Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 14,2000 00:00

ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ԲՈՒՀԵՐԻ ԴՌՆԵՐԸ ՉԵՆ ՋԱՐԴՈՒՄ Բուհերն են խնդրում դիմորդներին, որ իրենց դուռը գան Պետական բուհերի համար ոչ սովորական այս իրավիճակի պատճառը հեռակա ուսուցման համակարգի վերականգնումն է, որի ընդունելության քննությունները սկսվում են նոյեմբերի 16-ից։ Բուհերի ծավալած գովազդային քարոզարշավն արդեն վկայում է, որ համակարգի վերականգնումն ամենից առաջ բուհերի համար է շահավետ, քանի որ համակարգը վճարովի է։ Մինչդեռ պետական բուհեր գրոհել սիրող դիմորդները հեռակայի հարցում բավականին պասիվ են՝ դատելով երեկ անցկացրած մեր հարցումներից։ Հեռակայի ընդունելություն անցկացնելու իրավունք ստացած բուհերի ընդունող հանձնաժողովների ներկայացրած թվերը մրցույթի ոչ մի հույս չեն ներշնչում։ Ավելին, ամենայն հավանականությամբ՝ հեռակա համակարգին տրամադրված տեղերի զգալի մասը թափուր կմնա։ Բուհերը նույնիսկ տրամադրված էին ԿԳՆ-ին խնդրել՝ երկարաձգելու դիմումների ընդունման ժամկետը, որը լրանում է նոյեմբերի 16-ին։ Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանն արդեն արժանացել է նման շնորհի։ Համալսարանի ընդունող հանձնաժողովի պատքարտուղարի տեղակալ Ռուբեն Մկրտչյանից տեղեկացանք, որ դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչեւ նոյեմբերի 21-ը՝ հաշվի առնելով բուհի խնդրանքը։ Վերջինիս կարելի է հասկանալ. հեռակա համակարգին տրամադրված է 150 տեղ, իսկ երեկ, կեսօրի տվյալներով, միայն 34 դիմում ունեին։ 150 տեղից 80-ը նպատակային է՝ դպրոցներից գործուղվածների համար, իսկ 18 տեղ բանակից զորացրվածների համար է նախատեսված։ Ընդունելություն արվելու է միայն 7 մասնագիտությունների գծով՝ կենսաբանություն, քիմիա, պատմություն, աշխարհագրություն, ֆիզիկա-մաթեմատիկա, հայոց լեզու եւ գրականություն, տարրական կրթության մանկավարժություն եւ մեթոդիկա։ Վերջինն ամենահեղինակավորն է. 34 դիմորդից 14-ը այստեղ է դիմել։ Հարցին՝ ինչ սկզբունքով են ընտրել հենց այս մասնագիտությունները, զրուցակիցս ենթադրեց՝ ելնելով պահանջարկից։ Պաշտոնյաների կարծիքով, հեռակա համակարգի վերականգնումը հնարավորություն կտա լուծել ոչ մասնագետ մանկավարժների խնդիրը։ Ընդհանրապես հեռական վերականգնվել է այն բուհերում, որոնց տված դիպլոմի կարիքն ունեն աշխատող, բայց բարձրագույն կրթություն չունեցող մասնագետները։ Այդ բուհերն են ՀՊՃՀ-ն, ՀՄՀ-ն, ԵրՃՇՊՀ-ն, ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, նաեւ՝ Վանաձորի, Գյումրիի մանկավարժական ինստիտուտներն ու ՀՊՃՀ-ի մասնաճյուղերը, Գավառի պետական համալսարանը եւ Գորիսի ՀՊՃՀ-ի կրթահամալիրը։ Թվարկված բուհերից երջանիկ բացառություն է ֆիզկուլտ ինստիտուտը, որի մրցույթն ապահովված է. 30 տեղի համար 40 դիմում արդեն կա եւ պատքարտուղարի՝ Կոլյա Բաբայանի կանխատեսմամբ՝ դիմումների քանակը դեռ կավելանա։ Մարզումներով ու մրցույթներով տարված մեր մարզիկները բարձրագույն կրթություն ստանալու համար ժամանակ չեն ունեցել, իսկ հիմա շատերը մարզիչ են աշխատում առանց բարձրագույն կրթության եւ հեռակա ուսուցումը իսկը նրանց համար է։ ՆԳՆ-ի համակարգի աշխատակիցների սրտին մոտ է ԵրՃՇՊՀ-ն, հատկապես նրա՝ ճանապարհային երթեւեկության կազմակերպում մասնագիտությունը։ Բայց դա էլ չի փրկել. 3 մասնագիտության գծով տրված 60 տեղի համար միայն 19 դիմում կար։ ՀՊՃՀ-ն եւս ուրախանալու տեղ չունի. երեք մասնագիտության համար տրված 60 տեղի դիմաց երեկվա դրությամբ միայն 22 դիմում կար՝ թեեւ ուսման վարձերը հեռակայում մոտ 25-30%-ով ցածր են։ Հրապարակման վերնագիր դարձած մտքի հեղինակային իրավունքը հենց ՀՊՃՀ-ի ընդունող հանձնաժողովի պատքարտուղարինն է։ «Չէի ասի, որ դռները ջարդում են, բայց դե գալիս են»,- դիմորդների մասին ասաց պրն Հովսեփյանը։ Զրուցակիցներիցս մեկն էլ կասկածի ենթարկեց քննությունների անցկացման նպատակահարմարությունը, եթե հատկացված տեղերը զգալիորեն գերազանցում են դիմորդների թվին։ Մինչեւ նոյեմբերի 16-ը, այսինքն՝ դիմում-հայտերի ներկայացման վերջին օրը, դժվար թե այդ հարաբերակցությունը փոխվի՝ թեեւ բուհերը լավատես էին, որ դիմորդները սպասում են վերջին օրվան։ Սակայն կողմնորոշվելն այս դեպքում ճակատագրական չէ, քանի որ մրցույթ չկա։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել