չէ: Երբ համագործակցությունը ռազմական ոլորտում չափազանց սերտ է, բայց բացակայում է դրա քաղաքական բաղադրիչը, դա նույնպես ռազմավարական գործընկերություն չէ՝ պարզապես մեկը մյուսի համար դառնում է ռազմական փորձադաշտ: Ռազմավարական գործընկերության ժամանակ պետք է, մասնավորապես, սինխրոնիզացվեն քաղաքական վերնախավերը: Բայց ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ են ՌԴ Պետդումայի պատգամավորները շփվել մեր նախկին նոմենկլատուրայի եւ թաղային հեղինակությունների հետ: Այնպես որ, մենք գուցեեւ կարծում ենք, որ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերներն ենք: Ցավոք, Ռուսաստանը մեզ այդպես չի ընկալում, ինչը ամրագրված է նաեւ վերոհիշյալ «Հայեցակարգով» եւ Քոչարյան-Պուտին վերջին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի ելույթներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել