Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 15,2000 00:00

ՄԱՅՐ ՈՒ ԱՂՋԿԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ Սիրուշոն Սյուզան Մարգարյանի լոկոմոտիվն է Օրերս, Երգի պետական թատրոնում, արտասահմանյան հյուրախաղերից հետո, երեք օր անընդմեջ կայացավ երգչուհու եւ իր դստեր՝ Սիրուշոյի «Ես ու դու» մենահամերգը։ Համերգներն անցնում էին լեփ-լեցուն դահլիճում եւ մեկ շաբաթ հետո նույն ծրագիրը կրկնվեց 3 օր։ Հնչեցին հիմնականում նոր երգեր։ Թե երգչուհին եւ թե դուստրը կատարում են հայ կոմպոզիտորների երգեր, որոնք հարմար են իրենց ձայնին։ Նրանց հետաքրքրությունը՝ դեպի ամեն մի նոր, հանգեցնում է նրան, որ դառնում են երգերի առաջին կատարողը։ Համերգային այս ծրագրում նրանք հանդես եկան նաեւ դուետներով։ Այստեղ ձայնային տվյալները օգնեցին դյուրությամբ հաղթահարելու այս կամ այն երգի դժվարությունները, ինչպես ինտոնացիոն-տիսիտուրային կարգի, այնպես էլ՝ կապված վոկալ-անսամբլային համահնչյունության հետ։ Չնայած թատրոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հանդիմանանքին (չէր թողնում հարցազրույց վերցնել), գտա «ճանապարհը» եւ մի քանի հարց ուղղեցի Սյուզան Մարգարյանին։ – Ընդհանրապես հայ երգի մասին եւ վերջինիս մատուցելու շուրջ Ձեր խոսքը։ – Իմ ժողովրդի երգերում, հայ երգերում կա մաքրություն եւ ողջամիտ իմաստնություն։ Մեր երգին հատուկ չի կրքի շիկացումը, արտաքին արդն ու զարդը։ Դրանց կատարումն էլ պետք է լինի նույնքան անկեղծ ու սրտաբուխ, որքան իրենք՝ երգերն են։ Աշխատում եմ, որ սա քաջ գիտակցի աղջիկս՝ Սիրուշոն։ Այս կամ այն երգ կատարելիս մենք ծանոթանում ենք, ավելի ճիշտ, Սիրուշոյին ներկայացնում եմ մեր ազգային, ժողովրդական երաժշտության դասական նմուշները։ Բառիս բուն իմաստով՝ մտնում եմ երգերի գաղափարական- կերպարային բովանդակության բացահայտման, վերջիններիս ոճական ու լեզվական առանձնահատկությունների մեջ։ Եթե ուզում ես դուրս կորզել հայ երգի մեջ ներդրված հույզն ու իմաստը, դրանով հուզել ունկնդրին, մի փնտրիր շռայլ գեղգեղանքներ, փնտրիր միայն պարզություն եւ, եթե կարողացար գտնել ու շեշտել այն, երգը կդառնա կենդանի, ոգեշունչ խոհ, պատկեր… – Այս ծրագրում էլ կան երգեր, որոնք առաջին անգամ են հնչում։ – Կարծում եմ պատկերացնում եք՝ ինչ է նշանակում որեւէ ստեղծագործություն կատարել առաջին անգամ։ Ես եւ աղջիկս հիանալի ենք գիտակցում, թե որքան բան է կախված առաջին կատարումից։ Շատերդ գիտեք, որովհետեւ կյանքի եւ մշակույթի բոլոր ասպարեզներում էլ առաջին նախաձեռնության էությունը նույնն է, տարբեր են ձեւերն ու արտահայտության միջոցները։ – Այսօր Սիրուշոյի տարիքի արտիստները (մի քանի տարով մեծ կամ փոքր), բայց արդեն ճանաչված ու սիրված, երգում են իրենց հասակին ոչ հասու երգեր, հենց թեկուզ տեքստերի իմաստով։ – Հասկացա։ Ես դա չեմ ընդունում, որովհետեւ այդ տարիքի երեխան, հնարավոր չէ, որ ոչ թե լիարժեք, այլ թեկուզ հասկանա, օրինակ՝ Սայաթ-Նովայի իմաստուն խոսքերն ու մտքերը։ Իսկ Սիրուշոյի երգերի տեքստերում Հայաստանն է, Երեւանը, հրաշքների աշխարհը… – Վերջին շրջանում ո՞ւմ երգերն եք կատարում։ – Մեծ սիրով կատարում ենք Արթուր Գրիգորյանի, Էդգար Գյանջումյանի, Վարդան Աճեմյանի երգերը։ Համերգներում կատարումները կենդանի էր, որ ապահովում էր թատրոնի հնչյունային ռեժիսոր Սուսաննա Մարտիրոսյանը։ Եթե կան ստեղծագործական մտորումներ եւ որոնումներ (իսկ դրանք կան Սյուզան Մարգարյանի արվեստում), ճանապարհներ, որ առաջին անգամ է անցնում երգչուհին (օրինակ՝ Սիրուշոն), եթե կա կենդանի մարդը իր բոլոր հատկություններով, ուրեմն՝ կան նաեւ բացեր ու թերություններ։ Իհարկե, արժե դրանց մասին եւս խոսել, բայց դա թողնենք մանրակրկիտ վերլուծությունների մասնագետներին։ Նկատենք, որ ծրագիրը վերնագրված էր «Ես եւ դու». Երգի պետական թատրոնի պրոդուկտներին հարիր վերնագիր, ինչպես՝ «Այո», «Հենց այնպես», «Ամենա, ամենա…», որոնք ոչինչ չեն ասում, բացի՝ «Պռոստո Մարիա» ֆիլմի վերնագիրը հիշեցնելուց։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել