Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 15,2000 00:00

Քոչարյանը ապակայունացնո՞ւմ է իրադրությունը Մայիսին, կազմավորելով Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը, նախագահ Քոչարյանը հայտարարում էր, թե այդ կառավարությունը երկար կաշխատի։ Նախագահը, հավանաբար, նկատի չուներ, որ կառավարության կազմում ընդգրկված են խոստումնալից եւ կարող ուժեր, այլ՝ որ արագ փոփոխվող կառավարությունները կաթվածահար են անում գործադիր իշխանությունը, իսկ Քոչարյանը ցանկանում էր խուսափել անկայունությունից։ Մայիսին նախագահը խոստանում էր նաեւ, թե աշնանը հայաստանցիները տնտեսական բարելավում կզգան իրենց առօրյա կենցաղում։ Իրականում որեւէ բարելավում չարձանագրվեց, սոցիալ-տնտեսական իրավիճակը վատթարացավ եւ այժմ ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ նախագահը, կառավարությունում փոփոխությունների սկիզբը դրեց։ Եթե Արամ Սարգսյանի կաբինետի վերաբերյալ Քոչարյանը ենթատեքստում ակնարկում էր կամ ուղղակիորեն մատնանշում, թե իր ծրագրերի իրականացմանը խանգարում են որոշ նախարարներ, ապա Անդրանիկ Մարգարյանի կառավարության հետ նման խնդիրներ չկան. մնացին հատուկենտ անձինք, որոնք իրենց պատրաստվածությամբ եւ վարչական ունակություններով համապատասխանում են զբաղեցրած պաշտոնին, մնացյալների՝ կառավարությունում հայտնվելու միակ բացատրությունը Քոչարյանի հաճկատար լինելն էր։ Բնավորության այդ գիծը ոմանց հասցրեց նախարարական պաշտոնի, բայց անկարող եղավ տեւական պաշտոնավարություն երաշխավորել։ Քանի որ ինքնապաշտպանական բնազդով Քոչարյանը նախարարներին էր վերագրելու իր սեփական սայթաքումները, ձախողումներն ու պարտությունները։ Մայիսից ի վեր կառավարությունը կատարում է Քոչարյանի բոլոր ցուցումները, բայց որեւէ նվաճում չունեցավ։ Երբ կազմավորվեց Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը, նախագահի կողմնակիցներն ասում էին, թե կամ Քոչարյանը եւ Մարգարյանը միասին կշտկեն երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը, կամ միասին կխորտակվեն։ Քոչարյանը մեկ առ մեկ նախարարներ փոխելով ջանում է տպավորություն ստեղծել, թե ինքը պահպանում է Մարգարյանի կառավարությունը։ Մարգարյանն էլ իր հերթին, հարկի թե անհարկի, կրկնում է, թե իր կառավարությունը մի թիմ է։ Իմիջիայլոց, աշխատակազմի ղեկավար նախարարի պաշտոնում Մանուկ Թոփուզյանին նշանակելը արդեն իսկ ցույց տվեց, թե Մարգարյանի կառավարությունում պրոֆեսիոնալներ են պետք։ Անցնող 6 ամիսների ընթացքում այնքան կազմակերպական թերացումներ, սկանդալներ ու սարկազմի հասնող իրավիճակներ էին եղել (կառավարական ավտոշարասյան մոլորվելը Ճամբարակ-Բերդ ճանապարհահատվածին կամ «շրջապատող չորեքշաբթի» (ՏՍՐցՋՈ254քՈ255 րՐպՊՈ) մակարդակի թարգմանությունները), որ բարվոք համարվեց պաշտոնը վստահել որեւէ իրազեկ եւ վարչական աշխատանքի փորձառություն ունեցող անձի։ Ի վերջո, կառավարություն ղեկավարել կատարածուի հոգեբանությամբ, աշխարհընկալումով եւ մտավոր մակարդակով՝ անհնար է։ Նույնիսկ նախարարություն ղեկավարելն է անհնար։ Ահա թե ինչու են հանպատրաստից նախարարական աթոռներին բազմած անձինք անխուսափելիորեն զիջում իրենց տեղերը։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել