«ՋԱՀԵԼ ՉԵՍ ՄՆԱ», ՆԱԽԱԳԱՀ ԿԴԱՌՆԱՍ Ռ. Քոչարյանի «գաղտնի» հանդիպումը ուսանողների հետ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը երեկ պաշարված էր. Ալեք Մանուկյան փողոցի լայնքով ու երկայնքով կարգը պահպանողների բարձրախոսները զգուշացնում էին փողոցը ավտոմեքենաներից մաքրելու մասին։ Իսկ կենտրոնական մուտքից դեպի իրավաբանական տանող նրբանցք մտնելը պարզապես անհնարին էր։ Հիշո՞ւմ եք ֆիլմը. «Տի տուդա նե խադի, սյուդա խադի»։ Անցուդարձ անող ուսանողներին արգելված էր մտնել «տարածք»։ Դրա փոխարեն դահլիճում հավաքվել էին հավանաբար «լսող եւ խոնարհ բալիկները»։ Երեւի երկրի նախագահի հետ հանդիպելու համար հենց նրանք էին հարմար։ Մի կողմից՝ նորմալ քայլ է, երբ նախագահը հանդիպում է երիտասարդներին, մյուս կողմից՝ բոլոր լրատվամիջոցները չէ, որ ստացել էին այդ հանդիպումը լուսաբանելու թույլատվություն։ Վերջին շրջանում հանրահավաքային թափի տակ խիստ աշխուժացած երիտասարդական շարժումը, ուսանողների համարձակ եւ սկզբունքային հայտարարությունները, քննադատական խոսքը՝ երկրի ղեկավարության հասցեին, խիստ ժողովրդավարական մթնոլորտի տպավորություն էին թողնում։ Իհարկե, եթե չհաշվենք հատուկ ծառայությունների աշխատակիցների ոչ պաշտոնական հանդիպումները եւ խրատական զրույցները «ջահելների» հետ։ Ստիպված ենք կրկին մեջբերել Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խոստումներից մի քանի նախադասություն. «Նպատակային ծրագրերի շրջանակում պետությունը պետք է առավելագույնս աջակցի ողջ երիտասարդության ստեղծագործ ներուժի համախմբմանն ու դրսեւորմանը՝ ներգրավելով երկրի կառավարման, հասարակական-քաղաքական հիմնահարցերի լուծման գործում»։ Եթե նախընտրական փուլում այսպիսի խոստում է տրվում, ինչո՞վ բացատրել, որ իշխանության 2,5 տարվա ընթացքում, երիտասարդության ինքնաբուխ մասնակցությունը «հասարակական-քաղաքական հիմնահարցերի լուծման գործում» դառնում է իրավապահ մարմինների զբաղմունքի առարկա։ Երեկ մենք եւս դրսում մնացածի կարգավիճակում չլսեցինք, թե ինչպես նախագահը իր հետ հանդիպման եկած ուսանողներին շնորհակալություն հայտնեց, որ ընտրությունների ժամանակ աջակցել են իրեն, իսկ հիմա, քանի որ լուրջ օրենսդրական եւ սահմանադրական փոփոխություններ են ակնկալվում, նախագահը ուզում է լսել երիտասարդների կարծիքը։ Եվ, քանի որ սա չլսեցինք, որպեսզի լուսաբանենք, ստիպված էինք զրուցել այն ուսանողների հետ, ովքեր հանդիպման չէին հրավիրվել: Իսկ ոմանք՝ «եթե հրավիրվեինք էլ, չէինք մասնակցի»,- ասացին։ Թեպետ երիտասարդությունը համարձակության, անկեղծության եւ սկզբունքայնության խորհրդանիշն է, բայց մենք ներողամիտ ենք մեր զրուցակիցների հանդեպ, երբ չեն ցանկանում իսկական անուն-ազգանունով ներկայանալ. «Թոշակից կկտրեն, կգան՝ խրատ կկարդան, հավես չկա»։ Այսպիսով, մեր առաջին զրուցակցի ասելով. «Նախագահը եկել է համոզելու, որ ինքը լավն է, կամ էլ՝ ուզում է սեփական ձեռքով մեզ վրա մատ թափ տալ»։ Երկրորդը պարզապես անտարբեր էր. «Հետո՞ ինչ, որ նախագահն է եկել, մեկ է, ոչինչ չի փոխվելու»։ Երրորդ զրուցակցիս կարծիքով. «Լավ կլիներ, որ նախագահը թոշակները շատացներ, բայց հաստատ չի անի»։ Ի դեպ, ինչպես միշտ, երիտասարդությունը չէր սխալվում, քանի որ բառացիորեն մեկ օր առաջ ԿԳ նախարարը ուսանողների հետ հանդիպման ժամանակ այն միտքն էր արտահայտել, թե ընդհանրապես ճիշտ կլինի վերանայել կրթաթոշակի գաղափարը եւ թոշակ տալ միայն անապահովներին եւ ուսման գերազանցիկներին։ Ակնհայտորեն, իշխանությունները սկսել են «լրջորեն զբաղվել երիտասարդության խնդիրներով»։ Ո՞վ է ասում, թե խոստումները չեն կատարվում։ Մ. ԵՍԱՅԱՆ