Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 15,2000 00:00

«Ռոբերտ Քոչարյանը՝ որպես թագավոր…» «Ես իմ չորս երեխաներին նվիրում եմ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ այլեւս նրանց անհնար է պահել։ Հակառակ դեպքում ես ճարահատյալ՝ իմ չորս երեխաների հետ, ցած կնետվեմ Կիեւյան կամրջից»,- երեկ «Առավոտին» ասաց Կոնդի թիվ 73 տան բնակչուհի Արուսյակ Ղազարյանը։ Տիկին Արուսյակի տուն գնացինք այն ժամանակ, երբ նրա 2 պարտատերերը դռան առաջ անհուսորեն իրենց պարտքը վերադարձնելուն էին սպասում, իսկ նրա 14-ամյա աղջիկը՝ Հայկուհի Գեւորգյանը, նոր էր դատարկաձեռն վերադարձել հացավաճառ Գայանեի մոտից. նրան հաց չէին տվել, քանի որ խանութին ութ հազար դրամ պարտք ունեն։ «Գոհար, փաստորեն այսօրվա ուտելու հաց չունե՞ք»։ Գոհարը հայացքը գետնից չէր բարձրացնում։ «Հիմա ի՞նչ, քաղցա՞ծ եք մնալու»,- լրագրողի համառությամբ հետաքրքրվում էինք մենք։ «Բնական է, եթե հաց չկա, պիտի սոված մնանք»,- եղավ պատասխանը։ Մայրը՝ տիկին Արուսյակը, սպասում էր միկրոֆոնն իր կողմը պարզելուն, որպեսզի պայթի. «Ես չորս անչափահաս, միակողմանի ծնողազուրկ երեխաների մայր եմ։ Ամուսինս մահացել է 98-ին։ Չեմ աշխատում, թեեւ աշխատել եմ նասոսնի զավոդում։ Որպես լավ աշխատող թերթերում նկարներս տպվել են, կարող եմ ցույց տալ։ Աշխատել եմ Եղվարդի «Ադիդասում»՝ որպես զապչաստի պահեստապետ։ 95-ից մինչեւ այսօր չեմ աշխատում»։ Նա վրա-վրա պատմում էր, թե ինչպես է 5 տարի պարտքով ապրել, ինչպես է վաճառել տան եղած-չեղածը։ Իհարկե, դա կարող էր եւ չասել, որովհետեւ տանը, բացի չաշխատող հեռուստացույցից, լրիվ դատարկ, կիսաքանդ պահարանից եւ մի սրբի նկարից՝ ոչինչ չկար։ Դրան գումարած՝ կիսաքաղցած աչքերը վրադ հառած չորս երեխաները։ «Էս երեխեքը հագուստ չունեն հագնելու։ Մեծիս 8-րդ դասարանից հանել եմ. կոշիկ չունի։ Մամա՝ հացի փող։ Չկա։ Մամա՝ դասագրքի փող։ Չկա։ Երեխաներիս փողոց չեմ գցի՝ աղջիկ երեխաներ են։ Մանկատուն չեմ գցի, որովհետեւ մանկատներում հաց չեն տալիս։ Միակ խնդրանքս պրն Ռոբերտ Քոչարյանին, որպես Հայաստանի թագավոր, ի վիճակի է ի՛նքը երեխաներին պահի, իմ չորս անչափահաս երեխաներին նվիրում եմ Ռոբերտ Քոչարյանին։ Թող որդեգրի ու պահի»։ Ըստ տիկնոջ՝ միայն Քոչարյանի կամ, վատագույն դեպքում, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ֆինանսական հնարավորությունները կարող են թույլ տալ երեխաներին պահել։ «Եթե ոչ՝ ինձ թող աշխատանքով ապահովեն։ Ես պիտանի եմ աշխատանքի։ Յոթ մարդու տեղ գիշեր-ցերեկ կաշխատեմ։ Սովա՞ծ մնա իմ երեխան։ Գնամ ինձ կամուրջից գցե՞մ։ Այդ դեպքում իմ երեխաները փողոց կընկնեն։ Իսկ եթե բոլորս միասին գցվենք, աշխարհով մեկ խայտառակություն»։ Տիկին Արուսյակը պատրաստ է անել ամենածանր աշխատանքը, միայն թե ցամաք հաց ունենան իր երեխաները։ Զրույցի վերջում նա այնքան տաքացավ, որ արդեն չէր մտածում «աշխարհով մեկ խայտառակության» մասին եւ խոստացավ իրեն աշխատանքով չապահովելու կամ նախագահի՝ իր չորս քաղցած երեխաներին չորդեգրելու դեպքում, առանց այլեւայլության ինքնասպան լինել՝ նախապես կամրջից նետելով նաեւ իր անհաց ու անապագա երեխաներին։ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ «Հաց չունեք, գաթա կերեք» Արուսյակ Ղազարյանի՝ իր երեխաներին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նվիրելու խնդիրը որոշեցինք ճշտել նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանից։ Ի վերջո, պատրա՞ստ է նախագահը ստանձնել կիսաքաղց երեխաների խնամակալությունը, թե՞ պատրաստ է իր երկրի քաղաքացիների խմբակային ինքնասպանության ականատեսը լինել։ «ՀՀ քաղաքացին, եթե խնդիր ունի նախագահի հետ կապված, ճիշտ կլինի՝ մինչեւ հրապարակային հայտարարություն անելը, դիմի նախագահի աշխատակազմի համապատասխան ծառայություն, տվյալ դեպքում՝ քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժին, ուր նրան կփորձեն որեւէ ուղղություն կամ ճիշտ ելք մատնանշել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել