Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 14,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՈՏՔԸ Քրիստոնեության 1700172ամյակի առիթով շաբաթ օրը Հայաստան ներկրվեց եւս մի մասունք՝ Գրիգոր Լուսավորչի ոտքը։ Այն բերելու համար բավական մեծաթիվ եւ պատկառելի կազմով պատվիրակություն էր մեկնել Վատիկան՝ կաթողիկոսի անմիջական գլխավորությամբ։ Ըստ ոչ պաշտոնական, սակայն հավատ ներշնչող մի աղբյուրի՝ ոտքի դիմաց Հռոմի պապին է հանձնվել շատ թանկարժեք փոխհատուցում։ Իսկ թե ոտքը հաստա՞տ Գրիգոր Լուսավորչինն է, թե՞ կաթոլիկ մի այլ սրբինը, դժվար է ասել։ Դժվար է ասել ոչ թե նրա համար, որ փորձում ենք միշտ վատը տեսնել, այլ թեկուզ դարասկզբին գնդակահարված Նիկոլայ ցարի եւ նրա ընտանիքի անդամների ոսկորների ուսումնասիրությունների արդյունքների։ Եթե հիշում եք, երկարատեւ եւ մանրակրկիտ փորձաքննությունն անգամ չկարողացավ ճիշտ եզրակացության գալ եւ ռուսական եկեղեցուն համոզել, որ դրանք հենց ցարի եւ նրա ընտանիքի անդամների ոսկորներն են։ Իսկ մեզ՝ դյուրահավատ հայերիս, հեշտ է համոզել, կամ անգամ համոզել էլ պետք չէ, ինքներս մեզ ենք պատրաստ խաբել՝ հավատալով, որ երրորդ դարում ծնված եւ մահկանացուն կնքած Գրիգոր Լուսավորչի ոտքը հենց այն էր, ինչ արցունքն աչքերին գրկած բերեց Իտալիայից մեր կաթողիկոսը եւ որը (ոտքը 172 Լ. Ա.) օդանավակայանում խոնարհված հայացքներով ընդունեցին ՀՀ նախագահը, վարչապետը։ Էլ չենք խոսում ԱԺ նախագահի մասին։ Գուցե թե այնքան էլ էական չէ՝ ում ոտքն էր այդպես գրկել կաթողիկոսը, կարեւորն այն է, որ Հայաստանում մնալու, չարտագաղթելու եւս մեկ հիմնավոր գրավական կա՝ ի թիվս զորավար Անդրանիկի, Դրոյի, Սոսե մայրիկի, ապագա այլ վերաթաղվողների եւ տարբեր այլ սրբերի ներկրված եւ ներկրվելիք մարմնի տարբեր մասերի։ Եթե ինչ172որ մեկը կարող է մեզ մեղադրել սրբապղծության մեջ, թող հիմնավորի, թե ո՞ւմ էր խանգարում, եթե Գրիգոր Լուսավորչի ոտքը հանգրվաներ Աստծո կողմից սահմանված տեղում, եւ ի՞նչ կփոխվի հայ ժողովրդի կյանքում՝ այդ մասունքը Էջմիածնի անհամար այլ գանձերի կողքին դնելուց հետո։ Քրիստոնեական հեզությամբ ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ ՝ ԴՐԱՄԻ ԿՈՒՐՍ. ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՈՐԾՈ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Անցած շաբաթ դրամի կուրսի փոփոխությունը տարբեր մեկնաբանությունների եւ ենթադրությունների տեղիք է տալիս: «Առավոտը» ներկայացնում է թե՛ անկախ փորձագիտական եւ թե՛ պաշտոնական տեսակետները. Տիգրան Ջրբաշյան, «Սեդ Մարսեդ» ինվեստիցիոն-խորհրդատվական ընկերության տնօրեն. «Կենտրոնական բանկը, իմ կարծիքով, վերջին երկու ամիսների ընթացքում փոխել է իր քաղաքականությունը՝ մեղմացրել է դրամային զանգվածի զսպումը: Դրա մասին կարելի է դատել ԿԲ-ի վերջին հայտարարություններից: Մյուս կողմից, սկզբունքորեն կրկնվում է նույն պատմությունը. մենք ամբողջ տարի դրամը պահում ենք, հետո, տարվա վերջում, կտրուկ բարձրացում ենք տալիս՝ որպեսզի համապատասխանենք IMF-ի պահանջներին: Այս անգամ փոքր-ինչ այլ է եղել. հաշվի առնելով, իմ տեսակետից, այս տարվա տնտեսական քաղաքականության ձախողումը, ԿԲ-ն տարվա ընթացքում փաստորեն ոչ թե պահել է կուրսը, այլ չի թողել, որ ընկնի՝ դրամը տարվա ընթացքում պետք է ամրանար, իսկ դա շատ վտանգավոր կլիներ: Հիմա, կարծես, փոխվել են ԿԲ-ի մոտեցումները: Թե ինչի դա կբերի, մանրակրկիտ վերլուծությունների առարկա է՝ առայժմ առկա են ազդանշանները»: Զարուհի Բարսեղյան. Կենտրոնական բանկի լրատվության բաժնի վարիչ. «Դրամի կուրսի փոփոխությունը կրում է սեզոնային բնույթ. ամեն տարվա վերջում ներմուծողները սկսում են նախատոնական ներմուծումներ իրականացնել՝ վճարելով, բնականաբար, դոլարով: Մեր կարծիքով, տատանումը էական չէր, եւ դա արդեն անցած էտապ է՝ փոխարժեքն իջել է 559-ի, բարձրակետը անցած հինգշաբթի օրն էր: Մենք մոտ ենք միջին տարեկան փոխարժեքին, որը նախատեսված է բյուջեով, եւ չենք գերազանցել այդ ցուցանիշը»: «ՀԱՅՀԱՑԱՀԱՏԻԿԸ» ՃՇԳՐՏՈՒՄ Է Մեր թերթի նոյեմբերի 2-ի համարում տպագրված «Գյուղացու վիշտը կառավարության ուրախությունն է» հոդվածում տեղ են գտել մի քանի անճշտություններ։ Մասնավորապես «Հայհացահատիկ» գործակալության փոխտնօրեն Ավիկ Ենոքյանը մեկ առ մեկ ներկայացնելով փաստաթղթերը նշեց, որ «Հայհացահատիկը» գյուղնախարարության կողմից սեպտեմբերի 9-ին պաշտոնապես հրավերք է ստացել «ԱՄՆ-ից ՀՀ ներկրվող 60 հազար տ պարենային ցորենը աճուրդային կարգով իրացնելու գործակալի ծառայությունների գնման ընթացակարգին» մասնակցելու համար։ Մինչեւ գնանշման հարցման ժամկետի ավարտը՝ հոկտեմբերի 6-ը, պրն Ենոքյանի հավաստմամբ, «Հայհացահատիկը» հոկտեմբերի 3-ին պաշտոնական նամակներ է ուղարկել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Լեւոն Բարխուդարյանին եւ ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալ Ա. Խաչատրյանին։ Անհամաձայնություն հայտնելով այն մասին, որ «ՀՀ գնումների մասին օրենքի 45 եւ 46 հոդվածների համաձայն՝ ՀՀ գյուղնախարարության կողմից ուղարկված գնանշման հարցում գնման ընթացակարգի 4-րդ կետի 3-րդ եւ 4-րդ պարբերությունների պահանջները չեն համապատասխանում գնումների մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջներին»։ Այսինքն, ըստ պրն Ենոքյանի՝ նախ, իրենց գործակալությունը նախապես հրավիրված է եղել մրցույթին եւ հետո դա ոչ թե մրցույթ, այլ գնանշման հարցում է եղել, իսկ առաջարկվող պայմանները համապատասխանել են օրենքով սահմանված մրցույթի պահանջներին։ Այդուհանդերձ, գնանշման հարցումը կայանում է, որտեղ «Հայհացահատիկը» ներկայացրել է գնանշման 0,15%, «Ադամանդը»՝ 0,4%, «Ֆենը»՝ 1,2%։ Պրն Ենոքյանի պնդմամբ, նախատեսված օրը կայացել է գնանշման հարցումը, սակայն արդյունքները չեն հայտարարվել։ Նույն օրը՝ հոկտեմբերի 6-ին, ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը պաշտոնական նամակ է ուղարկել գյուղնախարար Զավեն Գեւորգյանին, որով. «Որպես «Գնումների մասին» ՀՀ օրենքով կարգավորվող հարաբերությունների լիազոր մարմին իր անհամաձայնությունն է հայտնել» վերը նշված գնանշման ընթացակարգի վերաբերյալ։ «Ինչ վերաբերում է ապրանքային բորսաների կազմակերպման արտոնագիր պահանջելու խնդրին, ապա անհասկանալի ենք համարում նման արտոնագրի պահանջը…»,- ասված է նամակում։ Ավելացնենք, որ պրն Ենոքյանը ներկայացրեց նաեւ պետռեգիստրից ստացված «Հայհացահատիկի» գրանցման վկայականը, որտեղ այլ կետերի շարքում նշված է նաեւ «աճուրդների եւ տենդերների կազմակերպում»։ Վերը թվարկված փաստարկներով է պրն Ենոքյանը բացատրում 2-րդ անգամ նույն հարցի համար հրավիրված գնանշման հարցումը, որի ժամանակ արդեն վերը նշված կազմակերպությունները հանել են հայտերը, եւ հաղթող է ճանաչվել «Հայհացահատիկը»։ Լ. Մ. Հ. Գ. Ի դեպ, «Ադամանդ» ապրանքային բորսայի նախագահ Գրիգոր Վարդիկյանը «Առավոտին» հայտնեց, որ Գոհար Սիմոնյանին ոչ մի հարցազրույց չի տվել։ «ՄԵՐ ՄԵԾ ԲԱՆԱԿ ԱՄԵՆԱԶՈՐ» Լոռու մարզում գարնանային զորակոչի պլանը գերակատարվել է 23 հոգով, իսկ ներկայումս փախուստի մեջ գտնվողների թիվը 93 է։ Այս մասին տեղեկացանք մարզխորհրդի նիստում զինկոմի ելույթից։ Գյուղապետերին հանձնարարական տրվեց՝ ներկայացնել զորակոչի ենթակա այն անձանց անունները, ովքեր տվյալ համայնքում գրանցում չունեն, բայց բնակվում են այնտեղ։ Խուսափողները հիմա շատ ավելի քիչ են, քան՝ 1990-ականների սկզբին, երբ նրանց ցուցակը Վանաձորի մամուլը մի քանի համար անընդմեջ տպագրում էր։ Բանակից խուսափողների ծնողներն այժմ ավելի նուրբ ձեւ են գտել. արտագաղթել, քանի դեռ որդիները զորակոչի տարիքի չեն հասել։ Վերջիններս հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ եթե այդ երեխաները ՀՀ քաղաքացիություն ընդունելու փոխարեն դառնան, ասենք, ՌԴ քաղաքացիներ, այդ դեպքում էլ ստիպված կլինեն ծառայության մեկնել այդ պետության համար, եւ, միգուցե, հայտնվեն ավելի «թեժ կետերում»։ Գ. Հ. «ԳԱԼԱԿՏԻԿԱՅԻՆ» ՄԱՍ-ՄԱՍ ԵՆ ԱՐԵԼ Մեկ տարի առաջ Աբովյանի առաջին ատյանի դատարան կանչվեցին «Գալակտիկա» ՓԲԸ 49 աշխատակիցներ, թե՝ ձեր ծառայողական բնակարաններն ազատեք, կամ, ինչպես իրավաբանորեն ձեւակերպված էր՝ «Բնակելի տարածությունից օգտվելու իրավունքը կորցրած ճանաչելու» պահանջով։ Հայցվորն էլ «Գալակտիկա» ՓԲԸ ադմինիստրացիան էր, հարգարժան ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի գլխավորությամբ։ Գլխացավանք սկսվեց հատկապես այն ժամանակ, երբ 49 պատասխանողների շահերի պաշտպանների հարցն առաջ քաշվեց։ Նրանք՝ գիտաշխատողները, վճարունակ չէին։ Սակայն 43172ը ձեւը գտան. նրանք ընտրեցին փաստաբաններ Վ. եւ Յու. Հայրապետյաններին, որոնք պաշտպանում էին իրենց։ Դատարանի անաչառության վրա կասկածելով, նրանք բացարկ հայտնեցին դատավոր Ն. Գալստյանին (ինչն ընդունվեց), իսկ գործն էլ այս հոկտեմբերի 27172ից լսվում է Չարենցավանում։ Սակայն նախագահող դատավոր Ա. Պողոսյանը չի կրկնում նախորդ դատարանի սխալները. հայցերը լսում է հատ172հատ, թեեւ հայցվորը մեկն է, պահանջը՝ նույնը, պատասխանողն էլ «Գալակտիկա» ՓԲԸ172ի աշխատակիցները։ Ինչեւէ։ Այսպես հեշտ էր «ջարդելը» հնարավոր «շարժման», որն ի դեպ, հասել էր ԱԺ, ԳԱԱ, ՀՀ նախագահին, կրթության նախարարին… Մի քանի օր առաջ դատարանը սենսացիա գրանցեց. պատասխանող «Ռոբերտ Հովհաննիսյանի փաստացի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունենալով»՝ դատարանը նրան «պատշաճ ձեւով տեղեկացրեց դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին» եւ առանց… Ռ. Հովհաննիսյանի էլ վճռեց նրա բնակելի տարածությունից օգտվելու իրավունքը Բանավանի թիվ 1 բնակարանի նկատմամբ՝ կորցրած ճանաչել։ Ռ. Մ. ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆԸ Հայտնի ծաղրանկարիչ Արզօյի (Արայիկ Օհանյան) «Մերկ գիծ» ցուցահանդես-վաճառքը նոյեմբերի 7-14-ը բացվել էր «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում։ Ցուցահանդեսից 3 օր անց անհայտ անձինք գողացան Արզօյի հուշամատյանը, որում հրավիրվածները իրենց գնահատականներն ու մաղթանքներն էին գրել Արզօյին։ Արզօն շատ էր տխրել դրանից։ Կոչ ենք անում հուշամատյանը գողացողին(ներին) վերադարձնել, թե չէ՝ նորը կպատվիրի։ Ս. Ս. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ Ելենա Կարապետյանի գեղանկարչական աշխատանքների կամերային ցուցահանդեսը ճարտարապետների տան 2-րդ հարկի դահլիճներից մեկում՝ արդեն չորրորդն էր իր ստեղծագործական կենսագրության մեջ։ Կրթությամբ՝ ճարտարապետ, Լենան այդպես էլ չհակվեց դեպի ճարտարապետություն։ Զգայականությունը ղեկավարել է իրեն ամեն ինչում՝ եւ անձնականում, եւ հետաքրքրությունների առարկայի ընտրության մեջ։ Վրձին, դաշնամուր, գրիչ, ջութակ… Եվ այդ գործիքներից յուրաքանչյուրին տրվել է տարիներ տեւող անբաժանական նվիրվածությամբ, ձգտել նվաճել ստեղծագործական բարձունքներ, սեփական դեմքը գտնել։ Յուրաքանչյուր անդրադարձը կտավին կապված էր հոգեկան վերելքի, կասեի նույնիսկ՝ հուզական թռիչքի հետ, ինչը պայմանավորված էր հերթական հուզիչ անձնական իրադարձության հետ։ Եվ ներկայիս անհատականն իր մեջ ներառավ խառնապար (պոպուրի) բոլոր այդ ստեղծագործական փուլերից քաղած փոքր ընտրանիները, հնարավորություն տալով հանդիսատեսին պատկերացում կազմել հեղինակի որոնումների ուղղվածության, փուլից փուլ աճող վրձնի հմտության եւ իր առաջ դրված խնդիրների՝ հետզհետե մեծացող բարդության մասին։ Ելենա Կարապետյանի վաղ աշխատանքներում դրսեւորվել էր նաեւ պատկերահանի շնորհը, որը, ցավոք, հետագայում իր շարունակությունը չստացավ։ Թեեւ ապագայում բացառված չէ վերադարձը դիմանկարին նորից կայանա։ Հետաքրքրությամբ է դիտվում նկարչուհու յուղաներկային գործերի գունային հաջորդափունջը (գամման)՝ զուսպ եւ միաժամանակ ինչ-որ թանձր լույսով հագեցած։ Եվ ինձ թվում է, որ հենց այդ եւ դեկորատիվ գուաշային աշխատանքները ավելի մեծ հետաքրքրություն կներկայացնեն կոլեկցիոներների եւ գեղանկարչության սիրահարների համար։ Է. ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել