Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 15,2000 00:00

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ պետական հանրակրթական հաստատության օրինակելի կանոնադրության «Հաստատության կառավարումը» 2-րդ բաժնում շատ հստակ ամրագրված է սովորողների եւ աշխատողների սանիտարաառողջապահական ռեժիմի ապահովումը։ Սակայն այս ամենը տեսականորեն: -Այսօր բացակայում է նույնիսկ սովորական փայտիկը, որով երեխայի կոկորդի բորբոքվածությունն ենք ստուգում,- ասաց Երեւանի թիվ 301 մսուր-մանկապարտեզի ավագ բուժքույր Վերա Գալստյանը։ Ավագ բուժքույրը նշեց, որ այսօր առաջին բուժօգնության համար ավելի լավ դեղամիջոցներ ու սարքավորումներ կան։ Սակայն այս պայմաններում, երբ ընդհանրապես բացակայում է պետական մատակարարումը եւ համապատասխան կազմակերպությունները խնդիրը մոռացության են տվել, բացը փորձում են լուծել սեփական ուժերով՝ տնից բերելով, խնդրելով ծնողներից, բարեկամներից։ Սակայն սա հարցի լուծում չէ եւ իրեն չի արդարացնում։ Բուժկաբինետի պահարանը արդեն քանի տարի դատարկ է եւ հայտնի չէ, թե երբ կարող է ծառայել իր նպատակին։ Փորձեցինք ճշտել, թե այդ հարցում կարո՞ղ է նրանց օգնել սանէպիդկայանը։ Պարզվեց, որ մեր այդ հարցը անտեղի է։ Կայանն իր գործունեության ծրագիրն ունի. միջամտել կրծողների վնասազերծմանը կամ ի հայտ եկած վարակիչ հիվանդությունը կանխարգելել եւ վերացնել։ Կայանը ստուգում է նաեւ յուրաքանչյուր երեխայի համար առանձին բաժակների, սրբիչների առկայությունը, գիշերանոթների ախտահանումը եւ այլն։ Ախտահանման համար նախատեսված քլորամինը արդեն տասը տարի է չեն ստանում։ Եվ խորհուրդ են տալիս ախտահանման համար օգտագործել ժավել։ Երբ այս խնդրով հետաքրքրվեցինք Թումանյանի անվան թիվ 32 դպրոցում, տնօրենը նույնպես բացասական պատասխան տվեց. – Մի կերպ մեր միջոցներով ենք հարցը կարգավորում։ Իսկ այդ միջոցները նրանք հայթայթում են նախասիրական ժամերի գումարներից, ինչպես նաեւ դիմում են ծնողների օգնությանը։ Մուրացանի անվան թիվ 18 դպրոցի բուժքույր Շուշիկ Թանանյանը տեղյակ պահեց, որ այս տարի իրենց տվել են ասկոֆեն, մի քիչ ասպիրին, պենտալգին եւ յուրաքանչյուր երկու աշակերտի համար մեկ ֆլակոն «Պերեմենտին»՝ համարյա բոլորն էլ կիսատ։ Դրանք հիմնականում ժամկետանց են։ Սանէպիդկայանը միայն ոջիլի դեղ է տրամադրել։ Տնօրեն Կլարա Կարապետյանն ավելացրեց, որ 10-րդ դասարանում բժշկուհին ուսումնական տարվա ընթացքում 102 ժամ պարապում է «Բժշկա-սանիտարական նախապատրաստում» առարկան։ Այն առաջին բուժօգնության մասին տարրական գիտելիքներ է հաղորդում բարձրդասարանցի աղջիկներին։ – Օրինակ, անցնում եմ «Արյունահոսություն» թեման,- ասում է բուժքույրը,- սակայն չունենք լարան (ժգուտ), որպեսզի թեման լիարժեք բացատրեմ։ Եվ բավարարվում են արդեն շատ հնացած պլակատներով։ Այս դպրոցում պարզ դարձավ, որ բուժքույրը սպասարկում է 1-8-րդ դասարանների աշակերտներին։ Սա նոր որոշում է եւ այս դեպքում 9-րդ եւ 10-րդ դասարանցիներին պետք է սպասարկի մեծահասակների պոլիկլինիկան։ Եթե այդպես է, ուրեմն վերջինիս բուժաշխատողը պետք է լինի դպրոցում, ինչը չի կատարվում։ Իհարկե, անհրաժեշտության դեպքում, բուժքույրը նրանց օգնում է, սակայն նման որոշումը քննադատության չի դիմանում։ Արդեն մի քանի ամիս է, որ բուժքույրն էլ, դպրոցի ուսուցիչների նման, աշխատավարձ չի ստացել։ Նույն վիճակն էր թիվ 161 դպրոցում։ Արդեն երեք տարի է նրանք կապ են հաստատել մոտակա մասնավոր դեղատան հետ։ Ավելի քան 1080 աշակերտ եւ 132 աշխատող ունեցող այս դպրոցում առաջին բուժօգնության դեղամիջոցների անհրաժեշտությունը ավելի մեծ է։ Մեկ-երկու տարի այդ դեղատունը հնարավորության սահմաններում եղել է ավելի բարյացակամ։ Բայց քանի որ այժմ իրենք էլ աշխատում են հաշվիչ դրամարկղային համակարգի պայմաններում, ապա ծանրացել է նաեւ նրանց վիճակը։ – Այդ պատճառով երկու ամիսը մեկ, կանխիկ գումարով եւ համապատասխան չեկով, մեր հնարավորությունների սահմաններում գնումներ ենք կատարում,- նշեց տնօրեն Մ. Սինանյանը։ Այստեղ նաեւ աշխատողների համար գնել են ճնշումը չափելու սարք։ Ինչպես նկատեց տնօրենը, այդ սարքի անհրաժեշտությունը դպրոցում այսօր խիստ է զգացվում։ ՇԱՎԱՐՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել