Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձայների հաշվառումը շարունակվում է

Նոյեմբեր 14,2000 00:00
jorj bush

Իսկ հայերը փորձում են կողմնորոշվել՝ Գո՞ր, թե՞ Բուշ

Երեկ, Երեւանի ժամանակով ուշ երեկոյան, Մայամիի դատարանը պետք է քննարկեր Ջորջ «Դաբլյու» Բուշի դիմումը, որում հանրապետականների թիմը պահանջում է կանգնեցնել այդ նահանգում նախագահական ընտրությունների քվեաթերթիկների «ձեռքի» հաշվառումը: Գլխավոր փաստարկներն են. դա խորացնում է սահմանադրական ճգնաժամը, ստեղծում է խառնաշփոթ եւ, բացի այդ, հակասում է ԱՄՆ Սահմանադրությանը, քանի որ բոլոր քաղաքացիները (մասնավորապես, տարբեր նահանգներում) պետք է օգտվեն հավասար իրավունքներից, իսկ քվեաթերթիկները «ձեռքով» հաշվում են միայն Մայամիում:

Դեմոկրատների հակափաստարկն էլ այն է, որ նման հաշվառումը նախատեսված է Սահմանադրությամբ եւ Մայամիի օրենսդրությամբ, իսկ դրա քննարկումը, ընդհանրապես, ֆեդերալ դատարանների իրավասության մեջ է: Եթե հաշվառումը, այնուամենայնիվ, շարունակվի, ապա այն կտեւի եւս 3-4 օր: Մինչ Մայամիի դատավորները մեկ առ մեկ զննում են քվեաթերթիկները, փորձելով հասկանալ, թե հատկապես ինչ են դրանցով ուզեցել ասել ընտրողները, հայերը փորձում են կռահել, թե ով է մեզ համար ավելի «ձեռնտու» Բո՞ւշը, թե՞ Գորը:

Իհարկե, աշխարհում կան հայեր, որոնք գնել են այս կամ այն խոշոր ընկերության արժեթղթերը: Նրանց համար ընտրությունը միանշանակ է. եթե նրանք ներդրումներ են կատարել նավթային, ծխախոտային կամ դեղորայքային բիզնեսի մեջ, ապա այդ հայերը պետք երկրպագեն Բուշին: Իսկ եթե մեր հայրենակիցներն ունեն արժեթղթեր բարձր տեխնոլոգիաների բնագավառում, ապա, նրանք պիտի որ փափագեն, որ հաղթի Գորը: Բայց, ցավոք, հայաստանցիներիցս շատ քչերն են առնչվում այդ ամենի հետ, եւ Բուշ-Գոր հակադրությունը կարող ենք դիտել միայն երկու տեսանկյունից. ա/ օգնություն Հայաստանին եւ բ/ Հայ Դատ:

Առաջին խնդրում Գորը, կարծես թե, գերադասելի է՝ դեմոկրատները, որպես կանոն, ավելի «ալտրուիստական» են, ավելի են ուղղված դեպի արտաքին աշխարհ, քան հանրապետականները, եւ Բուշն էլ բազմիցս հայտարարել է ԱՊՀ երկրներին օգնությունը կրճատելու ծրագրերի մասին: Երկրորդ խնդրում թույլ կտամ ինձ ենթադրել, որ «հայկական բանաձեւը» 2001-ին, միեւնույն է, կընդունվի Կոնգրեսի կողմից՝ անկախ նրանից, թե ով կլինի նախագահը: Երկու խնդրում էլ զերծ մնալով մեկնաբանությունից (լավ է դա, թե վատ), ձայնի իրավունքը տրամադրենք հայաստանցիներին:

Ա. Ա.

«ԲՈՒՇԻ ՏՂԵՆ ՀԱՅԵՐԻՆ ՉԻ ՍԻՐՈՒՄ»

toto

Աշխարհից ետ չմնալու համար Ամերիկայի նախագահական ընտրությունները թարգմանաբար լուսաբանվում են հեռուստատեսությամբ, քաղաքական գործիչները ծիծաղելի լրջությամբ քննարկում են այդ թեման։ Ո՞ւմ թեկնածությանն է, ամեն դեպքում, կողմ հասարակ ժողովուրդը։ Ճշտելու համար դա, դիմեցինք պատահական անցորդների. «Ո՞ւմ կուզեիք տեսնել ԱՄՆ նոր նախագահի պաշտոնում՝ Բուշի՞ն, թե՞ Գորին» հարցով։

Ֆելիքս Առուստամյան, Լուսանկարիչ-թղթակից.- Որքան գիտեմ, երկուսից եւ ոչ մեկը Ցեղասպանության մասին լավ արտահայտություններ չի արել, այնպես որ՝ ով էլ նախագահ լինի, ինձ համար մեկ է։

Անահիտ Չիլոյան, գործազուրկ.- Ո՞ւմ ասեմ, ոչ նրան եմ ճանաչում, ոչ՝ նրան, ով ուզում ա, անցնի։ Ինձ ինչ։ Մենակ կուզենամ՝ մեր նախագահը փոխվի։

Արմեն Անտոնյան, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ.- Ինձ համար միեւնույն է, ով ուզում է լինի։ Թող էն մարդը լինի, որ մի ինչ-որ օգտակար գործ անի հայերի համար։ Բայց թե ինչ պիտի կոնկրետ անեն՝ չգիտեմ, ինձ պարզ չի։ Անսովոր է, որ էսքան դրանց ընտրությունը ձգձգվում է։ Մի բան էն չի։

Վարսիկ Գալոյան, «Հա՜-ա՞, աշխատանքից հանեցին, ասին՝ գնա տունը նստի, պառավ կնիկ ես».- Բուշի տղեն հայերին չի սիրում, հասկացա՞ր։ Ցեղասպանությունը հաստատեցին, նա էլ սկսել ա ավել-պակաս խոսալ, ազիզ ջան։ Բուշն իրավունք չունի անցնելու, բայց Գորին հըլա որ ես ծանոթ չեմ։ Հասկացեք։

Չոբանյան Սերյոժա, փչացած սանտեխնիկա նորոգող վարպետ.- Ես, իմացա՜ր, էդ հարցերով էսքան ժամանակ չեմ զբաղվել։ Ոչ էլ միտինգի եմ մասնակցել։ Ամերիկայո՞ւմ… Ախր, չեմ հասկանում, ի՞նչ է եղել։ Պրեզիդենտ են ընտրո՜ւո՜ւմ։ Հա՜, տենց ասա։ Թող մեր Հայաստանի համար որը լավ կըլնի, նա դառնա։

Կարծիքները հավաքեց

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930