Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 14,2000 00:00

Կատարողական լայն հնարավորություններով Նոյեմբերի 12-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միակ համերգով հանդես եկավ աշխարհում հայտնի ֆրանսահայ դաշնակահար Վարդան Մամիկոնյանը։ Նվագախումբը ղեկավարում էր Կարեն Դուրգարյանը։ Վարդան Մամիկոնյանը միջնակարգ երաժշտական կրթությունը ստացել է Երեւանում եւ Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան եւ ասպիրանտուրան (ղեկավարներ՝ պրոֆեսորներ Վ. Կաստալեւսկի եւ Լ. Բերման)։ 11 տարեկանում շահել է Վիլնյուսի «Բալիս Դվարիոնաս» մրցույթի առաջին մրցանակը, որին հաջորդել են միջազգային մրցույթների առաջին մրցանակները։ Վ. Մամիկոնյանը մենահամերգներով հանդես է եկել Նյու Յորքի «Կարնեգի Հոլում» (1993), ինչպես եւ Լոնդոնում, Մյունխենում, Բեռլինում, Վիեննայում, Ցյուրիխում, Փարիզում, Մադրիդում, ԱՄՆ-ի եւ Հեռավոր Արեւելքի քաղաքներում։ Ելույթ է ունեցել դիրիժորներ Վալերի Գերգիեւի, Վլադիմիր Ֆեդոսեեւի, Դեւիդ Շտալի եւ այլոց ղեկավարությամբ։ Երկարատեւ բացակայությունից հետո Վ. Մամիկոնյանն առաջին անգամ էր հայրենիք այցելում։ Հետաքրքիր եւ ոչ դյուրին ծրագիր էր կազմվել՝ Չայկովսկի՝ Կոնցերտ դաշնամուրի եւ նվագախմբի համար թիվ 1, Սերգեյ Պրոկոֆեւ՝ Կոնցերտ դաշնամուրի եւ նվագախմի համար թիվ 1 (միամաս)։ Երկրորդ բաժնի կեսից դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ նվագախումբը կատարեց Ի. Ստրավինսկու «Սրբազան գարունը», որը նվագախմբի համար գրված համաշխարհային գրականության մեջ ամենաբարդ պարտիտուրներից է համարվում, որը բավական հաջող հաղթահարեց նվագախումբը։ Վարդան Մամիկոնյան դաշնակահարի կատարողական հնարավորություններն, ինչ խոսք, միանշանակ շատերին զարմացրեց։ Բայցեւ, հաշվի առնելով այդ հնարավորությունները, հանդիսատեսի մի մասը, պարզապես, հիացած էր կատարումով, մյուս մասը ավելին էր սպասում։ Սա էլ, թերեւս, այն պատճառով, որ համերգը ունկնդրելու էին եկել իրական երաժշտասերները՝ հիմնականում կոմպոզիտորներ, երաժշտագետներ, երաժիշտներ… Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել