Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 15,2000 00:00

Երկրորդ կարգի հաշմանդամի կտուրը քանդվում է Օրերս «Առավոտի» խմբագրություն էր այցելել քաղաքացի Հմայակ Մխիթարյանը, որը իր բնակարանի տանիքի վերանորոգման աշխատանքների համար բազմիցս դիմել է թաղապետարան, բայց մնացել է «անպատասխան»։ Այդ անհեթեթ օրենքի համաձայն, դիմումներ ընդունվում են միայն տարվա սկզբին կամ վերջին։ Եվ քանի որ ես դիմում էի ներկայացրել միայն հուլիս-օգոստոս ամիսներին, ինձ մերժեցին, պատճառաբանելով, որ ուշացրել եմ»,- ասաց պրն Մխիթարյանը։ Քաղաքապետարանի որոշման համաձայն, համայնքներում գործող ԲՇՏ-ներն ու համատիրությունները պարտավորվում են ամեն տարի դժգոհ բնակիչների դիմում-բողոքները ներկայացնել թաղապետարան։ «Բողոքավորների» ցուցակների հիման վրա թաղապետարանը որոշում է գալիք տարում կատարվելիք աշխատանքները։ Վերոհիշյալ աշխատանքների ծախսերը կատարվում են պետական դոտացիաների կամ, ծայրահեղ դեպքում, տեղական բյուջեի հաշվին։ Իսկ բոլոր նրանք, ովքեր դուրս են մնում ցուցակագրումից, ստիպված են մի ամբողջ տարի սպասել, որպեսզի տարվա սկզբին վերցվեն հաշվառման։ Նա սկսած 1999թ. հուլիս-օգոստոս ամիսներից, մի քանի անգամ դիմել է Կենտրոն թաղապետարան՝ իր բնակարանի (Այգեստան 10/2 շենքի 8-րդ հարկ, բն. 47) տանիքը վերանորոգելու խնդրանքով։ «Պատասխանը երկար սպասել չի տալիս եւ մի քանի օր անց մեր բնակարան է այցելում «թաղապետարանի ինժեները», որը «բնակարանի տանիքը երկար-բարակ զննելուց հետո լուռումունջ հեռանում է»,- պատմում է պրն Մխիթարյանը։ Որոշ ժամանակ անց հաշմանդամը նորից գնում է թաղապետարան եւ այս անգամ արդեն բողոքում է, թե՝ «մի բան ձեռնարկեք, քանի դեռ տանիքը փուլ չի եկել մեր գլխին»։ Նրան բացատրում են, որ «տանիքը անպայման կվերանորոգվի, բայց քանի որ իրենց ֆինանսական միջոցները չեն բավարարում, նա պետք է սպասի մյուս տարվա ցուցակագրմանը»։ Պրն Մխիթարյանը որոշում է դիմում ներկայացնել նաեւ Երեւանի քաղաքապետ Ա. Բազեյանին, որի պատասխանը մինչեւ օրս չի ստացել։ Նշենք, որ Հ. Մխիթարյանի տանիքի վերանորոգման աշխատանքները ձգձգելու կապակցությամբ՝ Կենտրոն թաղապետարանի բնակտնտեսության վարչության գործադիր տնօրեն Արտյուշա Մանուչարյանը մեր հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ «Ամեն տարվա սկզբին եւ վերջին կազմվում են ցուցակներ՝ բողոք-նամակների հիման վրա, որի համար համապատասխան գումար է հատկացվում։ Ուստիեւ դա մեր մեղավորությունը չէ, որ քաղաքացի Մխիթարյանը ուշացել է ցուցակագրումից։ Նրա տանիքի վերանորոգման աշխատանքները վերցված են հաշվառման եւ ֆինանսների առկայության դեպքում նորոգման աշխատանքները կկատարվեն»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ Հ. Գ. Նշենք, որ 70 տարեկան Հ. Մխիթարյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, 2-րդ կարգի հաշմանդամ։ Իսկ քաղաքապետարանի 8 հուլիսի 1997թ. 251 որոշման համաձայն, «Հայրենական մեծ պատերազմի եւ այլ պետություններում մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած բոլոր զինծառայողները իրավունք ունեն արտահերթ օգտվել բոլոր արտոնություններից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել