Երեկ ավարտվեց հոկտեմբերի 27-ի գործով նախաքննությունը։ Սպասվում էր, որ տուժողների ներկայացուցիչները պիտի միջնորդություններ ներկայացնեին գործի նյութերի լրացման վերաբերյալ։ Այս մասին «Առավոտին» պիտի մանրամասներ ներկայացներ քննչական խմբի ղեկավար Արտակ Հարությունյանը, սակայն նա խախտեց նախնական պայմանավորվածությունը։
ԹՈՂ ԸՆՏՐԵՆ ՀԴՄ-Ի ԵՎ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՄԻՋԵՎ
Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը դեմ է առեւտրային օբյեկտներին հսկիչ-դրամարկղային մեքենաներ պարտադրելուն. «Կառավարության նիստում էլ կողմ չեմ եղել։ Գտնում եմ, որ մարդկանց հարկավոր է այլընտրանք տալ։ Հարկային մարմինները կարող են որոշել շրջանառությունը ու հաստատագրված վճար սահմանել եւ եթե ձեռնարկատերը դրան համաձայն չէ՝ թող այդ դեպքում ՀԴՄ դրվի»։
Կարդացեք նաև
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՈՎ՝ ՀԱՄԵՐԳԻ
Շառլ Ազնավուրն իր «Հրաժեշտի համերգաշարին» հրավիրել է ոչ միայն Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահներին, այլեւ այլ անձանց։ Ուստի, «Կանազի» գործարան այցելած Ռոբերտ Քոչարյանին՝ բյուջեի ահռելի ճեղքվածքը նկատի առնելով՝ լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք հնարավոր չէ՞, որ նրանք բոլորը միասին մեկնեն Փարիզ։ «Ես ընդհանրապես նման բաներ չեմ բացառում եւ կոմպլեքսավորված չեմ այդ առումով»,- պատասխանել է նախագահը։ Ըստ ամենայնի, Քոչարյանը Փարիզ կմեկնի դեկտեմբերի սկզբին։
ԶԵՂՉՈՎ ԴԵՊԻ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը երեկ ասուլիսում հաստատել է, որ Հայաստանին Եվրախորհրդի անդամավճարի զեղչ է արվել. «Տեսան, որ վիճակներս վատ է, ասացին՝ 50 հազարի փոխարեն 25 հազար մուծեք։ Ավելին, 2001-ին ընդհանրապես ոչինչ չենք վճարելու»։