ԼՂՀ նախագահին խորհուրդ են տալիս ներողամիտ չլինել Ըստ ամենայնի, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունն առաջիկայում կայցելի Արցախ՝ ներկա գտնվելու Սամվել Բաբայանի դատաքննությանը։ Հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն այս մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ՝ անցած շաբաթ ՀՀ խորհրդարանականների Արցախ կատարած այցելության ժամանակ։ Մինչ ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպումն էին հայաստանցի պատգամավորներն առաջարկել ԱԺ նախագահին ձեւավորել դիտորդական առաքելությամբ պատվիրակություն, որը կմասնակցի ԼՂՀ նախագահի դեմ իրականացված մահափորձի դատաքննությանը։ Արկադի Ղուկասյանը, ըստ Վիկտոր Դալլաքյանի, «շատ բարեհամբույր եւ պատրաստակամ» է արձագանքել այս առաջարկին՝ հավելելով, թե նրանք կարող են անգամ գործին ծանոթանալ։ Մինչդեռ ԼՂՀ նախագահի խորհրդական Ժաննա Գալստյանը, միջամտելով խոսակցությանը՝ ասել է, թե ղարաբաղցիների մեծամասնությունը Արկադի Ղուկասյանին «մեղադրում է Սամվել Բաբայանի նկատմամբ ներողամիտ վերաբերմունքի համար։ Տիկին Ժաննան փաստորեն համոզում էր ԼՂՀ նախագահին՝ այս հարցում ավելի կարծր՝ ոչ չեզոք դիրքորոշում ունենալ»։ Արդյոք իրոք Ղարաբաղում Արկադի Ղուկասյանից նմա՞ն դիրքորոշում են ակնկալում, կա՞ Սամվել Բաբայանին անպայման պատժելու տրամադրվածություն՝ հետաքրքրվեցինք պրն Դալլաքյանից։ ԼՂՀ172ում բազմաթիվ հանդիպումներից նրա տպավորությունն էր. «Ըստ էության, նախնական էյֆորիան կարելի է համարել անցած։ Անպայման պատժելու, դաժանություն ցուցաբերելու, բռնությանը բռնությամբ պատասխանելու մտայնությունը, համենայն դեպս, ԼՂՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումներում չզգացի։ Շատերն ափսոսանքով էին այդ մասին խոսում»։ ԼՂՀ նախագահի հետ հանդիպման պաշտոնական մասի ավարտից հետո Վիկտոր Դալլաքյանը նրան հետեւյալ նկատառումն էր հայտնել. «Արցախի հերոսներից մեկը՝ Վազգեն Սարգսյանը, սպանված է, մյուսը՝ Սամվել Բաբայանը ճաղերի ետեւում է։ Սա, չգիտեմ, պատմությա՞ն քմահաճույքն է, որ անքննարկելի արժեքները դարձել են քննարկելի եւ ավելին՝ բացասական ռակուրսով են քննարկվում։ Սա բոլորի ցավն է դարձել, թե ինչո՞ւ պիտի այսպես լիներ։ Ինձ թվաց, Արկադի Ղուկասյանն այդ մասին չէր մտածել»։ Ա. Ի.