Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 14,2000 00:00

ՄՏՆՈՒՄ ԵՆ ՄԱՏԻ ՈՒ ՄԱՏԱՆՈՒ ԱՐԱՆՔԸ 1997 թվականից ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ հանրապետությունում բացվել էր ընտանիքի պլանավորման 77 կաբինետ, որոնցից մինչեւ այս տարվա հունիսը շատ քչերն էին օգտվում։ Երբ հունիսից մեր էկրաններին հայտնվեցին գովազդային հոլովակներ, որոնք խորհուրդ էին տալիս մեր կանանց այցելել կաբինետներ եւ ինֆորմացիա ստանալ, թե ինչպես պլանավորել ապագա երեխայի ծննդյան ժամկետը կամ կանխել ոչ ցանկալի հղիությունը։ Հայաստանի մտավորականներն (ու ոչ միայն նրանք) անմիջապես իրար խառնվեցին՝ եկել են ինչ-որ ամերիկացիներ ու մեզ՝ հայերիս սովորեցնում են, թե ինչպես պլանավորենք մեր ընտանիքը, խաչ են քաշում անցանկալի հղիությունը կանխելու պապենական սովորույթի՝ աբորտի վրա, մի խոսքով, մտնում են մատի եւ մատանու արանքը։ Անկախ այդ հակաբեղմնավորիչների հանդեպ մեր ունեցած վերաբերմունքից, «Առավոտը» ճիշտ գտավ զրուցել Ջոնս Հոպկինսի համալսարանի բնակչության հետ հաղորդակցման ծառայությունների հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաքլին Մաքֆերսոնի հետ։ Ըստ վերջինիս, այդ կաբինետների բացման անհրաժեշտությունը ՀՀ առողջապահության նախարարության տվյալներն էին Հայաստանում գրանցված աբորտների բարձր տոկոսի վերաբերյալ։ Դրա հետեւանքով բարձրացել էր նաեւ երկրորդական անպտղության տոկոսը։ «Առավոտը» փորձեց ճշտել, թե մինչեւ ընտանիքի պլանավորման կաբինետներ այցելելու քարոզարշավը սկսելը Հոպկինսի համալսարանի պատկան գրասենյակն ուսումնասիրե՞լ է մեր ազգային ավանդույթներն ու առանձնահատկությունները եւ պատրա՞ստ էր, որ այդ ծրագիրը սրերով է ընդունվելու։ Պարզվեց, որ արված են անհրաժեշտ ուսումնասիրությունները եւ մինչեւ հեռուստատեսությամբ գովազդային հոլովակների ցուցադրությունը, հաշվի էին առնված նաեւ հայ կանանց կարծիքները։ «Մենք ամենեւին նպատակ չենք դրել ստիպել կամ համոզել, որ խմեն հակաբեղմնավորիչ հաբեր կամ գործածեն այլ միջոցներ։ Պարզապես հնարավորություն ենք տալիս հայ կանանց ստանալ լիարժեք ինֆորմացիա եւ ըստ այդմ ինքնուրույն ընտրություն կատարել»։ Մեր հարցին, թե՝ չե՞ք գտնում, որ հենց միայն «Ընտանիքի պլանավորման կաբինետ» անվանումն արդեն իսկ հակառակ ազդեցությունն է թողնում, քանի որ շատ քիչ են այն հայերը, որոնք կարող են հանդուրժել, որ գա դրսից ինչ-որ մեկն ու քարոզի՝ ինչպես ինքը հարաբերվի կնոջ հետ. «Այժմ արդեն պարզ է, որ այդ տերմինը սխալ է ընկալվում, թեեւ ողջ աշխարհում դա ընդունված տերմին է։ Հայաստանում կաբինետները բացվելուց հետո անվանումը փոխելն արդեն իսկ խառնաշփոթ կառաջացներ»։ Նոյեմբերի վերջին քարոզարշավը ավարտվում է։ Տիկին Մաքֆերսոնն այնքանով է գոհ արդյունքներից, որ բարձրացել է կաբինետների այցելուների թիվը՝ հակառակ լուրջ հակաքարոզչության։ Հետաքրքրվեցինք, թե բացի Հայաստանից, էլ ո՞ր երկրներում են բացասական ընդունելության արժանացել։ Պարզվեց, որ այս հարցում էլ մենք միակն ենք ու անկրկնելին։ «Ինչպե՞ս, Ադրբեջանում, Վրաստանում, միջինասիական երկրներում ձեզ լա՞վ են ընդունել»։ Ըստ տիկին Մաքֆերսոնի, իրենց ծրագիրը իրականացվել է Վրաստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Թուրքիայում։ Կոնկրետ Ռուսաստանում նրանց վատ են ընդունել միայն աբորտի կողմնակիցները։ Ադրբեջանում այս ծրագիրն իրականացնում է այլ կազմակերպություն։ Եթե ծրագրի հեղինակների տվյալներով, հայ կանայք սկսել են հաճախ այցելել կաբինետներ, հետեւաբար նաեւ գործածել անվճար տրվող հակաբեղմնավորիչներ, ի՞նչ է լինելու ծրագրի ավարտից հետո, երբ նրանք ստիպված կլինեն հաբերը գնել դեղատներից։ Ճշտեցինք, որ անվճար հակաբեղմնավորիչների պաշար կա մինչեւ 2002 թվականը։ Ի դեպ, եթե դրանք եւ ինֆորմացիոն գրքույկները բժիշկները պարտավոր են անվճար տրամադրել, ապա խորհուրդները, որոնք մասնագետները տալիս են յուրաքանչյուր կնոջ առողջության առանձնահատկությունները ուսումնասիրելուց հետո, որոշվում է պոլիկլինիկաների սահմանած գնացուցակով։ Տիկին Մաքֆերսոնը հավատացրեց, որ բոլոր անվճար տրվող հակաբեղմնավորիչները երրորդ սերնդի են եւ լիարժեք անվտանգ։ Պարզապես դրանք պետք է գործածել միմիայն բժիշկների խորհրդով։ Քանի որ Հայաստանում «Ընտանիքի պլանավորման կաբինետի» գովազդը «Պարադիզ» ընկերությունն էր կազմակերպել եւ չենք կարող ժխտել, որ բացասական ընկալումը հիմնականում պայմանավորված էր գովազդների պերսոնաժներով եւ տեքստով, դիմեցինք նաեւ «Պարադիզի» տնօրեն Սամվել Մայրապետյանին, հասկանալու, թե ինչու էին գովազդներն այդքան անհաջող։ «Գովազդի էֆեկտիվության չափանիշը որոշում է պատվիրատուն՝ տվյալ դեպքում Հոպկինսի համալսարանի բնակչության հետ հաղորդակցման ծառայությունների հայաստանյան գրասենյակը։ Նրանք խնդիր էին դրել գովազդից հետո բարձրացնել կաբինետների այցելուների թիվը, իսկ իրենց հավաստմամբ, խնդիրը ոչ միայն կատարվել է, այլեւ գերակատարվել։ Վատ տրամադրությունները ոչ թե գովազդի որակի, այլ սոցիալական վիճակի դրսեւորում էին։ Կան տրամադրություններ՝ չընդունել ոչ մի նոր բան, եւ բացասական արձագանքները հավանաբար նաեւ դրա դրսեւորումն էին»։ Լ. ԱՎԱԳՅԱՆ . Հ .Գ. Ի դեպ, տիկին Մաքֆերսոնից հետաքրքրվեցինք՝ անձամբ ինքն օգտագործե՞լ է հակաբեղմնավորիչներ. «Այո եւ այժմ ունեմ երկու առողջ երեխա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել