Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 15,2000 00:00

Թանգարանները՝ անտեսված Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964 թվին։ Այդ թվականին, նախկին Խորհրդային Հայաստանի նախարարաց խորհրդի թիվ 44 որոշման համաձայն, ստեղծվում է տուն-թանգարան՝ Ե. Չարենցի մեմորիալ բնակարանում։ Շուրջ 10 տարի տեւում է հավաքչական աշխատանքը եւ միայն 1975 թ. հունվարին թանգարանը իր դռներն է բացում ժողովրդի առջեւ։ Պատմելով թանգարանի հիմնադրման պատմությունը՝ տնօրեն Լիլիթ Հակոբյանը նշեց. – 1975 թ. առ այսօր գործում է թանգարանը եւ, փաստորեն, այս տարի նշելու ենք թանգարանի ստեղծման 25-ամյակը։ Այն ժամանակ վերականգնված էր միայն գրողի աշխատասենյակը, մյուս երկու սենյակներում եւ միջանցքում հիմնական ցուցադրություն էր արված՝ հին դասական ոճով։ Այն ժամանակվա համար այդ ցուցադրությունը բավականին հետաքրքիր էր։ Հետագայում լուսահոգի Կարեն Դեմիրճյանի անմիջական կարգադրությամբ եւ միջնորդությամբ չորս հարկաբաժին տրվեց թանգարանին, եւ 1987թ. գրողի 90-ամյակին տեղի ունեցավ մեծ վերանորոգումը։ Այդ ժամանակ վերականգնվեց լրիվ մեմորիալ բնակարանը՝ այն տեսքով, ինչպես եղել է Չարենցի կենդանության օրոք։ Տնօրենն ավելացրեց, որ այդ թվականին (1987թ.) իրենք չհասցրին հիմնական ցուցադրությունը կազմակերպել, այլ 1989-90թթ. ընթացքում աշխատանք տարվեց այդ ցուցադրության վրա եւ 1991թ. մայիսի 31-ին այն հանձնվեց հայ ժողովրդի դատին։ Այն հարցին, թե՝ պետական մարմիններից թանգարանը հովանավորվո՞ւմ է, թե՞ ոչ, տիկին Հակոբյանը պատասխանեց. – Ո՛չ, չենք ստանում։ Կոմունիստների ժամանակ տարբեր հոդվածներով գումարներ էինք ստանում, ասենք մի հոդվածով կարող էինք ձեռքբերումներ անել, հարստացնել մեր ֆոնդերը, որոնցից որոշակի գումարներ տրամադրում էինք գրասենյակային իրերի, մասունքների վերականգնման եւ գործուղումների համար (մեկնում էինք ԽՍՀՄ երկրներ եւ մասունքներ հայթայթում)։ Անկախացումից հետո, այսինքն, արդեն 10 տարի է, այդ գումարները հանեցին եւ մնացինք չոր աշխատավարձի հույսին։ Ուրիշ ոչ մի գումար կառավարությունից չենք ստանում։ Այցելուների առումով տնօրենը չդժգոհեց, ավելին, երբեմն այնքան շատ են գալիս, որ հերթ է գոյանում։ Եվ այցելում են ո՛չ միայն Երեւան քաղաքի դպրոցներից, այլեւ ՀՀ բոլոր շրջաններից, բուհերից։ Ամռանը գալիս են նաեւ զբոսաշրջիկներ։ – Ես հենց նոր նամակ ուղարկեցի Գերմանիա, նրանք պահանջել էին թանգարանի տվյալները՝ որ մտցնեն ինտերնետ։ Այնպես որ, մեր թանգարանը բավական ճանաչում ունի, եւ՝ ո՛չ միայն հանրապետությունում, այլեւ նրա տարածքից դուրս,- ուրախությամբ նշեց տիկին Հակոբյանը։ Խոսվեց նաեւ միջոցառումների մասին, եւ տնօրենն ասաց, որ թանգարանի 25-ամյակի առթիվ կազմակերպվում է միջոցառումների շարք, աշխատակիցներն անմնացորդ նվիրումով աշխատում են։ – Չեմ կարծում, որ կառավարությունը որեւէ գումար տրամադրի։ Էլի մեր կապերով, միջոցներով պետք է գումար հայթայթենք։ Եվ, հուրախություն մեզ, պետք է նշեմ, որ թանգարանը մտել է Լինսի ծրագրի (Քըրք Քըրքորյանի) մեջ, եւ պետք է շատ մեծ վերանորոգում լինի, որը կարվի ձմեռվա 3 ամիսներին։ Միջոցառումը կանցկացվի հանրապետության մասշտաբով՝ գարնանը (կհամատեղենք Չարենցի ծննդյան օրվա հետ)։ Ամփոփելով, Լիլիթ Հակոբյանն ասաց, որ երկիրը վատ վիճակում է գտնվում, կառավարությունը միջոցներ չունի, եթե ունենար, հնարավոր չէ, որ թանգարանները անտեսվեին այնպես, ինչպես որ անտեսված են։ Դրա համար ամեն աշխատող իր տեղում պետք է նվիրյալ լինի… ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել