Մարտ-ապրիլ ամիսներին հնարավոր են հեղափոխական պրոցեսների զարգացումներ։ Այդ կարծիքը երեկ, ասուլիսի ժամանակ հայտնեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը. «Կա հստակ ձեւավորված հասարակական պատվեր այս վարչախմբի դեմ, մնում է մի բան՝ ո՞վ է իրականացնելու այդ պատվերը»,- հարցնում է պարոն Մակեյանը եւ ինքն էլ պատասխանում՝ «հարկավոր է լուրջ քաղաքական ուժ»։ Իսկ այդ ուժը ստեղծելու նախաձեռնությունն իր վրա է վերցրել «Ժողովրդավարական Հայրենիք»-ը։ Պետրոս Մակեյանն առայժմ անուններ չտվեց, ասելով, թե իշխանությունները արագ կփորձեն օգտվել դրանից, բայց չթաքցրեց, որ իրենք բանակցություններ եւ հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքական ուժեր, քաղաքական գործիչների, մտավորականների հետ։ Նպատակը ընդդիմադիր ճակատի ստեղծումն է, այն կկոչվի «Հայաստանի, հայ ժողովրդի փրկության ճակատ», որը. «ընդդիմադիր դաշտը կուղղորդի, որպեսզի իշխանափոխությունը ընթանա սահուն, սահմանադրական ճանապարհով եւ ոչ թե ժողովրդի հախուռն հեղափոխական մթնոլորտի ազդեցության տակ»։
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դիմել էր քաղաքապետարան՝ հանրահավաքի եւ երթի թույլտվություն ստանալու համար։ Երթի մասին դիմումը մերժվել է, հանրահավաքը թույլատրվել էր նոյեմբերի 17-ին։ Սակայն կուսակցությունը գտնում է, որ իրեն քիչ ժամանակ է թողնված հանրահավաքը կազմակերպելու համար, հետեւաբար, որոշվել է այն անցկացնել նոյեմբերի 22-ին, ժամը 14-ին, Ազատության հրապարակում։ Հանրահավաքի ժամանակ «բնականաբար, կոչ ենք անելու ժողովրդին, որպեսզի ոտքի կանգնեն եւ տեր կանգնեն իրենց իրավունքին»։
Մ. ԵՍԱՅԱՆ